09:28  ,  4 հունիսի, 2017

Զիդան. Ոչ, ես աշխարհի լավագույն մարզիչը չեմ

Չեմպիոնների լիգայի գավաթը երկու տարի անընդմեջ նվաճած Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ ֆրանսիացի Զինեդին Զիդանը չի համարում, որ ինքն է աշխարհի լավագույն մարզիչը: Այդ մասին նա ասել է Քարդիֆում տեղի ունեցած եզրափակիչում Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ 4:1 հաշվով հաղթանակից հետո:

«Գերազանց մրցաշրջան ստացվեց: Պետք է շնորհավորել բոլոր խաղացողներին եւ այս մեծագույն ակումբին: Այս խաղացողներով մենք կարող ենք դեռ շատ նվաճումներ ունենալ ապագայում, եթե շարունակենք միասին շատ աշխատել:

Առաջին խաղակեսում բարդ էր, բայց երկրորդում մենք ցույց տվեցինք մեր կարգը: Մենք ավելի շատ էինք ճնշում գործադրում եւ ֆիզիկապես գերազանցեցինք մրցակցին: Մեր հաջողության գրավականը յուրաքանչյուրի կարեւորությունն է իրեն վերապահված օղակում: Բոլորն ունեն իրենց ներդրումը: Մեր խաղացողները հրաշալի են հասկանում իրար: Երբ կա այդ գործողը եւ տաղանդը, հաջողության շանսերը մեծ են:

Ես երջանիկ եմ: Եթե նույնիսկ իմ հույզերը զուսպ են, ներսում ես շատ գոհ եմ: Ե՞ս եմ աշխարհի լավագույն մարզիչը: Ոչ, ինչ եք ասում»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:

«Ռեալը» 12-րդ անգամ նվաճեց եվրոպական չեմպիոնների գավաթը: Զիդանի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի դարաշրջանում դարձավ առաջինը, որին հաջողվեց պաշտպանել տիտղոսը:

«Ռեալը» 59 տարում առաջին անգամ կարողացավ նույն մրցաշրջանում նվաճել Իսպանիայի չեմպիոնի կոչումն ու Չեմպիոնների լիգայի գավաթը: Նախորդ անգամ Արքայական թիմն այդպիսի նվաճման հասել էր 1958-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news