09:42  ,  23 մայիսի, 2017

Ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ Եվրոպայի առաջնությունից

Թբիլիսիում անցկացված ավանդական ուշուի Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների (մինչեւ 18 տարեկաններ) եւ պատանիների (մինչեւ 16 տարեկաններ) առաջնությունում Հայաստանի մարզիկերը նվաճել են 10 մեդալ: Մրցաշարին մասնակցել են 820 մարզիկներ 28 երկրներից: Հայաստանի թիմը ներկայացել է 16 մարզիկներով, որոնք մրցել են ցինդա, տաոլու (շարժողական վարժությունների համալիր) եւ վին-չուն ձեւերում: 

Մեծահասակների մրցաշարում Սվետլանա Մոսոյանն արժանացել է տաոլուի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին, իսկ Արմեն Համբարձումյանը նույն մրցաձեւում դարձել է փոխչեմպիոն: Եվրոպայի փոխչեմպիոն է հռրակվել նաեւ վին-չուն ձեւում հանդես եկած Կարո Կարապետյանը, իսկ Սայաթ Բաղդասարյանը շարժողական վարժությունների համալիր վարժությունում արժանացել է բրոնզե մեդալի: Ցինդայում չեմպիոնի տիտղոսին է արժանացել Հայկ Գասպարյանը: 

Երիտասարդների մրցաշարում Վարդան Սարգսյանը նվաճել է ցինդայի Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Ռեբեկա Բալասանյանը եւ Դավիթ Դանիելյանը դարձել են համապատասխանաբար արծաթե եւ բրոնզե մեդալակիրներ: 

Պատանիների պայքարում Արսեն Բաղրյանը ցինդա ձեւում նվաճել է ոսկե մեդալ, իսկ Արթուր Ուդումյանը՝ բրոնզե: 

Հայ ուշուիստները պատրաստվում են օգոստոսին կայանալիք Ունիվերսիադային (2 մարզիկ) եւ աշնանը նախատեսված աշխարհի առաջնությանը (8 մարզիկ), հայտնում են Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում