22:21  ,  20 հունիսի, 2017

Հակոբ Սերոբյան. Մեր մարզադպրոցում պայմաններն արդեն անհանգստացնող են, կյանքին վտանգ սպառնացող

Ես միշտ չեմ լինելու: Շուտով թոշակի գնալուս ժամանակը կգա: Բայց փաստ է, որ մարմնամարզիկներին դահլիճ է պետք: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն այսպես արձագանքեց մարմնամարզիկների դահլիճի վերանորոգման մասին հարցին:

Այս ամիս Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում տեղի էր ունեցել օլիմպիական չեմպիոնի անվան գավաթի 11-րդ միջազգային խաղարկությունը, որին Հայաստանից բացի մասնակցել է միայն Ուզբեկստանը: Բաց առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել մի քանի երկրներ եւս, այդ թվում Վրաստանը, Իրանը, սակայն մարմնամարզության Հայաստանի ֆեդերացիան ֆինանսապես հնարավորություն եւ դահլիճային պայմաններ չի ունեցել շատ քանակի մասնակիցներ ընդունել: Թեւ 2017 թվականին ֆեդերացիայի բյուջեն ավելացել է, սակայն մարմնամարզիկների համար դեռեւս շարունակում է խնդիր մնալ մարզադահլիճի անմխիթար վիճակը, անհարթ հատակը, մաշված մարզագույքն ու դահլիճի կիսաքանդ պատերը:

Պարոն Սերոբյան, անցկացվեց Ալբերտ Ազարյանի անվան գավաթի հերթական խաղարկությունը: Ինչո՞ւ միայն Ուզբեկստանի թիմով բավարարվեցիք:

Մասնակցության հայտ ներկայացրել էին շատ երկրներ, բայց որոշեցինք այս անգամ հյուրընկալել Ուզբեկստանի թիմին: Նրանք առաջին անգամ էին մասնակցում այս խաղարկությանը: Շատ լավ մարմնամարզիկներ էին, բարձրակարգ: Այս գավաթին մշտապես մասնակցել է Վրաստանը, Իրանը, Սիրիան, բայց ուզբեկ մարմնամարզիկները մակարդակով ավելի բարձր էին այս երկրների ներկայացուցիչներից: Շատ ցանկացողներ կային մասնակցելու: Ավելի լուրջ երկրներ էին հայտավորվել, այդ թվում եւ Ռուսաստանը: Քանի որ մեր պայմաններն այն չեն, բացի այդ ֆինանսական առումով չէինք բավականացնում, միայն Ուզբեկստանի թիմին ընդունեցինք:

Ի՞նչ ֆինանսական խնդրի եւ պայմանների մասին է խոսքը:

Բոլոր նման գավաթների եւ մրցումների մասնակցության ֆինանսական հարցերը հոգում է կազմակերպիչ երկիրը: Բացի դրանից, դրսի նման մրցումները, գավաթի խաղարկությունները սովորաբար անցկացվում են մրցանակային հիմնադրամով: Օրինակ՝ Ռուսաստանում խաղարկության թե հաղթողները, թե մարզիչները գումար են ստանում: Իսկ դա արդեն խթան է մարզիկների համար: Մենք անցկացնում ենք առանց մրցանակային հիմնադրամի: Եթե թվով շատ երկրներ ընդունենք, պետք է մրցանակային հիմնադրամ ունենանք, որպեսզի հենց այնպես չբերենք այստեղ զուտ մասնակցության: Դրա համար մեզ պետք է հովանավոր, ինչը չունենք: Դրանից բացի, մենք պարտավորվում ենք ապահովել նաեւ նրանց ապրելու վայրը: Էժան հյուրանոցային համարներ են պետք, իսկ այսօր ո՞վ մեզ հարմար գնով հյուրանոց կտրամադրի: Օրինակ՝ կարող ենք օլիմպիական չեմպիոնների հրավիրել, բայց չենք կարող ասել՝ արի Հայաստան, գնա որտեղ ուզում ես ապրիր: Պետք է ամեն ինչ պատվով անենք. Վերջիվերջո մեր երկիրը, մեր թիմին լավ են ճանաչում, հարգում են:

Ի՞նչ մրցումների են նախապատրաստվում մարմնամարզիկները:

Պատրաստվում ենք համաշխարհային ուսանողական խաղերին՝ Ունիվերսիադա-2017, որին մասնակցելու ենք 3 մարզիկով՝ Արթուր Դավթյան, Արթուր Թովմասյան եւ Արմեն Պետրոսյան: Սեպտեմբերի 14-19-ը Փարիզում կմասնակցենք աշխարհի գավաթի խաղարկության՝ «Challenge cup»-ին: Իսկ սեպտեմբերի 27-ին Կանադայում մեկնարկում է աշխարհի առաջնությունը, որին կմասնակցենք 3 ուժեղագույն մարմնամարզիկներով՝ Հարություն Մերդինյան (նժույգ), Վահագն Դավթյան (օղակներ) եւ Արթուր Դավթյան (հենացատկ):

Արդեն նախնական պայմանավորվածություն ունենք Ֆրանսիայի հավաքականի հետ՝ համատեղ հավաք անցկացնելու համար: Սիրով համաձայնել են: Այժմ սպասում ենք դեսպանատան պատասխանին, որպեսզի մեզ երկար ժամկետով մուտքի վիզա տրամադրեն եւ հնարավորություն ունենանք «Challeng cup»-ից հետո մինչեւ սեպտեմբերի 26-ը մնալ Փարիզում եւ անկացնել մեր վերջին հավաքն աշխարհի առաջնությունից առաջ:

Քանի որ մեր բյուջեն ավելացել է, արդեն հնարավորություն ունենք նաեւ երիտասարդներին ուղարկել մրցումների. հուլիսի 10-15-ը Բաթումում երիտասարդները կմասնակցեն աշխարհի  չեմպիոն Սիխրաուլիձեի գավաթի խաղարկությանը, որտեղ առաջին անգամ փորձարկելու ենք նաեւ աղջիկ ներկայացուցիչ:

Արդեն գործում է Օլիմպավանը, որտեղ մյուս մարզաձեւերի հավաքականները հիմնական հավաքներն են անցկացնում: Մարմնամարզության դահլիճ չի լինելո՞ւ Օլիմպավանում:

Օլիմպավանում մենք դահլիճ չունենք: Չեմ կարող ասել՝ նախատեսվում է մարմնամարզիկների համար դահլիճ կառուցել, թե ոչ: Հրաշալի կլիներ, եթե լիներ: Գոնե մի դահլիճ ունենայինք նորմալ պայմաններով, որտեղ կմարզվեին միայն հավաքականի անդամները… Մեր մարզադպրոցում պայմաններն արդեն անհանգստացնող են, կյանքին վտանգ սպառնացող: Արդեն ունենք նոր մարզագույք, բայց դահլիճը լավ վիճակում չի գտնվում, որ տեղադրենք: Հիմա էլ նոր մարզագույք ունենք, ձեռքը կրակն ենք ընկել (ծիծաղում է): Նոր մարզագույքը ստանալու ենք հունիսի 26-ին: Բայց ազատ վարժության ցատկահարթակը չենք դնելու: Ես թույլ չեմ տալիս, մինչեւ դահլիճի հատակը չվերանորոգվի: Ուզբեկ մարզիկը պտտաձողի վրա բարձրացավ, վարժությունը կատարելիս զարմացավ.  ասում է՝ բարձրանում, իջնում է, բա որ հանկարծ պոկվի… 

ՀԱՕԿ-ի նախագահին առաջարկե՞լ եք դահլիճ տրամադրել Օլիմպավանում կամ մեկ այլ տեղ, նոր մարզագույքը այնտեղ տեղադրելու եւ հավաքականի մարզումները կազմակերպելու  նպատակով:

Առաջարկությունը մեր կողմից արվել է: Հասկանում ենք՝ մեր բյուջեն ավելացավ, արդյունքներն աստիճանաբար աճում են: Արդյունքները կրկնակի կլինեն, եթե պայմաններն էլ լավը լինեն: Այս ամենն ասում ենք մեզ համար, բոլորիս համար, սա ինձ համար չէ, իմ անձնական շահի համար չէ…

Մարզաձեւը պահպանելու համար, դահլիճ պետք է ունենանք: Եթե շարունակենք այս պայմաններում մարզվել, չենք կարողանա պահել այն, ինչ ձեռք ենք բերել տարիների աշխատանքի շնորհիվ: Սպորտի նախարարը մեզ խոստացել է, որ մարզադահլիճի հատակը կվերանորոգվի, բետոնե ծածկույթ կանեն: Պետք է այնպես անենք, որ երկար տարիներ մեզ ծառայի այդ գույքը: Հուսամ, արդեն սեպտեմբերից կսկսենք մարզվել վերանորոգված դահլիճում՝ նոր մարզագույքով:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով