18:25  +04,  12 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Վարդան Փահլեւանյան

NEWS.am Sport-ը ներկայացնում է 30-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակներին։

Վարդան Փահլեւանյան. աթլետիկա, հեռացատկ

Ծնվել է 1988 թվականի փետրվարի 27-ին, Երեւանում։

Պրոֆեսիոնալ հեռացատկով սկսել է զբաղվել 1998 թվականից։
 
Միջազգային սպորտի վարպետ, Հայաստանի բազմակի չեմպիոն։

2009թ. Եվրոպայի 3-րդ դիվիզիոնի թիմային առաջնության չեմպիոն՝ 7 մետր 82 սմ արդյունքով։ 

2011թ. Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում անցկացված Եվրոպայի 3-րդ դիվիզիոնի թիմային առաջնության ոսկե մեդալակիր՝  7.90 մետր արդյունքով։ 

2011թ. Փարիզում կայացած Եվրոպայի ձմեռային առաջնությունում զբաղեցրել է 21-րդ տեղը։ 

2011թ. հեռացատկի Եվրոպայի  ռեկորդակիր`(8,86 մ), Եվրոպայի չեմպիոն, միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող Ռոբերտ Էմմիյանի մրցանակների խաղարկության միջազգային մրցաշարի հաղթող՝ 8.00 մետր արդյունքով։

2011թ. Համահայկական խաղերի հաղթող՝  8.00 մ արդյունքով։

2012թ. Թբիլիսիում կայացած բաց առաջնության չեմպիոն՝ 8.12 մ արդյունքով։ Այս արդյունքով նա 2 սանտիմետրով գերազանցեց սահմանված օլիմպիական վարկանիշային նորման։

Անձնական մարզիչն է Հայաստանի վաստակավոր մարզիչ Զաուր Սարգսյանը։
Ամուսնացած չէ, ունի հարսնացու։

Վարդան Փահլեւանյանի մեկնարկն Օլիմպիական խաղերում կլինի օգոստոսի 3-ին։

Ամեն ինչ սկսվեց այսպես...

«Հեռացատկով սկսել եմ մարզվել 10 տարեկանից: Մինչեւ այդ 5 տարեկանից հաճախում էի մարմնամարզության։ Ապա ուժերս փորձեցի լողում, սակայն ուրախությունս քիչ տեւեց, քանի որ լողի մարզիչս դուրս եկավ, եւ ես էլ չուզեցի շարունակել մարզումներս: Ապա տեղափոխվել եմ աթլետիկա ու արդեն մարզվում եմ ավելի քան 15 տարի։ Ինձ ծնողներս են խորհուրդ տվել զբաղվել սպորտով, մասնավորապես մայրիկս է ոգեւորված եղել իմ՝ սպորտում լինելուն։ Շատ սիրով եմ սկսել մարզվել: Մարզվել եմ «Սպարտակ» մարզադպրոցում»։


Հեռացատկում կարեւոր է արագաշարժությունը...

«Ինչպես հեռացատկը, այնպես էլ մյուս մարզաձեւերը մարզիկին դարձնում է նպատակասլաց։ Այս մարզաձեւի շնորհիվ ես սովորել եմ լինել արագաշարժ, քանի որ կարեւոր հատկանիշը արագությունն է։ Այս մարզաձեւը մարդուն կոփում է ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես։ Բացի այդ պետք է ճկուն լինել, ցատկունակություն ունենալ»։

Ես մեկնում եմ Լոդնոն...

«Ցանկացած մարզիկի երազանքն է մասնակցել Օլիմպիական խաղերին։ Ես էլ բացառություն չեմ: Սա իմ առաջին Օլիմպիական խաղերն են։ Վրաստանում ցուցադրելով իմ լավագույն արդյունքը՝ 8 մետր 12 սմ, ես ձեռք բերեցի օլիմպիական ուղեգիր։  Վրաստանի բաց առաջնությանը մասնակցեցի մեկ նպատակով՝ որպեսզի Լոնդոն մեկնելու հնարավորություն ունենամ։ Գնում եմ Լոնդոն մեծ հույսերով։ Մարզվում եմ ամենօրյա ռեժիմով։ Ֆրանսիայում, վերջին հավաքի ընթացքում կհասնեմ մարզավիճակիս գագաթնակետին։ Առաջնային նպատակս է լինելու եզրափակիչ մտնելը»։

Ակնկալիքները...

«Ակնկալիքներս մեծ են։ Բայց չեմ կարող ասել՝ սպասեք մեդալների։ Ոչ մի մարզիկ այս պահին չի կարող ասել՝ մեդալի հույս ունի, թե ոչ։ Ամեն ինչ կախված է եզրափակիչ փուլ մտնելուց։ Այս պահին միակ նպատակս նախնական ելույթում հաջող, այիսնքն՝ բարձր արդյունքով հանդես գալս է։ Ես նպատակ ունեմ, եւ ամեն ինչ կանեմ նպատակիս հասնելու համար: Եթե նույնիսկ մեդալ չունենամ,  բայց գերազանցեմ մինչեւ այսօր ունեցած արդյունքը, ապա հաղթանակս կնվիրեմ ծնողներիս, հարսանցուիս եւ մարզիչիս»։

Զաուր Սարգսյան

«Վարդան Փահլեւանյանը գտնվում է նորմալ մարզավիճակում։ Ֆրանսիայում, հավաքի ընթացքում կհասնենք կատարյալ արդյունքի։ Նա նպատակասլաց տղա է եւ սպասում եմ, որ մեզ անակնկալ կմատուցի։ Եթե անակնկալը ստացվի, մենք էլ իրեն անակնկալ կմատուցենք եւ սեպտեմբերին նրան կամուսնացնենք»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ