10:10  AMT,  19 ապրիլի, 2017

Հակոբ Սերոբյանը՝ Ռումինիայից. Այս Եվրոպայի առաջնությունը բարդ է լինելու, մեր խնդիրը գոնե մեկ մեդալ նվաճելն է

Այս Եվրոպայի առաջնությունը բարդ է լինելու անցյալ տարվա համեմատ, քանի որ նոր կանոնադրությունով եւ օրենքների բազմաթիվ փոփոխություններով է անցկացվելու: Մեր խնդիրը գոնե մեկ մեդալ նվաճելն է, եթե դա նույնիսկ լինի երրորդ տեղի մեդալ, ես գոհ կլինեմ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռումինիայից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը, Եվրոպայի փոխչեմպիոններ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Դոհայում վերջերս կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում ոսկե մեդալ նվաճած Արթուր Թովմասյանը, Վիգեն Խաչատրյանն ու Արմեն Պետրոսյանը ապրիլի 19-23-ը Ռումինիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:

Պարոն Սերբոյանը, 6 մարմնամարզիկ է ներկայացնելու Հայաստանը Եվրոպայի առաջնությունում: Ինչպե՞ս եք տրամադրված:

Մրցում է, պայքարը ցույց կտա: Ամեն գործիքի վրա 120-130 մարմնամարզիկ է պայքարելու լավագույնի կոչումին արժանանալու համար: Ընդհանուր առմամբ 168 մարզիկ է մասնակցելու առաջնությունը: Անչափ մեծ մրցակցություն կա եւ մեծ պայքար է սպասվում մեզ: Ակնկալիքս այն է, որ պետք է եզրափակիչ մտնեն ու պայքարեն:

Հարություն Մերդինյանը Եվրոպայի գործող չեմպիոնն է: Ի՞նչ հույսեր կան նրանից:

Ձեռքի վնասվածքը կա, բայց այսօր նա լիարժեք կատարում է իր վարժությունը: Վստահ եմ, որ եզրափակիչ դուրս կգա: Նրա վարժությունում բարդացում չկա: Կարող էինք բարդացնել, բայց քանի որ ձեռքն այդ վիճակում է, որոշեցինք ռիսկի չգնալ: Մեզ պետք է, որ Հարությունն անի այն, ինչն ինքը կարողանում է: Բարդացնելու կամ նոր տարրի մասին հետո կմտածենք: Ապրիլի 17-ին Եվրոպայի առաջնության գլխավոր փորձն էր, որը կայացավ հենց մրցավայրում: Հարությունը նորմալ արեց իր վարժությունը, ես գոհ եմ: Նորմալ մարզավիճակ ունի: Նա ուժեղներից մեկն է, եթե իր միջին հնարավորություններով էլ անի որակավորման փուլում, 8 լավագույնների մեջ կլինի:

Երեւանյան ասուլիսներից մեկի ժամանակ ընդգծեցիք, որ այս Եվրոպայի առաջնությունը շատ բարդ է լինելու: Ինչո՞ւ:

Խոսքը վերաբերում է նոր կանոնադրությանն ու օրենքների փոփոխություններին: Դեռեւս այս տարվա փետրվարին մենք մասնակցեցին մրցավարների կարգ ստանալու քննությանը, որտեղ Հայաստանից մասնակցած բոլոր մարզիչներս շատ բարձր միավորներ են վաստակել եւ այսօր ունենք արդեն միջազգային կարգ ունեցող 4 մրցավար: Սա նշանակում է՝ մենք շատ լավ տիրապետում ենք նոր կանոնադրությանը, նոր փոփոխություններին: Հավաքել ենք նոր վարժություններ, նոր կատարումներ: Օրինակ՝ այս մրցումներում առաջին անգամ կիառվելու օղակների վարժության գնահատման նոր ձեւ: Նախկինում, երբ ազարյանական խաչ էին պահում կամ ստատիկ դրություն էին անում, մենք՝ մրցավարներս էինք հաշվում միավորները, եթե մարզիկը լիարժեք պահում էր ստատիկ դրությունը: Հիմա, առաջին անգամ կիառվում է «սմարթ ռինգս» մեխանիզմ. օղակներին միացված է համակարգ, որն ավտոմատ նշում է՝ մարզիկը պահեց ստատիկ դրությունը, թե ոչ: Գլխավոր փորձի ժամանակ ես հետեւում էի նոր մեխանիզմի կիրառմանը Արթուր Թովմասյանի կատարման ժամանակ եւ նկատեցի մարդկային գործոն ու շատ զայրացա. մի պահ ցույց տվեց, որ Թովմասյանը չպահեց ու ես զայրացա նրանից, որ սուբյեկտիվ պահ նկատեցի: Մրցավարները ուշ սեղմեցին կոճակը:

Մեկ այլ փոփոխություն. գլխավոր փորձի ժամանակ շվեդ մրցավարին թույլ չտվեցին դատի: Ասացին դու իրավունք չունես դատելու, քանի որ շվեդ մրցավարի կնոջ քրոջ տղան մասնակցում է մրցումներին այն էլ՝ Ֆինլանդիայից: Ու նույն ազգանունով էլ չեն: Այսինքն՝ մրցավարի հետ բարեկամական կապ կա, ինքն իրավունք չունի դատելու: Սա նորություն էր, որն իմացանք այստեղ, զարմացանք:

Արթուր Դավթյանը Եվրոպայի չեմպիոն դառնալու հնարավորություն ունի՞:

Եթե չեմպիոն ունենանք, շատ ուրախ կլինեմ: Արթուր Դավթյանի հնարավորությունները հենացատկում իրականում քիչ են, քանի որ նոր կանոնադրությունն ազդել է ամենաշատը: Այն բարդ ցատկերը որ անում էր, հիմա, ըստ նոր կանոնադրության, իրավունք չունի այլեւս այդ նույն ցատկերը կատարել երկրորդ փորձի ժամանակ: Նոր ցատկ պետք է անի, որը մենք ժամանակ չունեցանք սովորելու: Երկրորդ փորձի ժամանակ նոր ցատկ կանի, բայց ոչ այնքան մեծ բարդության: Մենք անելու ենք երկու պտույտով ցատկ, որն 0.8 միավորով ավելի ցածր է: Այդ պատճառով Արթուր Դավթյանի վրա այս փոփոխություններն ամենաշատն են ազդել: Դոհայում ուզում էինք նոր, շատ բարդ տարրով ցատկ փորձել, բայց դրա համար մեզ շատ երկար ժամանակ էր անհրաժեշտ:

Օղակների վարժությունում հանդես են գալու Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը: Նախատեսում էիք նոր տարր մտցնել Վահագնի վարժության մեջ, որն էլ հետագայում նրա անունով էր կոչվելու: Ուժի մե՞ջ է:

Նոր էլեմենտ չենք մտցրել: Այդպիսի պլաններ ունեինք, բայց թողեցինք հետո: Եվ Վահագնի, եւ Արթուրի վարժությունները բարդացված են: Եթե ընկնենք տարրի հետեւից, Վահագն Դավթյանն ավելի շատ սխալներ թույլ կտա եւ միավորներ կկորցնի: Տարրը նրա անունով անելը այս դեպքում երկրորդական է:

Վիգեն Խաչատրյանից ու Արմեն Պետրոսյանից սպասելիքներն ինչպիսի՞ն են:

Արմեն Պետրոսյանը նժույգի վարժությունում միայն հանդես կգա: Վիգեն Խաչատրյանը բազմամարտ: Արմեն Պետրոսյանի այդքան մեծ սպասելիքներ չունեմ: Եթե նա կարողանա եզրափակիչ մտնել, դա կլինի շատ մեծ արդյունք իր համար:

Քանի՞ մրցավար կունենա Հայաստանը Եվրոպայի առաջնությունում:

Այստեղ երկու մրցավարով ենք՝ ես եւ Արթուր Գյուրջինյանը: Հույս ունեմ, որ մրցավարները օբյեկտիվ կգնահատեն մեր տղաներին: Ապրիլի 19-ի երեկոյան կիմանանք, ովքեր են պայքարը շարունակելու եզրափակիչում: Առաջինը պայքարի մեջ կմտնեն Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը օրվա երկրորդ կեսին: Իսկ արդեն երեկոյան պայքարը կսկսվի առանձին գործիքների վրա:

Լուսինե Շահբազյան

NEWS.am Sport


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

Loading...
  • Հարցում
Ո՞ր ակումբի երկրպագուն եք
«Բարսելոնա»
«Ռեալ»
«Մանչեսթեր Յունայթեդ»
«Չելսի»
«Բորուսիա Դորտմունդ»
«Բավարիա»
«Յուվենտուս»
Այլ ակումբ
  • Ֆեյսբուք
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...