18:18  ,  2 մայիսի, 2017

Հեծանվորդների սպասելիքները չիրականացան. 50 հազարից հավաքվել է 2 հազար դոլար

Հայ հեծանվորդների նախաձեռնած դրամահավաքի արդյունքում հավաքվել է ընդամենը 2 հազար դոլար, որը չնչին գումար է Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի վարկանիշ հավաքելու համար: 

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը:

Այս տարվա փետրվարին Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիան նախաձեռնել էր դրամահավաք, որը նպատակ ուներ ապահովել հայ հեծանվորդների օլիմպիական քառամյա փուլի պատրաստման ծախսերը: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Գյոզալյանը մեկնաբանել էր, որ դրամահավաքի նպատակը մինչեւ Տոկիո-2020-ը հայ մարզիկների վարկանիշային մրցաշարերին մասնակցության հնարավորությունն էր:

«Դրամահավաքն արդեն ավարտվել է: Ըստ ծրագրի, միայն 60 օր ժամկետում պետք է անցկացվեր դրամահավաքը: Ընդհանուր հավաքվել է 2 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Ու դեռ տոկոսներ պետք է դուրս գա այդ գումարից, նոր վերջնական ֆիքսված գումար փոխանցվի մեր հաշվեհամարին: Սա չնչին գումար է, բայց ոչինչ անել չենք կարող. մարդիկ այդքանով կարողացան մեզ օգնել: Մենք հաշվարկներ էինք արել. մեզ քառամյա փուլում վարկանիշային մրցաշարերին մասնակցելու համար հարկավոր էր 50 հազար դոլար: Բայց արդյունքում ունեցանք ընդամենը 2 հազարը: Դեռ չենք որոշել՝ ինչպես ենք օգտագործելու այս գումարը, բայց, միանշանակ, այն ծախսվելու է մեր առաջատար հեծանվորդների՝ Էդգար Ստեփանյանի եւ Մհեր Մկրտչյանի վրա, ովքեր կփորձեն օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակել Տոկիո-2020-ի համար:

Այս օրերին հայ հեծանվորդները նախապատրաստվում են Հայաստանի առաջնությանը: Մայիսի 15-18-ը հեծանվորդներն իրենց ուժերը կփորձեն խճուղային հեծանվավազքում: Հրապարակային հեծանվավազքի Հայաստանի առաջնությունը կանցկացնենք հունիսին»,- նշեց Արմեն Գյոզալյանը:

Հեծանվասպորտի օլիմպիական վարկնիշային մրցաշարերը սկսվում են 2018 թվականից, բայց մինչ այդ կան մրցաշարեր, որոնք տալիս են միավորներ այդ վարկանիշային մրցաշարերին մասնակցելու համար: Մինչեւ 2018 թվականը հեծանվորդներն ունեն աշխարհի գավաթի խաղարկությունների 4 փուլ եւ Եվրոպայի առաջնություն, որոնք 2018 թվականի աշխարհի առաջնության վարկանիշ են տալիս: Իսկ արդեն աշխարհի առաջնությունից սկսվում է օլիմպիական ծրագիրը: Եվրոպայի առաջնությունը անցկացվելու է այս տարվա հոկտեմբերի 17-21-ը Բեռլինում: Նոյեմբերին տեղի կունենա աշխարհի գավաթի խաղարկությունների 2 փուլերը՝ Հոլանդիայում եւ Շոտլանդիայում: Աշխարհի գավաթի երրորդ եւ չորրորդ փուլերը կլինեն 2018-ին՝ Կոլումբիայում եւ ԱՄՆ-ում:

Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի պետական աջակցությունը կազմում է 13 միլիոն դրամ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով