Ձմեռ պապից հայ ժողովրդի համար ուզել եմ առողջություն եւ երջանկություն, իսկ ինձ համար՝ վերադարձ կորտ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ թենիսիստուհի, թենիսի Ռուսաստանի հավաքականի անդամ, 21-ամյա մոսկվացի Մարգարիտա Գասպարյանը:
2016 թվականը հիշարժան էր հայազգի թենիսիտուհու պրոֆեսիոնալ կարիերայում: Անցյալ տարի Մարգարիտա Գասպարյանը կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում ընդգրկվեց լավագույն 50-ի մեջ: Ավստրալիայի բաց առաջնությունում Գասպարյանը հրաշալի հանդես եկավ՝ հաղթեց իտալուհի Սառա Էրանիին, ճապոնացի Նակա Կուրումիին, Ղազախստանը ներկայացնող Յուլյա Պուտինցեւային եւ պարտվեց աշխարհի այն ժամանակվա առաջին ռակետ Սերենա Ուիլյամսին:
Մարգարիտա, շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: Ինչպե՞ս նշեցիր Նոր Տարին:
Շնորհակալ եմ, Ձեզ էլ շնորհավոր, բոլոր հայերին եմ շնորհավորում: Թող շատ առողջ լինեն եւ ամենակարեւորը՝ երջանիկ:
Շատ եմ սիրում այս տոնը, այն շատ ընտանեկան է եւ ջերմ: Ինչպես ամեն տարի, այս տարի եւս Նոր տարին դիմավորել եմ ընտանիքիս հետ տանը: Այնպես չի, որ ամբողջ տարին սպասում եմ, թե երբ պետք է տոները մոտենան, շատ հագիստ եմ ընդունում այս օրերի անցուդարձը:
Նոր տարվա գիշերվա հեքիաթին հավատո՞ւմ ես, երազանք պահո՞ւմ ես:
Նոր տարվա գիշերը խորհրդավոր է եւ շատ հեքիաթային, բայց այդ տարիքից դուրս եմ եկել, երբ հավատում էի հեքիաթներին: Բայց փոքր տարիքում հավատում էի, հիշում եմ: Երազանք պահում եմ: Նոր տարուն երազանք պահեցի, որ այս տարի իրականան բոլոր իմ նպատակներն ու ծրագրերը: Դեռեւս երազանքներս սպորտային են:
Ձմեռ պապի գոյությանն էլ եմ հավատացել մինչեւ 15 տարեկան: Սիրում եմ ձմեռ պապ, նվերներ բաժանել, ստանալ: Այս տարի Ձմեռ պապից ինձ համար ուզել եմ Audi մակնիշի ավտոմեքենա: Դեռեւս չգիտեմ՝ երբ կլինի, բայց վստահ եմ, որ կլինի:
Ինչպե՞ս կհիշվի քեզ համար 2016-ը եւ ի՞նչ նպատակներով մուտք գործեցիր 2017 թվական:
2016 թվականը շատ բուռն էր՝ հաջողություններով, անհաջողություններով: Տարվա սկիզբը շատ լավ էր ու հաջող: Բայց 2016-ի ընթացքն ու տարվա վերջը լավ չդասավորվեց: 2016-ում ես ձախ ծնկի երկու վիրահատություն տարա եւ երկար ժամանակ չխաղացի: Այժմ վերականգնողական փուլում եմ, փորձում եմ ոչ մեծ ծանրաբեռնվածությամբ մարզումներ անել: Հույս ունեմ փետրվարից լիարժեք վերադառնալ կորտ եւ արդեն մասնակցել մրցաշարերի:
Ե՞րբ ես նախատեսում այցելել Երեւան:
2016-ի օգոստոսին մի քանի օրով եղել եմ Երեւանում, այցելել էի տատիկիս: Այդ շրջանում չէի մարզվում, հանգստանում էի, որոշեցի մի քանի օր անցկացնեմ տատիկիս հետ: Այս տարի կրկին անպայման կայցելեմ, այս անգամ գուցե երկար ժամանակով:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում