13:30  ,  25 հունիսի, 2017

Դավիթ Թորոսյան. Այս ոսկե մեդալը ոչ միայն Հովհաննես Բաչկովի, այլեւ մեր ամբողջ թիմի աշխատանքի արդյունքն է

Երբ պարգեւատրման արարողության ընթացքում հնչեց Հայաստանի հիմնը եւ ամենավերեւում բարձրացավ հայկական եռագույնը, աննկարագրելի զգացողություններ ապրեցի: Դա անասելի երջանիկ պահ էր: Ինչպես մարզիկի, այնպես էլ յուրաքանչյուր մարզիչի համար սա մեծ հաղթանակ եւ իսկապես երջանկություն է:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Խարկովից այսպես նկարագրեց իր ապրումները բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը, որի գլխավորած թիմի կազմում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը նախօրեին նվաճել էր Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը: Եզրափակիչում հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր անգլիացի Լյուկ Մաքորմակին:

7 տարի Հայաստանը չէր ունեցել բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն՝ Հրաչիկ Ջավախյանի հաղթանակից հետո։

Պարոն Թորոսյան, Ձեր՝ արծաթե մեդալի գույնը փոխելու ցանկությունն իրականություն դարձավ, ինչի առթիվ շնորհավորում եմ: Ինչպե՞ս կմեկնաբանեք Հովհաննես Բաչկովի հաղթական մենամարտը:

Սա շատ ուրախալի եւ պատմական իրադարձություն է հայկական բռնցքամարտի համար: Երկար ժամանակ մենք ոսկե մեդալ չէինք ունեցել: Միշտ մոտ ենք եղել, բայց ինչ-որ բան չի ստացվել, չի հաջողվել, մինչեւ վերջ չենք պայքարել:

Հովհաննես Բաչկովը հրաշալի մենամարտ անցկացրեց եզրափակիչում: Շատ բարդ մրցակից էր անգլիացի բռնցքամարտիկը, շատ ուժեղ էր եւ հավասար մենամարտ էր գնում: Ռինգում երկուսն էլ շատ ուժեղ էին, բայց մրցավարներն առավելությունը տվեցին Բաչկովին: Ամբողջ Եվրոպայի առաջնության ընթացքում սա, երեւի, ամենաբարդ ու ամենաուժեղ մենամարտն էր: Շատ ուրախ եմ, որ Հովհաննես Բաչկովը պայքարեց մինչեւ վերջ եւ ցույց տվեց, որ Հայաստանը նույնպես ունի լավ բռնցքամարտ:

Անգլիացին ուժեղ բռնցքամարտիկ էր: Չեմ վախենա ասել, որ նա ու Բաչկովն ամենահզորն էին այս առաջնությունում: Շատ երեւացող բռնցքամարտիկներ էին: Կարեւորն այն է, որ մենք ապացուցեցինք, որ հայերը թույլ չեն:

Մեր նախորդ զրույցում նշել էիք, որ ցանկանում եք վերջապես Հայաստանի դրոշը տեսնել ամենավերեւում: Ի՞նչ զգացողություններ ունեցաք:

Երբ պարգեւատրման արարողության ընթացքում Հայաստանի դրոշը մեր հիմնի հնչյունների ներքո բարձրացավ ամենավերեւում, աննկարագրելի, արտակարգ զգացողություններ ապրեցի: Դա անասելի երջանիկ պահ էր: Ինչպես մարզիկի, այնպես էլ յուրաքանչյուր մարզիչի համար սա մեծ հաղթանակ է եւ իսկապես երջանկություն:

Շատ շնորհակալ եմ Ուրկաինայի հայ համայնքին, մենք այստեղ հրաշալի էինք զգում, իսկապես՝ ինչպես տանը: Խարկովի հայերն իրենց ներկայությամբ մեզ բոլորիս շատ ոգեւորում եւ երկրպագում էին: Չնայած այստեղ մեզ հակառակ մարդիկ էլ կային, բայց մենք մեզ զգում էինք ինչպես մեր երկրում ու շատ պաշտպանված հայ համայնքի ներկայացուցիչների շնորհիվ: Այստեղի հայությունն աներեւակայելի մարդկություն եւ ջերմություն ցուցաբերեց:

Այս հաղթանակը մեծ ներշնչանք կլինի մեր բռնցքամարտիկների եւ ամբողջ թիմի համար, որպեսզի հետագայում կրկապատկեն այսպիսի հաղթանակներն ու վերստին ապրել հպարտության այս պահերը:

Ես համոզված եմ, որ եթե բոլոր մենամարտերն արդար մրցավարությամբ դատեին, մենք միայն այս մի մեդալը չէինք ունենա: Որպես մարզիչ՝ մեր բռնցքամարտիկների աշխատանքն այս Եվրոպայի առաջնությունում բարձր եմ գնահատում եւ գոհ եմ, քանի որ բոլոորն էլ իրենց հնարավորությունները ճիշտ օգտագործեցին եւ ռինգում առավելագույնը տվեցին:

Պարոն Թորոսյան, ի՞նչն է եղել 7 տարվա ընդմիջման պատճառը: Ինչո՞ւ այդ տարիների ընթացքում բռնցքամարտիկներից որեւէ մեկին չհաջողվեց չեմպիոնի կոչում նվաճել. ձգտում չի եղե՞լ, թե՞ մարզչական աշխատանքն է թերացել:

Այնպես չի, որ չենք փորձել, ձգտում չի եղել: Բռնցքամարտն օր օրի փոխվում է, կանոններ են փոխվում, շատ արագ զարգանում է, ուժեղանում: Սկզբում առանց պաշտպանիչ գլխարկների էր, հետո փոխեցին եւ սիրողական բռնցքամարտիկները ռինգում պետք է մենամարտեին գլխարկներով: Որոշ ժամանակ անց կրկին հանեցին գլխարկները, մոտեցումները փոխվեցին: Եվ ամեն անգամ պետք է հիմքից աշխատանք սկսեինք եւ վերագտնեինք մեզ այդ նոր ձեւերում:

Այժմ ամեն ինչ ընկել է իր տեղը, փոխվեց մեր աշխատանքի մոդելը, մեր բռնցքամարտիկները արդեն սկսեցին հասկանալ, որ ռինգը երեխայական կռիվ չէ, սա ուժային մարզաձեւ է, պետք է ուժեղ լինես, հաղթես մրցակցիդ, եւ արդյունքը կլինի, եթե բռնցքամարտը որպես ուժային մարզաձեւ գնահատես: Այդպես էլ եղավ: Մենք սկսել ենք նոր մոտեցմամբ ճիշտ աշխատանք տանել: Թիմում յուրաքանչյուրն անում է իր գործը, մարզիչները ճիշտ ճանապարհի վրա են բոլոր, քանի որ սկսել են հասկանալ բռնցքամարտի էությունը: Թիմի հետ բժիշկ է աշխատում, վերջին հավաքից մեզ հետ նաեւ հոգեբաններ են աշխատում: Հոգեբանի հետ աշխատանքի արդյունքնը զգացվեց Եվրոպայի առաջնության ռինգում: Եվ այս ամենը գումարվում է բռնցքամարտիկների աշխատանքին: Հայ մարզիկների մեծ կամքն ու ցանկությունն աստիճանաբար վերաճեց հաղթանակի:

Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը ոչ միայն Հովհաննես Բաչկովի, այլեւ մեր ամբողջ թիմի աշխատանքի արդյունքն էր: Ես միշտ հավատացել եմ, որ մենք ունենք բռնցքամարտի բոլոր հնարավորություններն ու տաղանդը եւ մի օր գալու էր այս պահը, որ մենք վստահ հաղթանակ տանենք ռինգում: Ցավոք, շատ երկար սպասեցինք այդ պահին:

Կարծում եմ, վերջապես տղաների մոտ վերադարձավ ռինգում հաղթող լինելու ձգտումը եւ հավատը, որ իրենք ուժեղ են, կարող են հաղթել եւ պետք է հաղթեն: Իսկ մեր տղաներն իսկապես ուժեղ են:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Հայաստան կժամանի հունիսի 25-ին՝ ժամը 23։50-ին՝ Կիեւ-Երեւան չվերթով

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում