20:57  +04,  26 մայիսի, 2017

Հավաքականի մարզիչ. Հասնում են լավագույն արդյունքի տարիքին, գնում են բանակ ու այլեւս չեն վերադառնում սպորտ

Հեծանվորդներին հասցնում ենք կարեւորագույն տարիքին, որ արդեն պետք է լավագույն արդյունքը ցույց տան, բայց գնում են բանակ ու այլեւս մեծ սպորտ չեն վերադառնում։ Սա է նաեւ պատճառներից մեկը, որ Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճելու համար ստիպված ենք բարդ ու երկար ճանապարհ անցնել։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հեծանվային սպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը։

Հայ հեծանվորդները մտադիր են մասնակցել բոլոր օլիմպիական վարկանիշային մրցաշարերին: Անհրաժեշտ է շուրջ 50 հազար դոլար:

Պարոն Գյոզալյան, տեղի ունեցավ խճուղային հեծանվավազքի Հայաստանի առաջնությունը։ Ի՞նչ արդյունքներ գրանցվեցին։ Ինչպե՞ս կգնահատեք հեծանվորդների ներուժը։

Հայաստանի առաջնությունը սպասվածից շատ մասնակիցներ ունեցավ։ Առաջնության արդյունքներով որոշվեց Հունգարիայում կայանալիք պատանեկան օլիմպիական փառատոնի մասնակիցները՝ Ամու Ասուբով, Հովհաննես Երանոսյան, Հենրիկ Հովհաննիսյան եւ պահեստային Հայկ Ազիզյան։ Մասնակիցների թիվը հասնում էր 65-ի ՝ երեք տարիքային խմբերում։ Արդյունքները բավարար են, ներուժը կա։ Արդեն աղջիկների խումբ է ձեւավորվում եւ գուցե արդեն հաջորդ առաջնությանը, ինչպես մեր ժամանակներում,  աղջիկ հեծանվորդների էլ հայտավորենք։ Դեռ հրապարակային հեծանվավազքի Հայաստանի առաջնությունը պետք է անցկացնենք հունիսի 15-20-ը, որի արդյունքներով որոշվելու է  երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության կազմը։

Քանի՞ ներկայացուցիչ կունենա Հայաստանը Մ-23 եւ երիտասարդների Եվրոպայի առաջնությունում։

Դա ֆեդերացիան է որոշելու, բայց իմ կարծիքով 3 հեծանվորդ վստահ կունենանք՝ 1 մինչեւ 23 տարեկաններում եւ 2 կամ 3 հեծանվորդ երիտասարդներից։ Հայաստանի առաջնությունից հետո, երբ արդեն որոշված կլինի երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների կազմը, հավաք կանցկացնենք Ծաղկաձորի մարզաբազայում։ Հավաքից հետո պատանիները կմեկնեն օլիմպիական փառատոնի, երիտասարդներն ու մինչեւ 23 տարեկանները կմեկնեն Պորտուգալիա՝ Եվրոպայի առաջնության։

Օգոստոսին կմասնակցենք խճուղային հեծանվավազքի Եվրոպայի առաջնությանը։ Նախատեսում ենք խճուղային հեծանվավազքում մասնակցի մեր սաներից Հրաչյա Շաբոյանը, ով այժմ ԱՄՆ-ում է մարզվում եւ լավ արդյունքներ ունի։ Նա կմասնակցի նաեւ խճուղու աշխարհի առաջնությանը։ Իսկ մինչ այդ, այսօր եւ առաջիկա երկու օրերին մեր առաջատար Էդգար Ստեփանյանը Մոսկվայում մասնակցում է «Մեծ մրցանակի» եւ Ալեսքանդր Լեսնիկովի անվան հուշամրցաշարին։

Այս մրցաշարերը միջազգային վարկանիշային միավորներ տալի՞ս են 2018-ի արդեն օլիմպիական վարկանիշային մրցաշարերին մասնակցելու համար։

Տուլայի եւ Մոկսվայի մրցաշարերը տալիս են, քանի որ դրանք միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանով նախատեսված վարկանիշային մրցաշարեր են։ Այս  երկու մրցաշարերը միջազգային վարկանիշներն են տալիս, որպեսզի աշխարհի առաջնությունից առաջ գավաթի խաղարկություններում եւ Եվրոպայի առաջնությունում եւս վաստակած միավորներ գումարվեն եւ անցումային փուլով մարզիկները հնարավորություն ունենան մտնել աշխարհի առաջնություն։ Մենք վարկանիշ հավաքելու համար ունենք  աշխարհի գավաթի խաղարկությունների 4 փուլեր, որոնցից գուցե կարողանանք մասնակցել 2-ին կամ 3-ին։ Մհեր Մկրտչյանից ու Էդգար Ստեփանյանից մեծ հույսեր ունենք մեծահասակների Եվրոպայի առաջնությունում։ Մեծ ակնկալիքներ ունենք, որ ամեն ինչ լավ կլինի, կկարողանանք հասնել աշխարհի առաջնություն եւ Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճել։

Իսկ Հայաստանի առաջնություններըը միջազգային վարկանիշային միավորներ չեն տալի՞ս են։

Սա մի փոքր բարդ հարց է․ Հայաստանյան առաջնությունները չեն տալիս միջազգային վարկանիշներ, բայց, օրինակ, հարեւան երկրների առաջնությունները տալիս են։ Հայաստանի առաջնության արդյունքները պետք է միջազգային օրացուցային պլանով հաստատվեն, որ նոր վարկանիշներ ստանան մարզիկները եվրոպական եւ միջազգային ֆեդերացիաներից։ Մենք դեռեւս այդ հնարավորությունից օգտվել չենք կարող, քանի դեռ մեր ներքին առաջնությունները հաստատված չեն միջազգային օրացուցային պլանով։ Հաստատելը բարդ գործընթաց չէ, ուղղակի ցանկացած երկիր, ով ուղարկում է իր առաջնությունները, պետք է ներկայացնի մեծահասակների մեջ մասնակիցների մեծ քանակ․ նվազագույնը 15 մասնակից յուրաքանչյուր մրցաոճում։ Ռուսաստանում մեծահասակների առաջնությունում նվազագույնը 100 մարզիկ է մեկնարկի կանգնում։ Իսկ մենք չունենք մասակիցների այդքան մեծ թիվ մեծահասակներում։

Իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ։

Մենք մեծահասակ հեծանորդների խնդիր ունենք։ Ունենում ենք շատ լավ մարզիկներ, ովքեր կարեւոր տարիքում արդեն բանակում են եւ այլեւս սպորտ չեն վերադառնում։ Աշխատում ենք, բերում, հասցնում ենք այն կարեւոր տարիքին, որ պետք է արդեն լավ արդյունքներ անեն մեծահասակներում, գնում են բանակ։ Իսկ բանակից հետո ո՞վ կգա: Ցավալի փաստ է, բայց դա մեր իրականությունն է։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով



  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ