19:56  +04,  1 փետրվարի, 2017

Փաշիկ Ալավերդյան. Աղջիկների ծանրամարտը կորցնելու մտավախություն ունենք

Աղջիկների ծանրամարտը կորցնելու մտավախություն ունենք եւ ամեն ինչ անում ենք, որ նման բան չլինի։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։

«Ինձ համար մեծ անակնկալ էր, որ կանանց Հայաստանի առաջնությանը այսքան ծանրորդուհի կմասնակցի։ Միշտ ծանրամարտի կանանց պայքարում խնդիր ենք ունեցել, եւ այսօր յուրաքանչյուր աղջիկ, ով դուրս է գալիս մրցահարթակ, ինձ համար ոսկի է։ Մեր տարիքով աղջիկները գուցե շուտով հեռանան սպորտից եւ մենք արդեն պետք է մտածենք նրանց փոխարինողներ գտնելու մասին։ 2017 թվականը կանանց հավաքականում փնտրտուքների տարի է, այդ պատճառով բոլորին թույլ ենք տվել մասնակցել։

Հայաստանի առաջնության արդյունքներով դեռեւս Հայաստանի հավաքականի նոր կազմ չենք ձեւավորի, կշարունակենք փնտրել նոր մարզիկների, կիլոգրամների խնդիրներ կդնենք աղջիկների առջեւ, կտեսնենք՝ ում մոտ ինչ աճ է գրանցվում։

Առաջնությունից հետո աղջիկները կնախապատրաստվեն աշխարհի պատանիների առաջնությանը, որը կայանալու է ապրիլի 4-10-ը Թաիլանդում՝ Բանգկոկում։ Այստեղ խաղարկվելու են պատանեկան Օլիմպիական խաղերի վարկանիշներ։ Աղջիկների մեծահասակների կազմը կպատրաստվի ապրիլին Խորվաթիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը։ 

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքով կանանց հավաքականում շատ խնդիրներ կան։

«Բոլոր քաշերում խնդիրներ ունենք։ Մենք աղջիկների ծանրամարտը կորցնելու մտավախություն ունենք եւ ամեն ինչ անում ենք, որ նման բան չլինի։ Եթե մեր մարզիկները հերթով հեռանան ծանրամարտից, մեզ մոտ դատարկություն կտիրի։ Ամեն ինչ անում ենք, որ չկորցնենք»։

Հարցին, թե աղջիկներից ով հնարավորություն ունի Տոկիո-2020-ի ուղեգրերի համար պայքարել, Փաշիկ Ալավերդյանը առանձնացրեց Սոնա Պողոսյանին,  Արփինե Դալալյանին, Իզաբելա Յայլյանին։

Անդրադառնալով Հռիփսիմե Խուրշուդյանի ժամանակավոր որակազրկմանը, Փաշիկ Ալավերդյանի խոսքով ամեն ինչ անհայտ է, իսկ միջազգային ֆեդերացիան շարունակում է լռել։

«Մենք ոչ մի նամակ մինչ օրս չենք ստացել միջազգային ֆեդերացիայից, թե որքան ժամանակով են Հռիփսիմեին որակազրկելու։ Նա այժմ մարզվում է, բայց ոչ հավաքականի հետ։ Եթե մինչ Եվրոպայի առաջնությունը լինի, Հռիփսիմեն անպայման կմասնակցի եւ նոր՝ 90 կգ քաշում հանդես կգա։ Բայց որքան ձգձգեն նրա ժամանակավոր որակազրկման հարցը, այնքան ավելի տհաճ կլինի նրան մասնակցելը։ Բայց ես կուզեի, որ նա պատրաստվեր համաշխարհային ուսանողական խաղերին եւ ամենակարեւորը՝ աշխարհի առաջնությանը, որովհետեւ նրա այժմ մարզվելը բավարար չի լինի կրկին Եվրոպայի չեմպիոն դառնալու համար։ Բացի այդ, հիմա նա կոտրված է, ճնշված է եւ այդպես էլ մարզվում է»,- նշեց Փաշիկ Ալավերդյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս