11:30  ,  4 մարտի, 2017

Արմեն Մկրտչյան. Եվրոպայի առաջնությանը կմասնակցենք 11 ըմբիշով (ֆոտո)

Եվրոպայի առաջնությանը կմասնակցենք 11 ըմբիշով։ Տղաների հետ աշխատում ենք մի նպատակի՝ չեմպիոնական տիտղոսների համար։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանն, ում գլխավորությամբ թիմը ուսումնամարզական հավաք է անցնում Ծաղկաձորի մարզաբազայում։ NEWS.am Sport-ի թղթակիցը ներկա գտնվեց մարզումային օրերից մեկին։ Մարզմանը հետեւում էր նաեւ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը, որը չէր միջամտում նորանշանակ մարզիչի աշխատանքին։ Արմեն Մկրտչյանն ամենայն մանրամասնությամբ ըմբիշներին սեփական օրինակով ցուցադրում եւ սովորեցնում էր պաշտպանվելու կամ հնարք անելու նրբությունները։

Մարզումների ավարտին նա պատմեց տպավորությունների, խնդիրների եւ առաջիկա ծրագրերի մասին։

«Հավաքականի հետ աշխատանքս հետաքրքիր է սկսվել։ Թիմի տղաների հետ հասցրել ենք ընկերանալ, բոլորի հետ ծանոթացել եմ։ Շատ լավ տղաներ են, լավ մարդիկ են ու նաեւ շատ լավ մարզիկներ։ Միասին փորձում ենք աշխատել մեկ նպատակի համար՝ չեմպիոնական տիտղոսների։ 

Այսքան կարճ ժամանակահատվածում չէի կարող թիմի խնդիրներին ծանոթանալ, բայց մոտավոր պատկերացում կազմում եմ ՝ ինչի վրա պետք է աշխատենք, ինչ խնդիր ունեն մարզիկները, ինչից են թույլ։ Շեշտը դնելու ենք տեխնիկայի, ուժայինի եւ արագության վրա։ Օրինակ՝  ծանր քաշայինները միշտ ֆիզիկապես թուլանում են, այդ պատճառով չեն դիմադրում։ Բացի այդ այս քաշերում քիչ են եւ պարտավոր ենք ուժայինի վրա շատ աշխատել։

Կարծում եմ՝ իմ աշխատելաոճը նոր է մարզիկների համար։ Առաջին մարզումներից հետո տղաները մոտենում էին, ասում էին՝ ոտքերն են ձգվել, այս կամ այն վարժությունը նոր է, չեն կարողանում։ Կարծում եմ՝ լավ տպավորություններ ունեն իմ մարզումներից։

Հավաքին մասնակցում է 30 ըմբիշ։ Մարզումներին ինձ օգնում են հավաքականի նախկին անդամներ Միհրան Ջաբուրյանը, Էդգար Ենոքյանը, մեզ հետ աշխատում է նաեւ Հաբեթնակ Կուրղինյանը , մեզ օգնելու է եկել նաեւ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը։

Հավաքը Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլն է, բայց նախքան Եվրոպայի առաջնությունն ունենք Թուրքիայի մրցաշար, որի կազմով էլ կմասնակցենք Եվրոպայի առաջնությանը, բացառություն կլինի միայն Լեւան Բերիանիձեն։ Թուրքիայի մրցաշարին Բերիանիձեն չի մասնակցի, քանի որ ունի քաշի խնդիր։ Մինչ այդ նա կվերականգնի իր քաշը, իսկ մենք առաջին համարներով կմասնակցենք Թուրքիայի մրցաշարին։

Եվրոպայի առաջնությանը կմասնակցի  57 կգ քաշային կարգում Գարիկ Բարսեղյանը, 61 կգ-ում՝ Վոլոդյա Ֆրանգուլյանը, 65 կգ-ում՝ Նարեկ Սիրունյանը, 70 կգ-ում՝ Վալտեր Մարգարյանը, 74 կգ-ում՝ Գրիգոր Գրիգորյանն ու Վարուժան Կոջոյանը , 86 կգ-ում՝  Վահե Թամրազյանը, 97 կգ-ում՝ Գեւորգի Կետոեւն ու Շամիր Աթյանը, իսկ 125 կգ-ում Լեւան Բերիանիձեն եւ Անդրանիկ Գալստյանը»,- ասաց Արմեն Մկրտչյանը։

Հավաքը կտեւի մինչեւ մարտի 8-ը։ Մարտի 9-ին թիմը կմեկնի Թուրքիա, որտեղ մարտի 10-12-ը կմասնակցի միջազգային մրցաշարի։ Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա մայիսի 2-8-ը Սերբիայում։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով