18:54  ,  19 ապրիլի, 2017

Արթուր Աբրահամ. Փոքրիկ Գրիգորն ինձ շատ է մոտիվացնում իր ժպիտով եւ աշխուժությամբ

Փոքրիկ Գրիգորն ինձ շատ է մոտիվացնում իր ժպիտով եւ աշխուժությամբ: Հեշտ լինի, թե դժվար, պետք է հաղթեմ Ռոբին Կրասնիկիին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, ով այս օրերին պատրաստվում է ապրիլի 22-ին Գերմանիայում կայանալիք մենամարտին։ 37-ամյա Արթուր Աբրահամի մրցակիցը լեհ Ռոբին Կրասնիկին է: Մենամարտը կկայանա Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում:

Արթուր, մի քանի օրից քո հերթական մենամարտն է: Ինչպե՞ս ես տրամադրված, ինչպե՞ս է անցնում մենամարտի նախապատրաստական փուլը:

Հաղթական եմ տրամադրված, լավ եմ, ամեն ինչ լավ է: Երկար պատրաստվել եմ այս մենամարտին եւ պետք է հաղթեմ:

Ի՞նչ մարզումային փուլ ես անցել եւ ի՞նչ մարզավիճակում ես այժմ:

Իմ մարզիչի` Ուլի Վեգների հետ ամիսներ շարունակ ամենօրյա մարզումների մեջ էի Բեռլինում եւ Քինբաում քաղաքում: Հիմա լավ մարզավիճակում եմ, մարզիչս էլ գոհ է իմ մարզավիճակից:

Մրցակիցդ լեհ 29-ամյա Ռոբին Կրասնիկին է: Ի՞նչ կասես լեհ բռնցքամարտիկի մասին: Հե՞շտ կլինի նրան հաղթելը:

Ուժեղ, ճկուն մարզիկ է: Դիտել եմ նրա մենամարտերի տեսագրությունները, ամեն ինչ կանեմ նրան հաղթելու համար: Նրա թույլ կողմերի մասին ոչինչ չեմ ասի, միայն կասեմ, որ ես եւ մարզիչս ուսումնասիրել ենք նրա ոճը եւ համապատասխան մարտավարություն մշակել: Հեշտ լինի թե դժվար, պետք է հաղթեմ:

2016-ի նոյեմբերին դու պետք է ռեւանշ մենամարտ ունենայիր բրիտանացի Մարտին Մյուրեի հետ, որից սակայն հրաժարվեցիր արմունկիդ վնասվածքի պատճառով: Չի զգացվի՞ վնասվածքի հետեւանքները:

Արմունկս էր վնասվել, հիմա ամեն ինչ կարգին է, որեւէ խնդիր` կապված այդ վնասվածքի հետ, չունեմ:

 Իսկ Մարտին Մյուրեի հետ ռեւանշ մենամարտը կկայանա՞:

 Ոչ, չի կայանա:

Այս մենամարտդ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան է նախորդում: Ո՞ւմ կնվիրես այս հաղթանակդ:

Պարտավորեցնող է, որ մենամարտս ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նախորդող գիշերն է լինելու: Պետք է հաղթեմ, հաղթանակս, անշուշտ, կնվիրեմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Արթուր, արդեն 37 տարեկան ես: Տարիքը չի՞ խանգարում ռինգում:

Ոչ, դեռ չի խանգարում, բայց արդեն կամաց-կամաց պետք է մտածել ռինգը թողնելու մասին:

Ե՞րբ  ես նախատեսում:

Դեռ հստակ որոշված չէ, թե երբ եւ ինչպես կավարտեմ մարզական կարիերաս, բայց արդեն այդ մասին մտածելու ժամանակն է:

Արթուր, որդիդ՝ փոքրիկ Գրիգորը, ինչպե՞ս է քեզ մոտիվացնում մենամարտից առաջ:

Ամեն կերպ` իր աշխուժությամբ, ժպիտով…

Մենամարտը տեղի կունենա ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը Երեւանի ժամանակով ժամը 00:30-ին: Կհեռարձակվի  Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը նախորդ տարվա նոյեմբերի 12-ին Մոնակոյում պետք է ռեւանշ մենամարտ անցկացներ բրիտանացի Մարտին Մյուրեի հետ, սակայն արմունկի վնասվածքի պատճառով հրաժարվել էր այդ մենամարտից: Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել էր հուլիսի 16-ին Բեռլինում՝ նոկաուտով 8-րդ ռաունդում հաղթելով նորվեգացի Թիմ Ռոբին Լիհաուգին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով