21:50  ,  26 մարտի, 2017

Ղազախստանը կարմիր քարտից հետո չդիմացավ Հայաստանի հավաքականի ճնշմանը (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ աշխարհի առաջնության ընտրական փուլում: Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում մրցակիցը E խմբի հետնապահ Ղազախստանի հավաքականն էր, որը պարտվեց 0:2 հաշվով:

Հայաստանի հավաքականը խաղը սկսել էր 4-1-4-1 տակտիկական սխեմայով: Խաղի առաջին րոպեին Հայաստանի թիմն անցկացրեց վտանգավոր գրոհ, որի ժամանակ Գեւորգ Ղազարյանը բախվեց մրցակցի դարպասապահի հետ եւ չկարողացավ շարունակել հանդիպումը: Պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպանին դաշտից դուրս բերեցին պատգարակով, իսկ նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Տիգրան Բարսեղյանը մակեդոնական «Վարդարից»:

Դաշտի տերերն առաջին վտանգավոր պահը ստեղծեցին եւ չօգտագործեցին 9-րդ րոպեին, երբ Արթուր Սարկիսովը որոշեց միայնակ ավարտին հասցնել գրոհը եւ փոխանցում չկատարել ավելի լավ դիրքում գտնվող Տիգրան Բարսեղյանին: Հյուրերը պատասխանեցին 12-րդ րոպեին, երբ գեղեցիկ գրոհից հետո Արսեն Բեգլարյանը որսաց ոչ այնքան հաջող հարվածը: Սկզբնամասում խաղն անցնում էր հավասար պայքարում: Ղազախները հանգիստ վերահսկում էին գնդակը, իսկ դաշտի տերերը չէին դիմում լուրջ պրեսինգի:

20-րդ րոպեին Հայաստանի հավաքականը տուգանային հարվածի իրավունք ստացավ վտանգավոր դիրքում, սակայն Հենրիխ Մխիթարյանի հարվածը հաջող չստացվեց: 23-րդ րոպեին ստադիոնում հավաքված երկրպագուները միասին «ալիք» բարձրացրին, բայց դա չանդրադարձավ խաղի տեմպի վրա: Հանդիպման տեմպը բարձր չէր, իսկ իրական գոլային պահեր չկային: Տանտերերը հաշիվը բացելու հրաշալի պահ ունեցան 30-րդ րոպեին, երբ Մարկոս Պիզելին չկարողացավ գրավել դարպասը հարմար դիրքից:

Խաղի ամենաիրական գոլային պահը եղավ 37-րդ րոպեին: Հենրիխ Մխիթարյանը, պատ խաղարկելով Մարկոս Պիզելիի հետ, դուրս եկավ հարվածային դիրք եւ կատարեց հարված, որից հետո գնդակը դիպավ դարպասաձողին եւ դուրս եկավ դաշտից: Խաղակեսի վերջնամասում Հայաստանի հավաքականն ավելի ակտիվ էր, բայց թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում դաշտի տերերը կարող էին բացել հաշիվը, սակայն Տիգրան Բարսեղյանը հարվածելու փոխարեն փորձեց շրջանցել մրցակցին եւ կորցրեց գնդակը: Դրանից հետո Ղազախստանի հավաքականն անցկացրեց մի քանի գրոհներ, որոնք եզրափակեց շեղ հարվածներով: Ընդմիջումից հետո գրոհներն ավելի շատ էին: Հայաստանի թիմի գրոհները բավական պարզունակ էին, իսկ հյուրերն անցկացնում էին դիրքային ու վտանգավոր գրոհներ:

64-րդ րոպեին ղազախները մնացին 10 խաղացողներով: «Աստանայի» պաշտպան Սերգեյ Մալին սահանկումով կասեցրեց Հենրիխ Մխիթարյանի վտանգավոր առաջխաղացումը եւ, ստանալով երկրորդ դեղին քարտ, հեռացվեց դաշտից: Թվային առավելության ստացած Հայաստանի հավաքականն անմիջապես վերցրեց գնդակը եւ ուներ տարածքային մեծ առավելություն, բայց իրական գոլային պահեր ստեղծել չէր հաջողվում:

Վերջնամասում խաղն անցում էր ղազախների կիսադաշտում: Հայաստանի թիմն աստիճանաբար մեծացնում էր առավելությունը, որը գոլի վերածեց 73-րդ րոպեին: Հենրիխ Մխիթարյանը մրցակցի տուգանային հրապարակի մոտ ստացավ գնդակը եւ ամեն բան արեց իդեալական՝ 1:0: Շուտով գնդակը նաեւ երկրորդ անգամ հայտնվեց հյուրերի դարպասում:

Հաշիվը 76-րդ րոպեին 2:0 դարձրեց փոխարինման դուրս եկած Արաս Օզբիլիսը, որը շատ ակտիվ էր մտել խաղի մեջ: Վերջնամասում Ղազախստանի հավաքականին չհաջողվեց լուրջ ինչ-որ բան առաջարկել մրցակցին, իսկ դաշտի տերերը հանգիստ վերահսկում էին գնդակը եւ խաղը հասցրին հաղթական ավարտի:

Այս հաղթանակից հետո Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը վաստակեց 6 միավոր եւ հավասարվեց երրորդ տեղում գտնվող դանիացիներին, որոնք այս տուրում հյուրընկալվելու են Ռումինիային:

ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի հունիսի 10-ին՝ հյուրընկալվելով Չեռնոգորիայի թիմին, որին Երեւանում հաղթել էր 3:2 հաշվով:

ԱԱ-2018, եվրոպական գոտի, 5-րդ տուր
E խումբ
Հայաստան - Ղազախստան՝ 2:0

Հենրիխ Մխիթարյան, 73, Արաս Օզբիլիս, 76

Հեռացում՝ Սերհեյ Մալի, 64 (Ղազախստան)

Հայաստան. Արսեն Բեգլարյան, Տարոն Ոսկանյան, Գաել Անդոնյան, Վարազդատ Հարոյան, Լեւոն Հայրապետյան, Գոռ Մալաքյան, Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիզելի (Էդգար Մանուչարյան, 65), Գեւորգ Ղազարյան (Տիգրան Բարսեղյան, 4), Կամո Հովհաննիսյան, Արթուր Սարկիսով (Արաս Օզբիլիս, 70):

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով