10:52  +04,  9 հունիսի, 2017

Լեւոն Ջուլֆալակյան. Կարծում եմ՝ 2018-ից կրկին դիտարժան կդառնա ըմբշամարտը (ֆոտոշարք)

Հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմերը հունիսի 9-12-ը Թբիլիսիում կմասնակցեն միջազգային մրցաշարի։ Հունահռոմեականները մրցավայր են մեկնել օլիմպիական չեմպիոն, հավաքականի ավագ մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ։ Միջազգային մրցաշարին Հայաստանը մասնակցելու է մեծ կազմով՝ 19 ըմբիշով։ Կազմում չկա Լոնդոն-2012-ի օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանը եւ Արթուր Ալեքսանյանի եղբայրը՝ Ռաֆայել Ալեքսանյանը։

Մրցավայր մեկնելուց առաջ հունահռոմեական ըմբիշները հավաք անցկացրեցին Երեւանի «Օլիմպավանում»։ Մարզումային վերջին օրվան հետեւեց նաեւ NEWS.am Sport-ի թղթակիցը։

Լեւոն Ջուլֆալակյանը մարզիկների հետ ընկերական եւ մարզչական զրույցներով, խորհուրդներով, նկատողություններով, գովելով անցկացնում է մարզումը։ Չի սիրում, երբ գորգի վրա որեւէ մեկին տեսնում է անգործ կանգնած։ Եվ անպայման հետեւում է նկատողությունը՝ «կամ աշխատում եք, կամ գնում տուն, պարապ չեք կանգնում»։

Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի փոխանցմամբ, Վրաստանում կայանալիք մրցաշարը աշխարհի առաջնության նախապատրաստական փուլն է եւ այս մրցաշարում կընդգծվի հավաքականի կազմը։

«Թբիլիսիում կայանալիք միջազգային մրցաշարը հիմք է հանդիսանալու օգոստոսին կայանալիք աշխարհի առաջնության կազմը ձեւավորելու համար։ Մրցաշարին մասնակցում է 19 ըմբիշ՝ բոլոր քաշային կարգերի Հայաստանի լավագույն ըմբիշները։ Մեծ կազմով ենք մասնակցում, որպեսզի ընդհանուր պատկերացում ունենանք մեր թիմի պատրաստվածության վերաբերյալ եւ իմանանք, թե ովքեր են կոնկրետ պատրաստվելու աշխարհի առաջնությանը։  

Թբիլիսիից հետո արդեն ըստ փուլերի կնախապատրաստվենք աշխարհի առաջնությանը։ Հավաք կանցկացնենք Ռուսաստանում, հաջորդ հավաքը կլինի Բելառուսում, իսկ աշխարհի առաջնությունից առաջ վերջին հավաքը կանցկացնենք Երեւանում՝ օգոստոսի 6-19-ը եւ 19-ին կմեկնենք Ֆրանսիա՝ աշխարհի առաջնության»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը։

Եվրոպայի առաջնությունում սպասված հաջողությունները չունենալու պատճառներից  թիմի մարզչական շտաբն արդեն հետեւություններ արել է եւ թբիլիսյան մրցաշարին, ինչպես նաեւ աշխարհի առաջնությանը պատրաստվում են այդ թերությունները շտկած։

«Եվրոպայի առաջնությունից հետո մեր եզրակացություններն արել ենք, ընդհանուր թերությունները նկատվել են, բայց չեմ ցանկանում բոլորի անունները հերթով նշել։ Մենք միշտ էլ թերությունների վրա աշխատում ենք, բոլոր մրցումներից հետո փորձում ենք ուղղել սխալները։

Թերություններ ու սխալներ եղան պայմանավորված նոր օրենքներով, չորեքթաթ դրությունը հանելով։ Այդ օրենքների փոփոխությունները բոլորին է տհաճ, բոլոր հավաքականներին, ըմբիշներին եւ մասնագետներին, որովհետեւ արդար մրցակցություն չկա նման օրենքների մեջ․ ցավալի է, բայց փաստ է։ Այդ օրենքները բոլորի համար է, եւ մենք կփորձենք այդ օրենքներով պայքարել եւ հաղթել։ Ամեն դեպքում տվյալ օրենքները բոլոր երկրների համար են տհաճ։ Պետք է համբերենք մինչեւ հաջորդ տարի եւ փորձենք նման օրենքներով լավ մասնակցել»,- շեշտեց ավագ մարզիչը։

Թե որքանով չորեքթաթ դրությունը նպաստեց հայ ըմբիշների գոտեմարտերի եւ արդյունքների վրա, Լեւոն Ջուլֆալակյանը դժվարանում է մեկնաբանել, բայց փաստում է, որ ըմբշամարտն այսկերպ կորցրել է իր դիտարժանությունը։

«Անհասկանալի փոփոխություններ են մտցրել ըմբշամարտում։ Ես ի սկզբանե դեմ էի այդ նոր օրենքներին։ Ինձ հետ միասին նաեւ շատ երկրների հավաքականների մարզիչներ, ֆեդերացիաների ներկայացուցիչներ։ Չորեքթաթ դրությունը հանելով՝ այդ օրենքի հեղինակներն ասես միտում ունեին ուժեղ երկրներին թուլացնել։ Բոլոր այն ըմբիշներն, ովքեր ուժեղ էին ներքեւում, հարցը լուծեցին այսպես ասած «վերեւներում»։ Այս օրենքը մտցրեցին այն երկրները, որոնք թույլ էին չորեքթաթ դրությունում։ Եվ փոխանակ իրենք ուժեղացնեին իրենց մարզիկներին պարտերում, փորձեցին մեզ թուլացնել կանգնած դրությունում։ Մենք էլի թույլ չենք կանգնած դրությունում, բայց մեր տղաները պարզ է, որ շատ ուժեղ են պարտերում, գեղեցիկ հնարքներ ունեն, ինչպիսիք չեն կարողանում անել որեւէ երկրի ներկայացուցիչ։ Այսպես ըմբշամարտի գոտեմարտերին հետեւելն անգամ անհետաքրքիր է։ Ամբողջ Եվրոպայի առաջնությունում ինձ հետաքրքրեց ընդամենը մի քանի գոտեմարտ, մյուսները դիտելու չէին, կարող էիր քնել, արթնանալ եւ տեսնել, թե ում ձեռքն են բարձրացրել։ Այսպես ըմբիշներն էլ արդեն կանգնած դրությունում որեւէ հետաքրքիր հնարք չեն անում։ Իսկ պարտեր դրության առկայության դեպքում ոչ միայն պարտերում էր հետաքրքիր եւ դիտարժան, այլեւ կանգնած դրությունում, քանի որ մարզիկներն ամեն հնարք անում էին, որպեսզի միավոր վաստակեին եւ պարտեր դրություն նրանց չդնեին։

Կարծում եմ՝ 2018 թվականից նորից կվերակագնեն պարտեր դրությունը եւ կրկին դիտարժան կդառնա ըմբշամարտը»,- մանրամասնեց Լեւոն Ջուլֆալակյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս