23:19  ,  26 փետրվարի, 2017

Դավիթ Թորոսյան. Հայ բռնցքամարտիկները փորձի խայտառակ պակաս ունեն

Հայ բռնցքամարտիկները փորձի խայտառակ պակաս ունեն: Հովհաննես Բաչկովի, Արամ Ավագյանի ու Նարեկ Աբգարյանի հաղթանակները հույս են ներշնչում, որ հայկական բռնցքամարտի ավանդույթները կվերականգնվեն:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանն, ամփոփելով Սոֆիայում ավարտված «Ստրանջա-2017» մրցաշարը, որի հաղթողի կոչումը 64 կգ քաշային կարգում նվաճել է Հովհաննես Բաչկովը: Հայաստանը մրցաշարին մասնակցում էր 9 բռնցքամարտիկով:

Պարոն Թորոսյան, ինչպե՞ս կգնահատեք հայ բռնցքամարտիկների մասնակցությունը «Ստրանջա-2017»-ին:

Հովհաննես Բաչկովն արեց այն մաքսիմալը, որը պահանջվում էր: Շատ երկար տարիներ մենք այս մրցաշարում հաղթող չէինք ունեցել: Վերջապես հայ բռնցքամարտիկը փայլեց այդ մրցաշարում, ինչը շատ հուսադրող է, որ վաղվա մեր մյուս մրցումներում Հովհաննես Բաչկովն իրեն ցույց կտա լավ կողմերով:

Մյուս մասնակիցերի մասին ի՞նչ կասեք:

«Ստրանջան» ամենահզոր մրցաշարերից մեկն է: Մենք ժամանակով պայմանավորված այդքան հնարավորություն չունենք մանր-մունր մրցաշարերի մասնակցել: Այսպիսի մրցաշարերի պետք է մասնակցենք, որ եւ հզոր լինի, եւ փորձ տա հայ բռնցքամարտիկներին: Եվրոպայի, աշխարհի առաջնություններն արդեն  մետ են եւ չենք կարող թույլ մրցաշարերին մասնակցել:

Մյուս 8 մասնակիցների մասով միայն կասեմ, որ դեռ զիջում են մրցակիցներին: Մարզիչների խոսքով, այնպես չի եղել, որ ինչ-որ մեկին անարդար դատեն, մարտը չտան: Նրանք, ովքեր պարտվել են, բառիս բուն իմաստով զիջել են իրենց մրցակիցներին: Իսկ օրինակ՝ Հովհաննես Բաչկովն ուղղակի ջախջախել է իր մրցակիցներին: 5 մենամարտ անընդմեջ փայլուն հաղթանակներ է տարել: Առաջին մենամարտում նոկաուտի ենթարկեց մրցակցին: Հաջորդ 4 մենամարտերում անպայման մեկ անգամ մրցակիցներին մի հարվածով տապալում էր գետնին: Այս հաղթանակով հույս է արթնանաում, որ հայկական բռնցքամարտի հին ավանդույթները աստիճանաբար վերականգնվում են:

«Ստրանջայից» առար  մեր հարցազրույցում նշել էիք, որ այս մրցաշարը նաեւ փորձարկումային է երիտասարդներիի համար: Ի՞նչ որակներ ցույց տվեցին երիտասարդ բռնցքամարտիկները:

Մեր բռնցքամարտիկները փորձի խայտառակ պակաս ունեն: Հենց այդ պարզ պատճառով ոմանք ռինգում մոլորվում են, որովհետեւ հանդիպում են ոչ վաղ անցյալում աշխարհի, Եվրոպայի, օլիմպիական մրցանակակիրների եւ փորձի պակասի պատճառով պարտվում, զիջում մրցակիցներին: Մեզ խիստ անհրաժեշտ է փորձ ձեռք բերել եւ շատ կարճ ժամանակում: Այլապես ոչնչի չենք հասնի: Մարզումները ես կազմակերպում եմ համապատասխան ընթացակարգով, ինչը բերում է արդյունքների: Խնդրեմ. արդյունքն արդեն կա: Կկրկնվեմ, բայց ցանկանում եմ շեշտել, որ վերջին 6, 7, 8 տարիների ընթացքում մեզ չէր հաջողվել չեմպիոնի տիտղոս նվաճել «Ստրանջայում»:

Ստրանջա-2017-ի օրերին եւս 2 հաղթանակ նշեցիք պրոֆեսիոնալ ռինգում՝ Արամ Ավագյանը եւ Նարեկ Աբգարյանը:

Ինձ շատ ուրախացրին Արամ Ավագյանի եւ Նարեկ Աբգարյանի պրոֆեսիոնալ ռինգում տարած հաղթանակները: Երկուսն էլ ջարդուփշուր արեցին մրցակիցներին եւ 6 ռաունդանոց մենամարտերը թույլ չտվեցին մինչեւ վերջ ընթանան: Արամ Ավագյանն ուղղակի քայքայեց մրցակցին: Երրորդ ռաունդում մարտավկաները հետագա վտանգներից խուսափելու համար հրաժարվեցին մենամարտը շարունակելուց, քանի որ բռնցքամարտիկի վիճակն անհուսալի էր: Նարեկ Աբգարյանը եւս ջարդեց մրցակին: Մարզադահլիճում հավաքված հայության ուրախությանը չափ չկար, բոլոր Հայաստանի եռագույները հպարտ ծածանում էին, որ երկու հայ բռնցքամարտիկ գեղեցիկ հաղթանակ տարան ռինգում: Երկուսն էլ 6 ռաունդանոց մենամարտերն ավարտեցին երրորդ ռաունդում՝ փառահեղ հաղթանակներով: Ես շատ գոհ եմ: Ցույց տվեցին այն, ինչ ես սպասում էի:

Որո՞նք են առաջիկա ծրագրերը:

Անմիջապես վաղը մեծահասակներն ու երիտասարդները նոր ուսումնամարզական հավաք կմեկնարկեն Երեւանում: Երիտասարդները կնախապատրաստվեն մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Մեծահասակները զուգահեռ կպատրաստվեն միջազգային մրցաշարի Գերմանիայում: Մեկ մրցաշար էլ ունենք Թուրքիայում, բայց դեռ չգիտեմ՝ երբ եւ ինչպես է լինելու:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով