23:21  ,  12 հուլիսի, 2017

Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտը» Բելառուսում անակնկալի բերեց ԲԱՏԷ-ին

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» 1:1 հաշվով ավարտեց Բորիսովի ԲԱՏԷ-ի հետ արտագնա խաղը:

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն ընտրել էր պաշտպանողական մարտավարություն, եւ 5-4-1 տակտիկական սխեման արդյունավետ եղավ:

«Բորիսով Արենա» ստադիոնում կայացած հանդիպման առաջին խաղակեսում Բելառուսի չեմպիոնն ուներ նկատելի առավելություն եւ մի քանի իրական գոլային պահ կորցնելուց հետո վերջնամասում բացեց հաշիվը: 43-րդ րոպեին գլխի հարվածով աչքի ընկավ բելառուս կիսապաշտպան Ալեքսեյ Ռիոսը:

Ընդմիջումից հետո հայկական ակումբը համեմատաբար ավելի հաջող էր գործում եւ ունեցավ 1-2 գոլային պահեր: Դրվագներից մեկում Արտակ Եդիգարյանի հարվածից հետո գնդակը դիպավ դաշտի տերերի դարպասաձողին: 78-րդ րոպեին «Ալաշկերտը» հավասարեցրեց հաշիվը մրցակցի ինքնագոլի օգնությամբ: Արտակ Դաշյանի՝ աջ եզրից կատարած փոխանցումից հետո ԲԱՏԷ-ի դարպասապահն անհաջող հետ մղեց գնդակը, որը դիպավ առաջին խաղակեսում գոլ խփած Ալեքսեյ Ռիոսին եւ հայտնվեց դարպասում՝ 1:1: Վերջնամասում բելառուսական ակումբը մեծ ճնշում էր գործադրում հյուրերի դարպասին, սակայն Հայաստանի չեմպիոնին հաջողվեց հանդիպումն ավարտել ոչ ոքի:

«Ալաշկերտի» եւ ԲԱՏԷ-ի միջեւ պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց Երեւանի «Հանրապետական» ստադիոնում:

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպում

ԲԱՏԷ (Բելառուս) – «Ալաշկերտ» (Հայաստան)՝ 1:1

Ալեքսեյ Ռիոս, 43 - Ալեքսեյ Ռիոս, 78 (ինքնագոլ)

«Ալաշկերտ». Արսեն Բեգլարյան, Դմիտրի Խովբոշա, Անդրանիկ Ոսկանյան, Դանիել Ստոյկովիչ, Միլիան Յաբլան, Գագիկ Դաղբաշյան, Արթուր Եդիգարյան (Մլադեն Զելկովիչ, 86), Խորեն Վերանյան, Արտակ Եդիգարյան (Զավեն Բադոյան, 73), Արտակ Դաշյան, Միհրան Մանասյան (Ուրոշ Նենադովիչ, 90+1):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում