23:11  ,  6 հունվարի, 2017

Սյուզի Կենտիկյան. Մեծ երազանք ունեմ (ֆոտո)

Մեծ երազանք ունեմ՝ Հայաստանում անցկացնել երեք գոտիների չեմպիոնական մենամարտ, հաղթել, հաղթանակս նվիրել հայ զինվորներին եւ ավարտել մարզիկի կարիերաս:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Համբուրգից ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը:

Սյուզի, NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ Ամանորի եւ Սուրբ ծննդի կապակցությամբ: Ի՞նչ տվեց քեզ 2016 թվականը:

Շնորհակալ եմ, ես էլ շնորհավորում եմ ձեզ: Շատ եմ սիրում Նոր տարին, Սուրբ ծնունդը: Ընտանեկան տոն է: Բոլոր հայերի պես սիրում եմ նշել տանը, ընտանիքիս, ընկերներիս հետ: Չնայած Հայաստանից հեռու եմ, բայց հայկական ավանդույթներով ենք նշում այստեղ, հայկական ուտեսնտերով զարդարում տոնական սեղանը: Նվերներ անել շատ եմ սիրում, բայց ստանալ չեմ սիրում: Կարեւորում եմ այս տոնում միասնությունը, երբ բոլորը մի սեղանի շուրջ կենացներ են ասում, միմյանց շնորհավորում:

2016-ը լավ տարի էր, բայց միայն մեկ մենամարտ անցկացրեցի: Չնայած դրան զուգահեռ շատ մարզումներ ունեցա, շատ նոր բաներ սովորեցի: Անցյալ տարի շատ առաջարկներ ստացա, օրինակ գերմանական հեռուստաալիքներից մեկում պետք է մասնակցեմ «Պարիր, թե կարող ես» շոու-ծրագրին: Զուգընկերս լինելու է պրոֆեսիոնալ պարող եւ ինձ պետք է սովորեցնի պարել:  

Իսկ ի՞նչ ծրագրերով, նպատակներով ու երազանքով ես մտել 2017 թվական:

Ցանկանում եմ ավարտել մարզական կարեիրաս, բայց շատ եմ մտորում այդ որոշմանս շուրջ: Դժվար է համակերպվել ավարտելու մտքի հետ, շատ եմ սիրում մենամարտել, բռնցքամարտել:

Ծրագրում եմ այս տարի անցկացնել 3 մենամարտ, 2-ը՝ Գերմանիայում, 1-ը՝ վերջինը՝ Հայաստանում: Երազանքս է Հայաստանում կազմակերպել ու անցկացնել իսկական մեծ բռնքամարտի երեկո՝ շոու-ծրագիր, կազմակերպել միանգամից 3 գոտիների չեմպիոնական մենամարտ մեքսիկացի բռնցքամարտիկներից մեկի հետ: Ուզում եմ հաղթել, Հայաստանի դրոշը բարձրացնել, մենամարտը նվիրել հայ զինվորներին ու ամբողջ հայ ազգին: Այդպես եմ նախատեսում մարզական կարիերաս ավարտել՝ Հայաստանում, հաղթանակով, իմ ժողովրդի հետ: 

Անձնական կյանքում ե՞րբ է սպասվում փոփոխություն:

Երբ կավարտեմ բռնցքամարտիկի կարիերաս, ու կողքիս կհայտնվի ճիշտ տղամարդ, անձնական կյանքս կկառուցեմ, կպլանավորեմ ամուսնանալ:

Անձնականիս հետ կապված շատ անհեթեթ խոսակցություններ շրջանառվեցին, թե ես ամուսանցել եմ կամ հարաբերություններ ունեմ մուսուլմանի հետ, բայց իրականությունը լրիվ այլ է: Ես շատ մոտ ընկեր ունեի՝ չեչեն: Եվ մեր մտերությունն ու ընկերությունը Հայաստանում շրջանառեցին որպես ամուսնություն, ինչից շատ վշտացա: Ես դեռեւս չեմ պատրաստվում ամուսնանալ, կյանքումս տղամարդ չկա: Այժմ միայն մտածում եմ Հայաստանում մեծ շոու կազմակերպելու, չեմպիոնական մենամարտ անցկացնելու եւ այդ մենամարտով կարիերաս ավարտելու մասին:

Այս տարի Ձմեռ պապից ուզում եմ միայն հաղթանակներ ունենալ եւ դրանք նվիրել Հայաստանին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով