18:54  ,  1 փետրվարի, 2017

Արտաշես Ներսիսյան. Մեր աղջիկները չեն կարողանում շատ կիլոգրամներ բարձրացնել (ֆոտո)

Նազիկ Ավդալյանը գուցե ավարտի մարզական կարիերան, իսկ Հռիփսիմե Խուրշուդյանի հարցը դեռեւս օդից կախված է։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը։

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում փետրվարի 1-ին անցկացվել է ծանրամարտի կանանց Հայաստանի առաջնությունը։ Չեմպիոն են դարձել.  Տանզելյա Գրիգորյան (48 կգ քաշային կարգ, երկամարտի 95 կգ արդյունք), Վալենտինա Մովսիսյան (53 կգ, 116 կգ), Աննա Գովելյան (58 կգ, 151 կգ)՝ Իզաբելլա Յայլյան (63 կգ, 192 կգ), Լիանա Գյուրջյան (69 կգ, 166 կգ), Սոնա Պողոսյան (75 կգ, 217 կգ), Տաթեւ Հակոբյան (90 կգ, 213 կգ), Արփինե Դալալյան (+90 կգ, 205 կգ)։

«Հայաստանի առաջնության մասնակիցների քանակն այս տարի ավելացել է՝ 27 մասնակից ունենք Երեւանից եւ մարզերից։ Առաջնությունը բաց թողեցին Հռիփսիմե Խուրշուդյանը՝ հայտնի պատճառներով, Նազիկ Ավդալյանը եւ Քրիստինե Պետրոսյանը։ Նազիկ Ավդալյանը չմասնակցեց Հայաստանի առաջնությանը եւ չի մասնակցի նաեւ ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Հնարավոր է՝ մեր անվանի մարզուհին ավարտի մարզական կարիերան։ Դա պարզ կլինի աշխարհի առաջնությունից առաջ, երբ նա վերջնական կորոշի՝ մասնակցել աշխարհի առաջնությանը, թե հեռանալ սպորտից։

Հռիփսիմե Խուրշուդյանի հարցը դեռեւս օդից կախված է, քանի որ նրա պատասխանը դեռեւս ծանրամարտի միջազգային ֆեդերացիան չի ուղարկել։ Եթե ամեն ինչ լավ լինի, նա կնախապատրաստվի Եվրոպայի առաջնությանը նոր՝ 90 կգ քաշային կարգում։ Իսկ Քրիստինե Պետրոսյանը վնասվածք ունի, այդ պատճառով նրան ազատեցինք Հայաստանի առաջնությունից։

Այս առաջնությունում շեշտը դրել էինք երիտասարդ եւ պատանի մարզուհիների վրա։ Արդյունքներն էլ սպասելի էին, բայց քաշերի հետ կապված խնդիր ունենք։ Նախկինում մեր մարզուհիների քանակը քիչ էր, բայց նրանց բարձրացրած կիլոգրամները շատ էին, իսկ այժմ հակառակն է։ Մեր աղջիկները չեն կարողանում շատ կիլոգրամներ բարձրացնել եւ տարբերությունը նախկին ու ներկայի կիլոգրամների միջեւ ահռելի է»։

Ի դեպ, նոր՝ 90 կգ քաշայինների պայքարում ծանրորդուհիներից Դիանա Աղաբեկյանը հրում վարժության երրորդ մոտեցման ժամանակ 102 կգ բարձրացնելուց կորցրեց գիտակցությունը։ Մարզուհուն անմիջապես բժշկական օգնություն ցուցաբերեցին, վերադարձրին գիտակցությունը եւ դուրս բերեցին մրցահարթակից։

Հայաստանի առաջնության մասնակիցները պարգեւատրվեցին 10 հազարական, չեմպիոնները՝ 30 հազար, փոխչեմպիոնները՝ 20, բրոնզե մեդալակիրները՝ 15 հազար դրամով։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով