Սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում անցկացված WBO-ի վարկանիշային մենամարտում մրցավարների որոշմամբ, միավորներով պարտության մատնեց Լեհաստանը ներկայացնող, Մյունխենում բնակվող կոսովցի Ռոբին Կրասնիկիին:
37-ամյա հայ բռնցքամարտիկին պահանջվեց անցկացնել բոլոր ռաունդները: 9-րդ ռաունդից Աբրահամը հսկայական առավելություն ձեռք բերեց 29-ամյա մրցակցի նկատմամբ եւ մենամարտը հաղթական ավարտի հասցրեց 12-րդ ռաունդում:
Արթուր Աբրահամն իրավունք նվաճեց մասնակցել WBO-ի չեմպիոնական մենամարտի մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսի դեմ, եթե նա այս գիշեր պաշտպանի տիտղոսը ուկրաինացի Մաքս Բուրսակի հետ պայքարում:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը նախորդ տարվա նոյեմբերի 12-ին Մոնակոյում պետք է ռեւանշ մենամարտ անցկացներ բրիտանացի Մարտին Մյուրեի հետ, սակայն արմունկի վնասվածքի պատճառով հրաժարվել էր այդ մենամարտից: Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել էր հուլիսի 16-ին Բեռլինում՝ նոկաուտով 8-րդ ռաունդում հաղթելով նորվեգացի Թիմ Ռոբին Լիհաուգին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում