00:16  ,  6 հունիսի, 2017

Norway Chess. Լեւոն Արոնյանը երրորդն է բլիցում

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում հունիսի 5-ին մեկնարկել է Norway Chess շախմատային սուպերմրցաշարը:

Առաջին օրն անցկացվել է բլից մրցաշարը, որում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 9 հնարավորից վաստակել է 5.5 միավոր եւ գրավել երրորդ տեղը: Նույնքան միավոր է հավաքել նաեւ երկրորդ տեղը գրաված Հիկարու Նակամուրան (ԱՄՆ): Հաղթողի տիտղոսը 7.5 միավորով նվաճել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը:

Հայ գրոսմայստերը տարավ 3 հաղթանակ, 5 պարտիա ավարտեց ոչ ոքիով եւ միակ պարտությունը կրեց Մագնուս Կարլսենից:

Norway Chess-ին այս տարի մասնակցում են նաեւ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) եւ Անիշ Գիրին (Հոլանդիա)

Բլից մրցաշարի արդյունքում շախմատիստները կիմանան իրենց մեկնարկային դիրքերն աղյուսակում: Դասական պարտիաները կմեկնարկեն հունիսի 6-ից: Առաջին տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Norway Chess-ում հաղթել էր Մագնուս Կարլսենը, իսկ Լեւոն Արոնյանը գրավել էր երկրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում