18:17  +04,  9 փետրվարի, 2017

Դավիթ Թորոսյան. Կարեն Աղամալյանից «ժառանգություն» չեմ ստացել

Կարեն Աղամալյանն ինձ ոչ մի ժառանգություն չի թողել: Հավաքականում աշխատանքս սկսել եմ այնտեղից, որտեղ թողել էի: Կարեն Աղամալյանը մարզչական շտաբում չկա:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտմեբերի 1-ին տեղի ունեցած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 9-րդ համաժողովում Դավիթ Թորոսյանը վերանշանակվեց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում՝ փոխարինելով Կարեն Աղամալյանին: 2015 թվականի դեկտեմբերին կայացած 8-րդ համագումարում տեղի էր ունեցել հակառակը՝ Աղամալյանը փոխարինել էր Թորոսյանին:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այս օրերին Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանի «Օլիմպիական ապագա» մարզաբազայում:

Պարոն Թորոսյան, ինչպե՞ս եւ ի՞նչ ծրագրերով է սկսել հավաքականը օլիմպիական շրջափուլը

Տարին սկսեցինք ծաղկաձորյան հավաքով, որն ուղղված էր մարզիկների ընդհանուր ֆիզիկական նախապատրաստությանը: Անմիջապես Ծաղկաձորից հետո մեկնարկեց երեւանյան հավաքը, որն ուղղված է տեխնիկական բռնցքամարտին: Թիմը նախապատրաստվում է մի քանի մրցաշարերի: Առաջինը՝ Սոֆիա քաղաքում փետրվարի 20-27-ը կայանալիք Ստրանջայի մրցաշարն է: Այս մրցաշարը շատ եմ կարեւորում, այն իսկապես հզոր մրցաշար է: Ստրանջայի կազմը դեռեւս պարզ չէ, վերջնական կհայտարարվի 2  օրից, բայց մասնակցելու ենք ամբողջ կազմով: Չէի ասի, թե առաջին համարներով ենք մասնակցելու, բայց Հայաստանի չեմպիոններով եւ մի քանի օլիմպիականներով կմասնակցենք: Ունենք նաեւ զինվորական բռնցքամարտիկներ, ուժեղ մարզիկներ են, բայց այս պահին նրանք ծառայության մեջ են եւ նրանց մասնակցությունը մրցաշարերին կորոշի զինվորական ղեկավարությունը: Եթե նպատակահարմար չգտնեն զինվոր-մարզիկների մասնակցությունը, կսպասենք մյուս մրցումներին:

Ստրանջայից հետո մրցաշար ունենք Գերմանիայում, ապա երիտասարդները կմասնակցեն Ռումինիայում կայանալիք երիտասարդների Եվրոպայի առաջնությանը: Տարին հագեցած է մրցաշարերով, փորձելու ենք բոլորին ընդգրկել՝ տարբեր թիմերով, տարբեր մարզիկների փորձարկելով:

Օլիմպիական նոր մրցաշրջանի մեկնարկից Դուք վերադարձաք հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում: Ի՞նչ ժառանգություն եք ստացել Կարեն Աղամալյանից եւ ի՞նչ աշխատանք ունեք անելու Տոկիո-2020 հասնելու համար:

Ես չեմ ցանկանում որակավորում տալ որեւէ մեկին, ժառանգություն գնահատել: Կարելի է ասել՝ Կարեն Աղամալյանից ես ժառանգությունում չեմ էլ ստացել: Ես հավաքականում իմ աշխատանքը սկսել եմ այնտեղից, որտեղ կանգ էի առել: Հուսով եմ՝ կարող եմ 4 տարվա ընթացքում պատրաստել բռնցքամարտիկների, որոնք ոչ թե կկարողանան իրենց մասնակցությունն ապահովել Տոկիո-2020-ում, այլ օլիմպիական մեդալ կբերեն Հայաստանին: Չեմ բավարարվելու միայն օլիմպիական ուղեգրեր նվաճելով: Հույս ունեմ, որ կարող ենք այդ նպատակն իրագործել:

Պարոն Թորոսյանը, ովքե՞ր եւ ի՞նչ կարգով ընտրվեցին Ձեր մարզչական շտաբում եւ ի՞նչ տեղ ունի այդ շտաբում Կարեն Աղամալյանը:

Մարզչական շտաբի ընտրությունը կատարելիս հաշվի եմ առել մարզիչների կատարած աշխատանքներն ու հնարավոր պոզիտիվ գործունեությունը, որ նրանք կկատարեն հավաքականներում: Հավաքականում իմ օգնականը՝ երկրորդ մարզիչը երիտասարդ Վահան Ադիլխանյանն է: Բավական հմուտ անձնավորություն է, հասկանում է բռնքամարտը մեծ խորությամբ եւ քննադատողների շարքիչ չէ. տեսնում է լավը եւ ձգտում է գնալ լավի հետեւից: Երիտասարդների հավաքականի ավագ մարզիչը Դերենիկ Ոսկանյանն է: Կրկին հմուտ մասնագետ, տարիքն է խոսում նրա մասնագիտական որակների մասին: Պատանիների ավագ մարզիչը Արշավիր Գրիգորյանն է: Ընտրել ենք այնպիսի մարզիչների, ովքեր կարող են համագործակցել գլխավոր թիմի հետ եւ միասին մեր գործը հասցնենք հաղթական ավարտին:

Իսկ Կարեն Աղամալյա՞նը:

Ես ոչ մի տեղեկություն չունեմ Կարեն Աղամալյանի գործունեության մասին: Երեւի մարզչական աշխատանքով է զբաղվում: Ֆեդերացիայի մարզչական շտաբի հետ կապ չունի:

Ռիո-2016-ի օլիմպիականներից Արամ Ավագյանը, Նարեկ Աբգարյանը ԱԻԲԱ-ի կանոնակարգի համաձայն հանդես են գալիս նաեւ պորֆեսիոնալ բռնցքամարտում: Ի՞նչ կարգավիճակ ունեն բռնցքամարտիկները հավաքականում: Չի՞ խանգարում մարզիկների ծանրաբեռնվածությունը նաեւ պրոֆեսիոնալ մենամարտերին նախապատրաստվելիս:

Այս պահին ունենք 3 բռնցքամարտիկ, ովքեր իրավունք են ձեռք բերել հանդես գալ նաեւ պրոֆեսիոնալ ռինգում՝ Նարեկ Աբգարյանը, Արամ Ավագյանը եւ նորեկ՝ ծանր քաշային կարգում՝ ռուսաստանաբնակ հայ երիտասարդ Աղասի Մեհրաբյանը: Նրանք բոլորն էլ ազգային հավաքականում են, կմասնակցեն միջազգային մրցաշարերին եւ իրենց ուժերը կփորձեն նաեւ պրոֆեսիոնալում: Տղաներն ամբողջ թիմի հետ են մարզվում: Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանն այս պահին նախապատրաստվում են փետրվարի 25-ին Մոսկվայում կայանալիք մենամարտերին: Ուրախ եմ, որ բռցնքամարտիկները կարողանում են ներկայանալ եւ սիրողականում, եւ պրոֆեսիոնալում: Առավել ուրախ եմ, որ հնարավորություն ունեն պրոֆեսիոնալ ռինգում մենամարտել, քանի որ պրոֆեսիոնալ մարզիկի առաջ այլ դռներ ու հորիզոններ է բացվում, ինչը յուրաքանչյուր մարզիկի հարկավոր է առաջ գնալու համար:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով



  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ