09:04  ,  27 հունիսի, 2017

ԵԱ. Հայաստանի երիտասարդ ըմբիշները՝ Դորտմունդի մրցագորգում

Սպորտում ինչպես մեծահասակներին, այնպես էլ երիտասարդներին սպորտային հոգեբաններ են պետք, որպեսզի մարզիկը մրցավայրում գույնը չգցի եւ ճիշտ սպորտային հոգեբանությամբ մտնի պայքարի մեջ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը:

Գերմանիայի Դորտմունդ քաղաքում հունիսի 27-ից հուլիսի 2-ը կանցկացվի ըմբշամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը:  Հայաստանի թիմերը մասնակցում են ամբողջական կազմերով:

Թիմի մարզիչ Արմեն Բաբալարյանի խոսքով, թիմը նոր կազմով է եւ արդյունքների մասին նախապես չարժի խոսել:

«Հունահռոմեականների կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 50 կգ քաշային  Աշոտ Մխիթարյան, 55 կգ` Նորայր Ախոյանը, 60 կգ` Հրաչյա Պողոսյանը, 66 կգ` Զավեն Միքայելյանը, 74 կգ` Մալխաս Ամոյանը, 84` Արսեն Սարգսյանը, 96 Արթուր ը եւ 120 կգ՝ Դավիթ Հովասափյան:

Մրցումներից առաջ կանխագուշակումներ չեմ սիրում անել: Կանենք ամեն ինչ, որ մեդալ նվաճենք: Թիմը նոր ձեւավորված է, նորեկներ ունենք պատանեկան հավաքականից:

Պատանիների ըմբշամարտում կանոններն այլ են, գոտեմարտերի ժամանակը 2 րոպե է` 2-ական մրցափուլերով, երիտասարդներում արդեն 3 րոպե է: Պատանիների ըմբշամարտն ավելի նուրբ է, երիտասարդների պայքարն ավելի կոպտանում է: Այս ամենը հաշվի առնելով՝ գիտակցում ենք, որ հաղթողներ կլինեն նրանք, ովքեր այս  ամբողջ ադապտացիոն շրջանը կարողացել են ճիշտ անցնել: Ինչպես ըմբշամարտում ընդունված է ասել` գորգը ցույց կտա:

Ունեցել ենք լավ նախապատրաստական փուլ. երիտասարդները հնարավորություն  ունեցան «Օլիմպավանում»  մեծահասակների հետ համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնել: Եւս մեկ հավաք ունեցանք կրկին «Օլիմպավանում», բայց այս անգամ առանց մեծերի եւ պատանիների: Հավաքների ընթացքում աշխատեցինք վերջին երկու միջազգային մրցաշարերում տղաների թույլ տված սխալների վրա, փորձեցինք հնարավորինս շտկել: Թե ինչ արդյունք կունենանք, ցույց կտա Եվրոպայի առաջնությունը: Ով, որքան ընկալել է ըմբշամարտի էությունը, ով հաջողությամբ հաղթահարել է պատանիներից երիտասարդներ  անցումը, նրանից էլ ակնկալիքներ կունենանք:

Ըմբշամարտում կարեւորը գորգը զգալն է եւ այդ հոգով գորգ դուրս գալը: Կարող է` մարզիկը շատ լավ պատրաստված լինի, բայց հոգեպես պատրաստ չլինի պայքարելու: Այդպիսի օրինակներ շատ ենք ունեցել. այնպիսի մարզիկներ ենք ունեցել, որ մարզումների ընթացքում հրաշքներ են գործել, լիարժեք պատրաստ եղել, բայց գնացել ենք մրցավայր, դուրս է եկել գորգ եւ ձախողվել»,- ասաց Արմեն Բաբալարյանը:

Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի փոխանցմամբ, ազատ ոճայիններից ակնկալիքներ կան:

«Բոլոր քաշային կարգերում էլ ունենք ներկայացուցիչներ. 50 կգ քաշային կարգում հանդես կգա Կարեն Զուրաբյանը, 55 կգ՝ Արսեն Հարությունյանը, 60 կգ՝ Վարդգես Կարապետյանը, 66 կգ՝ Գեւորգ Մխեյանը, 74 կգ՝ Արման Ավագյանը, 84 կգ՝ Հովհաննես Մխիթարյանը, 96 կգ՝ Սարգիս  Հովսեփյանը եւ 120կգ՝ Հովհաննես Մաղաքյանը: Եվրոպայի առաջնությունում մասնակցում են մեր բոլոր առաջին համարները: Թե ինչ արդյունքներ կունենանք, նախապես չեմ կարող ասել:  Ակնկալիքներ ունենք»,- նշեց Ավետիք Վարդանյանը:

Եվրոպայի առաջնությունում առաջինը պայքարի մեջ կմտնեն ազատ ոճայինները: Հուլիսի 1-ից 2-ը Դորտմունդի գորգում կմրցեն հունահռոմեականները:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով