09:14  +04,  24 հունիսի, 2017

Դավիթ Թորոսյանը՝ Խարկովից. Տիտղոսի համար սպասվում է թեժ պայքար, Բաչկովը մարտական է տրամադրված

Բաչկովն արտակարգ մենամարտ անցկացրեց կիսաեզրափակիչում, ամեն ինչ անելու ենք, որ արծաթով չբավարարվի, տիտղոսի համար սպասվում է թեժ պայքար, Բաչկովը մարտական է տրամադրված

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Խարկովից ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը՝ մեկնաբանելով Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս եկած Հովհաննես Բաչկովի մրցելույթը:

Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը Ուկրաինայում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի համար ապահովեց նաեւ առնվազն արծաթե մեդալ, դուրս գալով եզրափակիչ: 64 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հովհաննես Բաչկովը մրցեց լեհ Մաթիուշ Թոմաս Պոլսկու հետ եւ առավելության հասավ միավորներով՝ 5:0:

«Արդեն Եվրոպայի առաջնության արծաթե մեդալն ունենք: Եվ ամեն ինչ անելու ենք, որ մեդալի գույնը փոխենք: Կիսաեզրափակիչում Հովհաննես Բաչկովն արտակարգ մենամարտ անցկացրեց, իրեն շատ վստահ պահեց Խարկովի ռինգում: Ուղղակի ջարդուփշուր արեց լեհ բռնցքամարտիկին, ոչ մի հնարավորություն չտվեց ոչ լեհին եւ ոչ էլ մրցավարներին: 5:0 հաշվով ավարտվեց մենամարտը, մրցավարները միաձայն տվեցին Բաչկովին հաղթանակը, քանի որ ուրիշ ոչ մի տարբերակ չունեին կողմնապահություն անելու:

Լեհ բռնցքամարտիկը բավական ուժեղ էր: Նախորդ մենամարտում հանդիպել էր Ադրբեջանը ներկայացնող, կուբացի օլիմպիական բրոնզե մեդալակրին եւ մի քանի նոկդաուններով հաղթել էր: Այսինքն՝ լեհ բռնցքամարտիկը հաղթել էր օլիմպիական մեդալակրին, բայց ռինգում Հովհաննես Բաչկովի հանդեպ առավելության չկարողացավ հասնել: Բաչկովը շատ պատրաստված էր մենամարտին եւ տրամադրված բարձրացել էր ռինգ, որտեղ ցույց տվեց, թե ինչի է ընդունակ:

Մրցավարներն իսկապես ոչինչ չկարողացան անել, ինչպես վարվեցին մեր մյուս բնռցքամարտիկների հետ: Սա այն մարտը չէր, որ կարողանային ինչ-որ բան անել, անհնար էր այս մենամարտը գողանալ:

Ոսկե մեդալի համար պայքարում Բաչկովի մրցակիցը շատ ուժեղ բռնցքամարտիկ է լինելու. Անգլիան ներկայացնող Լյուկ Մաքորմակը: Սպասվում է թեժ պայքար ռինգում: Հովհաննես Բաչկովի տրամադրությունը շատ լավ է, մարտական է տրամադրված եւ ինչպես ինքը, այնպես էլ մենք մեծ հույս ունենք, որ պետք է հաղթի: Ռինգը ցույց կտա:

Հույս ունեմ նաեւ, որ մրցավարները չեն միջամտի եւ արդար պայքար կգնա ռինգում: Այստեղի մրցավարներից ոչինչ չեմ հասկանում, տարօրինակ մարդիկ են. Չես հասկանում ՝ մարդ են, թե մարդանման էակներ…

Այնպիսի բաներ են անում, ուղղակի զարմացած եմ: Մեծ ակնկալիքներով սպասենք վաղվա մենամարտին եւ հուսանք, որ վերջապես բռնցքամարտի Եվրոպայի ոսկե մեդալը կգա Հայաստան: Ես շատ եմ ուզում, որ Հայաստանի դրոշը Եվրոպայի առաջնությունում բարձրանա ամենավերեւում՝ առաջինը»,- ասաց Դավիթ Թորոսյանը:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտը Հովհաննես Բաչկովի մասնակցությամբ տեղի կունենա հունիսի 24-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:00-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով