09:10  ,  22 հունիսի, 2017

Դավիթ Թորոսյանը՝ Խարկովից. Եվրոպայի առաջնությունն ընթանում է խայտառակ կողմնապահությամբ

Եվրոպայի առաջնությունն ընթանում է խայտառակ կողմնապահությամբ: Մրցավարները միավորները շնորհում են այն բռնցքամարտիկներին, ում ուզում են: Մտածում են՝ ում հաղթանակը տան, որ նրանից ինչ ստանան…

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ուկրաինայի Խարկով քաղաքից ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը, ում գլխավորությամբ Հայաստանի 8 բռնցքամարտիկներ այս օրերին մասնակցում են Եվրոպայի առաջնությանը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմում հանդես էին գալիս 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 60 կգ քաշային Կարենսդֆվոեռ Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Բացի 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովից, Հայաստանի մյուս բոլոր ներկայացուցիչները դուրս են մնացել պայքարից:

Հովհաննես Բաչկովն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ Հայաստանի համար եւ հունիսի 23-ին կմենամարտի լեհ Մաթիոս Թոմաս Պոլսկու հետ: Նա նաեւ նվաճել է աշխարհի առաջնության ուղեգիր: Եվս մեկ ուղեգիր Հայաստանի համար ապահովել է Կարեն Տոնականյանը:

Պարոն Թորոսյան մեծ կազմով էիք մեկնել Եվրոպայի առաջնության, սակայն պայքարի մեջ մնացել է միայն Հովհաննես Բաչկովը: Ինչպե՞ս կգնահատեք մյուս բռնցքամարտիկների մրցելույթները Խարկովում:

Իմ տղաներից գոհ եմ: Բավարար էր: Արեցին այն, ինչ իրենց հնարավորությունների սահմանում էր: Խոսքս, իհարկե, ոչ բոլորին է վերաբերվում: Փոքր-ինչ վերապահումներ եղան:

Շատ դժգոհ եմ մրցավարությունից: Կողմնապահությունը սարսափելի աստիճանի է հասել: Օրինակ՝ Նարեկ Մանասյանը գործող օլիմպիական չեմպիոնի հետ մենամարտում բառիս բուն իմաստով երեք ռաունդներում էլ ջախջախեց, բայց միավորները տվեցին օլիմպիական չեմպիոնին: Ամբողջ դահլիճը կանգնած սուլում էր, օտար մարդիկ դժգոհում էին, թե ինչու եւ ինչպես կարող են հաղթանակը տալ մրցակցին, եթե ռինգում առավելությունը հայ բռնցաքամարտիկինն էր: Արդյունքում պայքարից դուրս մնաց Կարեն Տոնականյանը, ով եւս մեդալ կնվաճեր, եթե արդար մրցավարություն լիներ:

Նա հրաշալի մեկնարկեց, ապա լավ ջարդ տվեց թուրք բռնցքամարտիկին, որը պակաս ուժեղ մարտիկ չէր: Արդեն օլիմպիական չեմպիոնի հետ մենամարտում թույլ չտվեցին, որ Նարեկը հաղթի: Մեր բռնցքամարտիկն ուղղակի քրքրեց օլիմպիական չեմպիոնին ռինգում: Երեւի ուղղակի չցանկացան, որ գործող օլիմպիական չեմպիոնը պարտվի: Բայց դա պարտություն էր:

Հայաստանի առաջատար բռնցքամարտիկներից 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը պարտվեց 1/8 եզրափակչում: Ի՞նչը չստացվեց նրա մոտ:

Նարեկ Աբգարյանի պարտությունը պայմանավորված էր պրոֆեսիոնալ ռինգից հետո նորից սիրողականում հանդես գալու հետ: Նա պրոֆեսիոնալ մարզիկ է, ուժեղ բռնցքամարտիկ է եւ արդեն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է: 8 ռաունդից հետո 3 ռաունդների հետ ռինգում չհարմարվեց: Երեւի նրա մտքում 8 ռաունդների տպավորությունն էր: Բազմիցս հարցրել էի՝ կկարողանաս վերափոխել քեզ սիրողական ռինգում, բայց փաստորեն չստացվեց:  Նա կարող էր մեդալ նվաճել, միայն թե չհարմարվեց:

Մյուս մասնակիցների մասին ի՞նչ կասեք: Հապատասխան մարզավիճակ չհավաքելն էր պայքարից դուրս մնալու պատճա՞ռը: Ո՞ւմից եք դժգոհ:

Շատ դժգոհ եմ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանից: Նա պայքարից դուրս մնալու իրավունք չուներ, 1/8 եզրափակիչում պարտվելու իրավունք չուներ, քանի որ հանդիպել էր կարգով իրենից ցածր եւ թույլ բռնցքամարտիկի: Դժգոհ եմ, որ չկարողացավ կենտրոնանալ եւ պրիմիտիվ պարտություն կրեց: Նա պետք է հաղթեր:

Մյուսները նույնպես ինձ չգոհացրեցին, բայց նաեւ չեմ շրջանցում կողմնապահությունը: Օրինակ՝ Վլադիմիր Մարգարյանը պարտվեց ռուս բնռցքամարտիկի: Հասկանալի է, որ ռուսները համարվում են ուժեղ թիմերից մեկը, բայց կողմնապահություն եղավ նաեւ Վլադիմիր Մարգարյանի մենամարտում: Այսօր շատ տարօրինակ ու անբացատրելի բաներ են տեղի ունենում բռնցքամարտում: Կողմնապահությունը շատ շատ է: Ես չեմ սիրում այդ մասին շատ խոսել, մեղքը գցել մրցավարության վրա, բայց այստեղ ես արդեն առնչվում եմ այդ երեւույթի հետ եւ արդեն տհաճ է, ցավալի է: Մրցավարների կողմնակալ վերաբերմունքի շարժառիթն, ըստ իս, այն է, որ միավորները փորձում են տալ այն բռնցքամարտիկն, որից կկարողանան ինչ-որ բան ստանալ: Եվ միայն մեր՝ հայերիս հանդեպ այդպես չեն: Բոլորի հանդեպ են կողմնապահ մրցավարները: Իսկ բողոքարկելու հնարավորություն այլեւս չունենք: ԱԻԲԱ-ն օրենք է սահմանել, որ մրցավարների որոշումը քննարկման ենթակա չէ եւ պարտավորվում ենք ընդունել այն հաշիվը, որը միաձայն տալիս են մրցավարները:

Հայաստանը մշտապես խնդիր է ունեցել գերծանր քաշայինների պայքարում: Գուրգեն Հովհաննիսյանն ինչպե՞ս դրսեւորեց իրեն Խարկովի ռինգում:

Շատ գոհ եմ Գուրգեն Հովհաննիսյանից: Հիասքանչ աշխատեց ռինգում: Բառիս բուն իմաստով տարավ ռումինացու հետ մենամարտը, ուղղակի մի հատ նոկդաուն տվեցին եւ մրցավարների մեծամասնության կարծիքով հաղթող ճանաչվեց հակառակ կողմը: Բայց Գուրգեն Հովհաննիսյանն ինձ շատ ուրախացրեց, քանի որ գերծանր քաշում Հայաստանի ներկայացուցիչը տպավորիչ մենամարտ անցկացրեց:

Հովհաննես Բաչկովն արդեն ապահովել է բրոնզե մեդալը: Ի՞նչ սպասելիք կա հունիսի 23-ին կայանալիք մենամարտից:

Շատ ենք ուզում, որ հաղթի: Կարող է, հնարավորություն ունի: Գնում ենք դրան: Թե ինչպես կդասավորվի, չենք կարող կանխատեսել: Ես ուզում եմ, որ վերջապես Եվրոպայի չեմպիոն ունենանք, ոսկե մեդալ նվաճի Հայաստանը: Ցավալի կլինի, եթե կողմնակալ մրցավարությունը մեզ խանգարի հասնել այդ մեդալին: Հուսանք, ամեն ինչ լավ ավարտ կունենա:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով