21:53  ,  13 փետրվարի, 2017

Վիգեն Խաչատրյան. Գեւորգ Դավթյանը ծանրորդներին կօգնի նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգրեր

Լավ պատանիներ ունենք, հեռանկարային տղաներ են։ Նրանց կօգնի Պեկին-2008-ի բրոնզե մեդալակիր, նախկին ծանրորդ Գեւորգ Դավթյանը։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը։

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում ավարտվել է  ծանրամարտի պատանիների Հայաստանի առաջնությունը։ Մինչեւ 17 տարեկանների Հայաստանի չեմպիոններն են՝ Բաբկեն Բագրատյանը (62 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (69 կգ), պատանիների Եվրոպայի չեմպիոն Կարեն Մարգարյանը (77 կգ), Թովմաս Մելիքյանը (85 կգ), Յաշա Մինասյանը (94 կգ) եւ Կարեն Ասատրյանը (+94 կգ) :

«Պատանիների Հայաստանի առաջնության արդյունքները նորմալ կգնահատեմ։ Մասնավորապես գերազանզ էր 69 եւ 77 կգ քաշայինների հաղթողների մասնակցությունը. Եվրոպայի գործող չեմպիոն Կարեն Մարգարյանը եւ Ռաֆիկ Հարությունյանը հրաշալի կատարեցինք իրենց առջեւ դրված խնդիրը։ 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը երկամարտում բարձրացրեց 285 կգ, 69 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը՝ 287 կգ։ Կարեն Մարգարյանն արդեն ունի 2018 թվականի 3-րդ պատանեկան Օլիմպիական խաղերի վարկանիշ եւ ունի պատանեկան Խաղերում մեդալի համար պայքարելու բոլոր հնարավորությունները։ 69 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանի համար այս տարի վերջին հնարավորություններ է օլիմպիական վարկանիշի համար։ Նա եւս պատրաստ է վարկանիշ նվաճելուն։ Ունենք եւս մի քանի պատանիներ, որ հնարավորություններ ունեն օլիմպիական վարկանիշների համար այս տարի պայքարել»,-ասաց Վիգեն Խաչատրյանը։

Պատանի ծանրորդները վաղվանից կնախապատրաստվեն պատանիների աշխարհի առաջնությանը՝ մեծահասակների հետ համատեղ ծաղկաձորյան հավաքում։

«Անմիջապես վաղը պատանիները մեծահասակների հետ կմեկնեն Ծաղկաձոր, որտեղ կանցկացնենք 14-օրյա հավաք, ապա կունենանք եւս մեկ հավաք Աբովյանի մարզաբազայում։ Այս հավաքներով մեծահասակները կնախապատրաստվեն Եվրոպայի առաջնությանը, որ տեղի է ունենալու ապրիլին Խորվաթիայում, պատանիներն էլ՝ ապրիլի 1-10-ը Թաիլանդում կայանալիք պատանիների աշխարհի առաջնությանը»,- նշեց Վիգեն Խաչատրյանը։

Օրերս ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի մարզչական շտաբին միացավ Պեկին-2008-ի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն գյումրեցի նախկին ծանրորդ Գեւորգ Դավթյանը։

«Գեւորգ Դավթյանը հավաքականի գլխավոր մարզիչ եւ ֆեդերացիայի գխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի որոշումով է նշանակվել պատանիների մարզիչ։ Նա ոչ թե կգլխավորի պատանիների թիմը, այլ կօգնի ավագ մարզիչ Էդուարդ Կիզողյանին՝ օլիմպիական վարկանիշներ ձեռք բերելու համար։ Պատանիների աշխարհի առաջնությունում արդեն խաղարկվելու է երկու օլիմպիական վարկանիշ։ Գեւորգը թիմի հետ կաշխատի արդեն այս հավաքներից»,- ասաց Վիգեն Խաչատրյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով