18:16  ,  24 ապրիլի, 2017

Արթուր Աբրահամ. Աշխարհը պետք է ճանաչի եւ դատապարտի Հայոց ցեղասպանությունը

Ես ասել էի, որ հաղթանակս կնվիրեմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այդպես էլ արեցի ու անում եմ: Աշխարհը պետք է ճանաչի եւ դատապարտի Ցեղասպանությունը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գերմանիայի Էրֆուտ քաղաքում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO միջմայրցամաքային տիտղոսի համար մենամարտում Լեհաստանի ներկայացուցիչ Ռոբին Կրասնիկիին պարտության մատնած Արթուր Աբրահամը:

Արթուր, շնորհավորում եմ հաղթանակիդ կապակցությամբ: Ինչպե՞ս կմեկնաբանես այս մենամարտդ:

Հեշտ մենամարտ չէր, դժվար մենամարտ էր, սակայն չորրորդ ռաունդից հետո արդեն հասկացել էի նրա մարտաոճը եւ ձախ հարվածներով միավորներ հավաքեցի, աջով ծանր հարվածներ հասցրեցի եւ ի վերջո հաղթեցի:

Բա՞րդ տրվեց հաղթանակդ:

Իհարկե բարդ էր, բոլոր հաղթանակներն էլ բարդ են լինում, հեշտությամբ ոչ մի հաղթանակ չի տրվում:

Արթուր,  դու անցկացրեցիր բոլոր 12 ռաունդները: Միտումնավո՞ր մինչեւ վերջ վարեցիր մարտդ, թե՞ նոկաուտի հնարավորություն չկար:

Ոչ, միտումնավոր չեմ անցկացրել 12 ռաունդ, ես ուզում եմ հենց առաջին ռաունդից էլ նոկաուտի ենթարկեմ, դե, բայց չէր ստացվում: Փախնում էր, շատ էր փախնում: Դրա համար էլ նոկաուտ չեղավ:

Ի՞նչ տպավորություն թողեց Ռոբին Կրասնիկին:

Որպես մարդ` հարգանքով տղա էր, շատ նորմալ, շնորհքով: Ես էլ նույն ձեւով իր հետ շփվեցի: Իսկ սպորտային առումով, նա ինձնից թույլ էր: Եվ կարեւորը դա էր:

Դու WBO-ի չեմպիոնական մենամարտի հնարավորություն ստացար Ռամիրեսի հետ, ով անցած գիշեր պաշտպանել է տիտղոսը ուկրաինացի Մաքս Բուրսակի հետ պայքարում:

Ես ուրախ եմ, որ Ռամիրեսը հաղթեց: Իմ հաջորդ մենամարտը նրա հետ կլինի: Ես պարտավոր եմ նրան հաղթել` առանց մեկանաբանությունների: 

Ե՞րբ կլինի հաջորդ մենամարտդ:

Հստակ օր ասել չեմ կարող, 3-4 ամսվա ընթացքում:

Ե՞րբ քո երկրպագուները քեզ կտեսնեն Հայաստանում:

Դարձյալ հստակ օր ասել չեմ կարող, բայց, իհարկե, կգամ Հայաստան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով



  • Լրահոս