22:25  ,  21 ապրիլի, 2017

Հակոբ Սերոբյանը՝ Ռումինիայից. Շատ գոհ եմ Արթուր Դավթյանի 6-րդ տեղից

Արթուր Դավթյանը բազմամարտի եզրափակիչում ում զբաղեցրեց 6-րդ տեղը եւ ես շատ գոհ եմ նրանից:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռումինիայից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, ում ղեկավարությամբ Հայաստանի թիմը մասնակցում է Եվրոպայի առաջնությանը:

Հիշեցնենք, որ արդեն կայացել է Եվրոպայի առաջնության որակավորման փուլը, որը Հայաստանի թիմից հաղթահարել էին 4 մարմնամարզիկներ՝ Արթուր Դավթյանը (բազմամարտ, հենացատկ), Հարություն Մերդինյանը (նժույգ), Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը (օղակներ):

Ապրիլի 21-ին կայացել է բազմամարտի երզափակիչը, որտեղ Արթուր Դավթյանը ցույց է տվել 6-րդ արդյունք:

«Արթուրը շատ լավ հանդես եկավ: Բազմամարտում նա ավելին չէր կարող: Ես նրանից շատ գոհ եմ: Հավաքեց 82.864 միավոր»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

85.866 միավորով Եվրոպայի չեմպիոն է դարձել ուկրաինացի Օլեգ Վերնյաեւը, Եվրոպայի փոխչեմպիոն՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Դալալոյանը՝ 85.498 միավոր, երրորդ տեղը զբաղեցրել է բրիտանացի Ջեյմս Հոլը՝ 84.664 միավոր:

Ապրիլի 22-ին մրցահարթակ դուրս կգան Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով