18:54 19 ապրիլի, 2017Փոքրիկ Գրիգորն ինձ շատ է մոտիվացնում իր ժպիտով եւ աշխուժությամբ: Հեշտ լինի, թե դժվար, պետք է հաղթեմ Ռոբին Կրասնիկիին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, ով այս օրերին պատրաստվում է ապրիլի 22-ին Գերմանիայում կայանալիք մենամարտին։ 37-ամյա Արթուր Աբրահամի մրցակիցը լեհ Ռոբին Կրասնիկին է: Մենամարտը կկայանա Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում:
Արթուր, մի քանի օրից քո հերթական մենամարտն է: Ինչպե՞ս ես տրամադրված, ինչպե՞ս է անցնում մենամարտի նախապատրաստական փուլը:
Հաղթական եմ տրամադրված, լավ եմ, ամեն ինչ լավ է: Երկար պատրաստվել եմ այս մենամարտին եւ պետք է հաղթեմ:
Ի՞նչ մարզումային փուլ ես անցել եւ ի՞նչ մարզավիճակում ես այժմ:
Իմ մարզիչի` Ուլի Վեգների հետ ամիսներ շարունակ ամենօրյա մարզումների մեջ էի Բեռլինում եւ Քինբաում քաղաքում: Հիմա լավ մարզավիճակում եմ, մարզիչս էլ գոհ է իմ մարզավիճակից:
Մրցակիցդ լեհ 29-ամյա Ռոբին Կրասնիկին է: Ի՞նչ կասես լեհ բռնցքամարտիկի մասին: Հե՞շտ կլինի նրան հաղթելը:
Ուժեղ, ճկուն մարզիկ է: Դիտել եմ նրա մենամարտերի տեսագրությունները, ամեն ինչ կանեմ նրան հաղթելու համար: Նրա թույլ կողմերի մասին ոչինչ չեմ ասի, միայն կասեմ, որ ես եւ մարզիչս ուսումնասիրել ենք նրա ոճը եւ համապատասխան մարտավարություն մշակել: Հեշտ լինի թե դժվար, պետք է հաղթեմ:
2016-ի նոյեմբերին դու պետք է ռեւանշ մենամարտ ունենայիր բրիտանացի Մարտին Մյուրեի հետ, որից սակայն հրաժարվեցիր արմունկիդ վնասվածքի պատճառով: Չի զգացվի՞ վնասվածքի հետեւանքները:
Արմունկս էր վնասվել, հիմա ամեն ինչ կարգին է, որեւէ խնդիր` կապված այդ վնասվածքի հետ, չունեմ:
Իսկ Մարտին Մյուրեի հետ ռեւանշ մենամարտը կկայանա՞:
Ոչ, չի կայանա:
Այս մենամարտդ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան է նախորդում: Ո՞ւմ կնվիրես այս հաղթանակդ:
Պարտավորեցնող է, որ մենամարտս ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նախորդող գիշերն է լինելու: Պետք է հաղթեմ, հաղթանակս, անշուշտ, կնվիրեմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Արթուր, արդեն 37 տարեկան ես: Տարիքը չի՞ խանգարում ռինգում:
Ոչ, դեռ չի խանգարում, բայց արդեն կամաց-կամաց պետք է մտածել ռինգը թողնելու մասին:
Ե՞րբ ես նախատեսում:
Դեռ հստակ որոշված չէ, թե երբ եւ ինչպես կավարտեմ մարզական կարիերաս, բայց արդեն այդ մասին մտածելու ժամանակն է:
Արթուր, որդիդ՝ փոքրիկ Գրիգորը, ինչպե՞ս է քեզ մոտիվացնում մենամարտից առաջ:
Ամեն կերպ` իր աշխուժությամբ, ժպիտով…
Մենամարտը տեղի կունենա ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը Երեւանի ժամանակով ժամը 00:30-ին: Կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը նախորդ տարվա նոյեմբերի 12-ին Մոնակոյում պետք է ռեւանշ մենամարտ անցկացներ բրիտանացի Մարտին Մյուրեի հետ, սակայն արմունկի վնասվածքի պատճառով հրաժարվել էր այդ մենամարտից: Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել էր հուլիսի 16-ին Բեռլինում՝ նոկաուտով 8-րդ ռաունդում հաղթելով նորվեգացի Թիմ Ռոբին Լիհաուգին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.