08:52  +04,  20 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Տիգրան Մարտիրոսյան

NEWS.am Sport-ը ներկայացնում է 30-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկներին:

Տիգրան Մարտիրոսյան, ծանրամարտ, 77 կգ քաշային կարգ

Ծնվել է 1988 թվականի հունիսի 9-ին:

Ամուսնացած չէ:

Եվրոպայի պատանեկան առաջնությունների բազմակի հաղթող է, մրցանակակիր եւ ռեկորդակիր, Եվրոպայի երիտասարդների առաջնության կրկնակի հաղթող (2005, 2006), Եվրոպայի չեմպիոն (2008) եւ փոխչեմպիոն (2007) 69 կգ քաշային կարգում, Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 69 կգ քաշային կարգում, աշխարհի չեմպիոն (2010) եւ փոխչեմպիոն (2009) 77 կգ քաշային կարգում:  Եվրոպայի չեմպիոն 77 կգ քաշային կարգում (2010), 2010թ. Հայաստանի լավագույն մարզիկ:

Երկար տարիներ Տիգրան Մարտիրոսյանը մարզվել է երջանկահիշատակ Աշոտ Մխիթարյանի գլխավոությամբ:

Հավաքականի գլխավոր մարզիչն է Պողոս Պողոսյանը:

Տիգրան Մարտիրոսյան

«Օլիմպիական խաղերում լավ հանդես գալու համար կատարվել է ամեն ինչ: Նախապատրաստական բոլոր հավաքներում էլ  իրականացվել են նախատեսված ծրագրերը:  Բնականաբար, պայքարելու եմ մրցանակային տեղի համար: Շատ կարեւոր է լավ մարզավիճակում մոտենալ մրցմանը: Իսկ, թե ինչ արդյունքի կհասնեմ, ցույց կտա ժամանակը»:

Պողոս Պողոսյան

«Տիգրանն արժանիորեն համարվում է մեր թիմի առաջատարը: Մենք մեծ հույսեր ենք կապում նրա ելույթների հետ: Մարզիկն ամեն ինչ անում  է իր աշխատասիրությամբ հաջողությունn օլիմպիական մրցահարթակում ապահովելու համար: Ես հուսով եմ, որ Տիգրանը Պեկինի oլիմպիական բրոնզե մեդալին, Լոնդոնում կավելացնի ավելի ազնիվ մետաղյա մեդալով: Համենայնդեպս, բոլոր նախադրյալները կան այդպես մտածելու համար, թեեւ Օլիմպիական խաղերում թույլ մրցակիցներ չեն լինելու եւ այստեղ շատ կարեւոր է բոլոր մոտեցումներն էլ ճիշտ ու անսխալ կատարելը»:

Սամվել Խաչատրյան`Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ

«Տիգրան Մարտիրոսյանը շատ փորձառու մարզիկ է եւ գտնվում է լավ մարզավիճակում: Մենք հավատում ենք նրա ուժերին եւ հնարավորություններին»:

Հայաստանի հավաքականի կազմում վարկանիշային չորս տեղերի համար անզիջում պայքար էր գնում 7-8 ծանրորդների միջեւ: Իր արդյունքների շնորհիվ այդ պայքարից կարելի է ասել, որ ազատված էր միայն Տիգրան Մարտիրոսյանը: Այժմ նա հավաքականի կազմում մասնակցում է Խաղերից առաջ վերջին հավաքին Ռուսաստանի Պոդոլսկ քաղաքում: Իսկ մինչեւ այդ մեր հավաքականն ամբողջ կազմով մարզվում էր Ծաղկաձորում, որտեղ էլ ըստ արդյունքների հայտնի դարձավ թիմի վերջնական կազմը:

Տիգրան Մարտիրոսյանը օլիմպիական մրցահարթակ դուրս կգա օգոստոսի 1-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ