11:46  +04,  31 մայիսի, 2017

Ռոբերտ Էմմիյան. Աշխարհի տարբեր անկյուններից շնորհավորեցին ռեկորդիս 30 տարվա առթիվ, Հայաստանի սպորտային ղեկավարությունը չհիշեց

Աշխարհի տարբեր անկյուններից զանգեցին եւ շնորհավորեցին ինձ Եվրոպայի ռեկորդիս 30-րդ տարին լրանալու կապակցությամբ, բայց Հայաստանի սպորտի ղեկավարությունը չհիշեց, երեւի մոռացել էին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը, ով արդեն տարիներ շարունակ սպասում է իր հայաստանյան մեծ երազանքի՝ միջազգային ստանդարտներին համապատասխան վազքուղի ունենալու իրականացմանը: Հարցազրույցի պահին Ռոբերտ Էմմիյանը գտնվում էր Հունաստանում, որտեղ մեծ շուքով մայիսի 22-ին նշվել է լեգենդար մարզիկի ռեկորդի 30-րդ տարին: Հայ մարզիկից հետո դեռ ոչ մի եվրոպացի չի ցատկել 8 մետր 86 սմ (1987թ.): Ավելի բարձր արդյունքներ ունեն միայն երեք ամերիկացիներ՝ Բոբ Բիմոնը (8.90), Կարլ Լյուիսը (8.87) եւ Մայքլ Փաուելը (8.95):

Պարոն Էմմիյան, տեղի ունեցավ աթլետիկայի Հայաստանի առաջնությունը: Արդյունքները գոհացնո՞ղ էին:

Արդյունքները, բնականաբար, գոհացնող չէին, բայց չեմ կարող այս պայմաններում շատ մեղադրել եւ դժգոհել մարզիկներից, որովհետեւ բոլորս էլ շատ լավ գիտակցում ենք, որ մեր աթլետները պետք է հետ չմնան ոչ մի ժամանակակից աթլետիկական պայմաններից: Իսկ այսօրվա դրությամբ, ցավոք, միայն խոստումներ են, իսկ վազքուղու ծածկույթը չունենք: Արդեն որերրորդ տարին Հայաստանի առաջնությունը տանում եւ անցկացնում ենք Արտաշատում: Իսկ ես շատ կուզեի, որ Երեւանում անցկացնեինք մեր երկրի առաջնությունը, կամ ոչ միայն Երեւանում, այլ Հայաստանի տարբեր մարզերում եւ քաղաքներում. այդքան մարզադաշտեր ու վազքուղի ունենայինք… Արտաշատ քաղաքը չեղած տեղից, ամբողջությամբ մաշված վազքուղում սիրով հյուրընկալում է Հայաստանի առաջնությունն ու պատվով անցկացնում այն: Երեւանում մարզադաշտ միայն «Հրազդանն» էր եւ «Հանրապետական» ստադիոնը, բայց «Հանրապետականը» միայն ֆուտբոլի համար են օգտագործում, իսկ «Հրազդանը», լսել եմ, որ կառավարությունը հանել է վաճառքի: Չգիտեմ, այդ հարցն ինչպես պետք է լուծվի: Ինձ նոյեմբերին ասացին, որ միջազգային ֆեդերացիային խնդրեմ՝ սպասել մինչեւ մայիս, որպեսզի «Հրազդան» ստադիոնի հարցը լուծենք, բայց հիմա էլ ստադիոնը հանել են վաճառքի: Չգիտեմ, թե ինչ պատասխան ենք տալու միջազգային ֆեդերացիային, ով է առնելու, ում ենք վաճառելու, ինչպես ենք պայմանավորվելու: Բայց ամեն դեպքում, մեր եւ միջազգային, եվրոպական ֆեդերացիաների հարաբերությունները շատ լավ են եւ ամեն ինչ կանեմ, որ այդ հարգանքը պահպահնվի, ընդհանուր հայտարարի գանք: Ես չեմ ցանկանա այդ հարաբերությունները փչացնել:

Ես դեռ սպասում եմ կառավարության պատասխանին՝ ռետինե վազքուղին կառուցելու համար Հայաստանի կողմից խոստացված գումարը փոխանցելու գրավոր համաձայնությանը:  Միջազգային ֆեդերացիային նորից խնդրել եմ երկարաձգել պայմանավորվածությունը եւ կառուցման ժամկետները: Մեզ մինչեւ մայիսի վերջ էին տվել, այժմ իմ խնդրանքով նորից հետաձգվեց հուլիսի վերջ: Հայաստանի կառավարությունն ու սպորտի նախարարությունը հուսադրում են, որ հուլիսի վերջին պատասխանը կլինի: Դեռեւս մեծ հույսեր ունեմ, որ պատասխանը դրական է լինելու:

Ձեր ձայնում փոքր-ինչ հիասթափություն է զգացվում…

Ճիշտ եք նկատում. չափից ավելի, քանի որ այս ամենն իրականում շատ երկար տեւեց: Երբ ես դարձա Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, առաջին խնդրանքս եղել է մեր երկրի համար լավ վազքուղի ստեղծելը: Միշտ ուրախացել եմ, որ երկրիս նախագահն ու ղեկավարությունը դրական պատասխան են տվել, որ կաջակցեն: Բայց արդեն ժամանակն է, որ այդ բանավոր խոստումները դառնան գրավոր: Արդեն մի քիչ անհարմար եմ ինձ զգում միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաներին ղեկավարների առջեւ: Իսկ կառավարության եւ ղեկավարության կողմից դեռեւս միայն ձգձգվելու պատճառաբանություններ են լսվում:

Օրերս նաեւ Եվրոպայի ռեկորդիս 30-րդ տարին լրացավ: Միջազգային ֆեդերացիայի կողմից մեծ շնորհավորանքներ, հրավերներ ստացա, միջոցառումներ կազմակերպվեցին Հունաստանում, Ալբանիայում: Մեծ պատվով հիշվեց եւ շնորհավորեցին իմ ռեկորդի 30-րդ տարին: Բայց այս ամենից առավել ինձ համար ավելի մեծ նշանակություն ունի, որ մեր մարզիկների համար նորմալ պայմաններ ստեղծվեն, միջազգային ստանդարտներին համապատասխան, մեր երեխաները մարզվեն նորմալ մարզադաշտերում, մեծ ու միջազգային մրցումներ բերենք Հայատաստան եւ դրանով ավելի զարգացնենք «սպորտի թագուհի» մարզաձեւը:

NEWS.am Sport-ը եւս շնորհավորում է Ձեզ: Նշեցիք, որ Ալբանիայում, Հունաստանում մեծարման միջոցառումներ են կազմակերպվել: Ի՞նչ միջոցառում կազմակերպվեց Հայաստանում, ինչպե՞ս եւ ո՞ւմ կողմից հիշվեց Ձեր ռեկորդը:

(Ծիծաղում է): Ավելի շատ կուրախանայի, որ ինձ համար միջոցառում կազմակերպելու փոխարեն, մեր մարզիկների համար լավ պայմաններ ստեղծվեին… Մայիսի 22-ը հիշարժան օր է հայկական սպորտի եւ ինձ համար: Աշխարհի տարբեր անկյուններից շնորհավորանքներ ստացա, տարբեր ֆեդերացիաների նախագահներ, գլխավոր քարտուղարներ, Օլիմպիական կոմիտեների նախագահներ զանգահարեցին, շնորհավորեցին,  ինչպես նաեւ ամբողջ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան ինձ շնորհավորեց: Հունաստանում ինձ հետ էր նաեւ Սերգեյ Բուբկան: Մեծ միջոցառում էր կազմակերպվել մարզադաշտում, Հունաստանի օլիմպիական կոմիտեի նախագահը եկավ, շնորհավորեց: Իսկ Հայաստանի սպորտային ղեկավարությունը, ցավոք, չհիշեց. երեւի մոռացել էին, բայց դա կարեւոր չէ:

Աթլետները պատրաստվում են Եվրոպայի թիմային առաջնությանը, որն անցկացվելու է հունիսի 22-26-ը Մալթայում:  Քանի՞  ներկայացուցիչ կունենա Հայաստանը եւ ի՞նչ մարզումային փուլով թիմը կպատրաստվի Եվրոպայի առաջնությանը:

Կմասնակցեն մեր ուժեղագույն աթլետները: Մոտ 20-22 աթլետ կունենանք Եվրոպայի առաջնությունում: Բայց այս թիվը վերջնական չէ, հնարավոր է եւս մի քանիսը համալրեն թիմը: Կազմում կլինեն օլիմպիականներ Լեւոն Աղասյան, Գայանե Չիլոյան, Լիլիթ Հարթությունյանը, մյուսները: Կլինեն նաեւ մեծ թվով երիտասարդներ, որոնք հուրախություն մեզ սկսել են իրենց արդարացնել: Օլիմպիականներից միայն Ամալյա Շառոյանը չի լինի, քանի որ հունիսի 1-ից մեր առաջատար մարզուհին հրավերով գտնվելու է Գերմանիայում: Նա 1,5 տարի պետք է ապրի եւ սովորի այնտեղ մարզչական մասնագիտացմամբ: Եթե նրան թույլ տան, կմիանա թիմին ամեն մրցման, Մալթայում՝ եւս:

Այժմ աթլետները մարզվում են առանձին՝ իրենց անձնական մարզիչների մոտ: Եվրոպայի առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաք կունենանք Ծաղկաձորի մարզաբազայում:

Ի՞նչ ակնկալիքներ կան

Թիմային պայքարում դժվարանում եմ ասել, թե լավ արդյունք կունենանք, քանի որ մեր աթլետների մոտ ավելի լավ ստացվում է անհատական պայքարը: Անհատական ձեւերում գուցե լավ արդյունքներ ունենանք: Գուցե մեր մարզիկներն իրենց արդարացնեին, եթե մարզվելու լավ պայմաններ ունենայինք: Այսպես ասած զուտ մասնակցության համար ենք մեկնում Մալթա, մարզիկների համար սա մեծ փորձ է: Հույս ունեմ, որ մեր ուժեղագույնները անհատական պայքարում կկարողանան իրենց լավագույն արդյունքները բարելավել, պատվավոր տեղեր զբաղեցնել:

2017-ը մեզ համար շատ պատասխանատու տարի է, աշխարհի առաջնություն ունենք եւ մեծ հույսեր եմ կապում, որ կկարողանանք աշխարհի առաջնության վարկանիշ ձեռք բերել:  Պատանի աթլետները հուլիսի 3-ին Թուրքիայում կմասնակցեն Բալկանյան երկրների պատանիների առաջանությանը: Շատ մրցաշարեր կան, որոնց պետք է մասնակցենք: Ցանկությունս է, որ այս դժվար պայմաններում կարողանանք մեր մարզիկներին ոգեւորել, մինչեւ պայմանները նորմալանան մեր երկրում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով



  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ