18:08  ,  21 փետրվարի, 2017

Արմեն Գյոզալյան. Դրամահավաքն անձնական շահ չի հետապնդում

Դրամահավաքը կօգնի Տոկիո-2020-ում երկու հեծանվորդ նախապատրաստելու համար: Մեր գերնպատակը Տոկիոյի Օլիմպիական խաղերում գոնե մեկ բարձրակարգ մարզիկ ունենալն է: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը:

Հայ հեծանվորդներն այս շրջանում նախապատրաստվում են մայիսին կայանալիք Հայաստանի առաջնությանը: Չնայած ցուրտ եղանակային պայմաններին հայ հեծանվորդներն ակտիվ մարզումներ են անցկացնում Հայաստանի հեծանվային սպորտի ազգային տեխնիկական կենտրոնի եւ հեծանվային սպորտի մարզադպրոցում: NEWS.am Sport-ի թղթակիցը ներկա եղավ մարզումային օրերից մեկին:

Հայ հեծանվորդները Հայաստանի առաջնությունից հետո կսկսեն օլիմպիական քառամյա փուլը, սակայն մրցաշրջանն անցնելու համար մարզիկները ֆինանսական խնդիր ունեն:

Պարոն Գյոզալյան, ի՞նչ նպատակ ունի դրամահավաքը եւ ինչո՞ւ որոշվեց դիմել դրամահավաքին:

Դրամահավաքի միտքը տվել է դեռեւս մեր միակ աշխարհի չեմպիոն Մեսրոպ Շաբոյանը, ով բնակվում է ԱՄՆ-ում: Մենք առաջին ֆեդերացիան չենք, որ դրամահավաք ենք անում, ամբողջ աշխարհում ընդունված միջոց է: Դրամահավաքի նպատակը մինչեւ Տոկիո-2020-ը հայ մարզիկների վարկանիշային մրցաշարերին մասնակցության հնարավորությունն է: Հաշվարկներ ենք արել եւ կոնկրետ գումար ենք հավաքում՝ 50 հազար ԱՄՆ դոլար: Սա քիչ գումար է սպորտի համար, բայց այս գումարով կկարողանանք մինիմալ ծախսերը հոգալ, մարզիկներին վարկանիշային մրցաշարերի ուղարկել: Հեծանվասպորտի վարկանիշային մրցաշարերը սկսվում են 2018 թվականից, բայց մինչ այդ կան մրցաշարեր, որոնք տալիս են միավորներ այդ վարկանիշային մրցաշարերին մասնակցելու համար:

Պետբյուջեի տրամադրվող գումարը 13 մլն դրամ է, ֆեդերացիային ֆինանսապես օգնում է նաեւ ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանը: Բայց մեր վարկանիշային ուղին մինչ 2020-ը այնքան երկար է, որ մեր ունեցած ֆինանսական միջոցներով չենք կարողանա բոլորին մասնակցել: Որքան քիչ մրցաշարերի մասնակցեն հեծանվորդները, այնքան ավելի քիչ կլինեն վարկանիշային միավորները:

Իսկ 50 հազար դոլարը բավարա՞ր է քառամյա փուլի ֆինանսական ծախսերը լիարժեք հոգալու համար:

Սա սիմվոլիկ գումար է, բնականաբար բավարար չէ ամբողջ ծախսերը հոգալ, բայց գումարը միայն ծախսվելու է մարզիկների մրցաշարեր մեկնելու համար: Մինչեւ 2018 թվականն ունենք աշխարհի գավաթի խաղարկությունների 4 փուլ եւ Եվրոպայի առաջնություն, եւ դրանք 2018 թվականի աշխարհի առաջնության վարկանիշ են տալիս: Իսկ արդեն աշխարհի առաջնությունից սկսվում է օլիմպիական ծրագիրը: Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կայանալու է այս տարվա հոկտեմբերի 17-21-ը Բեռլինում: Նոյեմբերին տեղի կունենա աշխարհի գավաթի խաղարկությունների 2 փուլերը՝ Հոլանդիայում եւ Շոտլանդիայում: Աշխարհի գավաթի 3-րդ եւ 4 փուլերը կլինեն 2018-ին՝ Կոլումբիայում եւ ԱՄՆ-ում: Այս երկրներ մեկնելու գումարներն արդեն մոտավոր հասկանալի է դարձնում մեր ծախսերի մեծությունը եւ ֆինանսական աջակցության անհրաժեշտությունը: Իսկ այս մրցաշարերին նախատեսում ենք մասնակցության հնարավորություն տալ մեր առաջատար հեծանվորդներից Էդգար Ստեփանյանին եւ Մհեր Մկրտչյանին: Մարզիկների հետ թիմ պետք է մեկնի բոլոր այս մրցումներին՝ մարզիչ, մեխանիկ, մերսող-բժիշկ:

Եթե կարողանանք հավաքել 50 հազար դոլարը, նաեւ մարզագույք ձեռք կբերենք այս երկու մարզիկների համար: Այս պահին մեր հեծանվորդներն ապահովված են լավ մարզագույքով, երկուսն էլ ունեն բարձրակարգ հեծանիվներ. Մհեր Մկրտչյանի հեծանիվը մեր ֆեդերացիայի սիրելի բարեկամներ Հրաչ Գեւրիկյանը եւ Անահիտ Երեմյանը նվիրեցին, Էդգար Ստեփանյանինը՝ Հայաստանի սպորտի նախարարության աջակցությամբ Պատրիկ Լորենը նվիրեց: Բայց հեծանվային սպորտն այնպիսին է, որ նույնիսկ հեծանվահրապարակի համար մարզիկը ամենաքիչը 2-3 բարձրակարգ հեծանիվ պետք է ունենա:

Էդգար Ստեփանյանը հուլիսին կմասնակցի երիտասարդների մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Արդեն դրանից հետո հոկտեմբերին երկու հեծանվորդները կմեկնեն Բեռլին՝ Եվրոպայի մեծահասակների առաջնությանը:

Ինչպե՞ս եւ ովքե՞ր կարող են մասնակցել դրամահավաքին:

Կա հաշվեհամար, կարող են գումարներ փոխանցել յուրաքանչյուրը, ով կամենում է: Թափանցիկ, պարզ դրամահավաք է լինելու, յուրաքանչյուր փոխանցողի անուն, ազգանուն ծրագրում ֆիքսվում է: Կա կայք, որտեղ նշվելու է՝ ով որքան գումար է փոխանցել: Դրամահավաքի մեկնարկի 8-րդ, 9-րդ օրն արդեն 800 դոլար գումար ունեինք հավաքված: Դրամահավաքը տեւելու է 60 օր. ծրագիրն այդքան օր է թույլատրում դրամահավաք անել:

Ֆեդերացիան ինչով կարողանում է օգնում է մարզիկներին, պետությունն ամեն ինչով մեզ աջակցում է, մեծ աջակցություն ունենք ՀԱՕԿ-ից: Դրամահավաքը չենք անում անձնական խնդիրներ լուծելու համար: Սա անում ենք, որպեսզի հայկական հեծանվասպորտում լավ արդյունքներ կարողանանք ձեռք բերել:

Մինչեւ դրամահավաք կազմակերպելը, ֆինանսական խնդրի հարցով դիմե՞լ եք ՀԱՕԿ-ի նախագահին, կամ սպորտի նախարարին:

Անձնամբ ես չեմ դիմել որեւէ մեկին, որպես հավաքականի մարզիչ: Անհատապես եղել են դեպքեր նույն Էդգար Ստեփանյանի, նաեւ Մհեր Մկրտչյանի հետ կապված, որ սպորտի նախարարությունը, ՀԱՕԿ-ը մեզ շատ են աջակցել: Այս դրամահավաքը երկար մտածելուց եւ մշակելուց, ինչպես նաեւ ֆեդերացիայի նախագահի համաձայնությամբ է արվել, որպեսզի որոշակի թեթեւացնենք ինչպես ֆեդերացիայի, այնպես էլ ՀԱՕԿ-ի եւ սպորտի նախարարության հոգսը:

Մեր գերնպատակը Տոկիո-2020-ում գոնե մեկ բարձրակարգ հեծանվորդ ունենալն է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով