00:33  ,  24 հունիսի, 2017

Սոնա Պողոսյանը՝ Տոկիոյից. Նորից եմ ցանկանում վերադառնալ այստեղ, արդեն 2020-ին՝ Օլիմպիական խաղերին

Երիտասարդների աշխարհի առաջնությունից հետո նորից եմ ցանկանում վերադառնալ Տոկիո, արդեն 2020-ին՝ Օլիմպիական խաղերին, արդեն մեդալի համար պայքարելու նպատակով:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Տոկիոյից ասաց երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալը նվաճած Ռիո-2016-ի օլիմպիական Սոնա Պողոսյանը:

Ճապոնիայի մայրաքաղաքում ավարտված ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում կանանց 75 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Պողոսյանը երկամարտում հավաքել է 223 կգ: Հրում վարժությունում նրա ցույց տված 125 կգ արդյունքն ապահովել է նաեւ փոքր արծաթե մեդալ:

Սոնա, դարձար երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Ինչպե՞ս կմեկնաբանես մասնակցությունդ Տոկիոյի մրցահարթակում:

Ամեն ինչ շատ լավ էր: Գոհ եմ իմ արդյունքից ու շատ ուրախ եմ, որ կարողացա մեդալ նվաճել երիտասարդների աշխարհի առաջնությունում:

Բավարարվեցիր բրոնզե մեդալով: Այդքանի՞ էիր պատրաստ:

Այս մրցմանն այդքանի էի պատրաստ: Երկամարտի արդյունքում բարձրացեցի 223 կգ: Ինձ բավարարում է այս արդյունքը: Մարզիկի համար իր վաստակած յուրաքանաչյուր մեդալ պետք է գոհացնող լինի, անկախ ամեն ինչից:

Սոնա, դու արդեն մեծահասակների հետ պայքարելու մեծ փորձ ունես, Ռիո-2016-ի օլիմպիական ես: Օլիմպիական մրցահարթակից եւ մեծահասակների հետ պայքարի մեջ մտնելուց հետո ինչպես քեզ զգում երիտասարդների հետ պայքարելիս:

Երկու դեպքում էլ պայքարը նույնն է, բոլորս էլ պայքարում ենք մեդալի համար ու ծանրաձողի հետ: Մեծերի հետ անհանգստություն կա, իսկ քո տարիքայինների հետ ավելի վստահ ու հանգիստ ես զգում մրցահարթակ դուրս գալիս:

Որո՞նք են հաջորդ քայլերդ: Այժմ դու Տոկիոյում ես. Կարո՞ղ ենք ենթադրել, որ այս տեմպերով նպատակ ունես կրկին վերադառնալ Տոկիո, արդեն 2020-ին:

Հայաստան վերադառնալոուն պես կսկսեմ նախապատրաստվել երիտասարդների Եվրոպայի առաջնությանը:

Տոկիո վերադառնալու նպատակներ ունեմ: Ուզում եմ եւս մեկ անգամ մասնակցել Օլիմպիական խաղերին, բայց այս անգամ արդեն պայքարելու եմ մեդալի համար:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով