17:12  ,  29 նոյեմբերի, 2016

Անատոլի Կարպով. Աշխարհի չեմպիոնին կայծակնային խաղով որոշելը հիմարություն է

Շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը հիմարություն է համարում աշխարհի չեմպիոնին թայ-բրեյքի կայծակնային խաղի պարտիաներով որոշելը: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի եւ տիտղոսի հավակնորդ Սերգեյ Կարյակինի դիմակայությունը դասական պարտիաներից հետո տեղափոխվել է թայ-բրեյք:

«Թայ-բրեյքն արդեն շախմատ չէ: Սխալ է աշխարհի չեմպիոնին ի հայտ բերել այդ ճանապարհով: Արագ շախմատը դեռ կարելի է ընդունել, բայց կայծակնային խաղն ու «արմագեդոնը» հիմարություն են: Այդպես կարելի է որոշել ոչ թե աշխարհի, այլ բակի չեմպիոնին: Դա զարհուրելի տարբերակ է, որը ոչ մի կապ չունի ողջամտության հետ: Ծայրահեղ դեպքում, թայ-բրեյքում պետք էր անցկացնել արագ շախմատի վեց պարտիա, դրանից հետո էլ անհրաժեշտության դեպքում խաղալ մինչեւ առաջին հաղթանակը: Դա ավելի շատ է նման շախմատային խաղին»,-  Անատոլի Կարպովի խոսքը մեջբերում է tass-ը:

Հիշեցնենք, որ Կարլսենի եւ Կարյակինի 12 պարտիաներից 10-ն ավարտվել են ոչ ոքի: Հաղթողը հայտնի կդառնա նոյեմբերի 30-ին (Կարլսենի ծննդյան օրն է՝ 26-ամյակ) անցկացվելիք թայ-բրեյքում, որը կմեկնարկի արագ շախմատի 4 պարտիաներով՝ 25 րոպե + 10 վայրկյան ամեն քայլի համար: Եթե արագ շախմատի 4 պարտիաներից հետո հաշիվը լինի հավասար, կանցկացվի կայծակնային խաղի 2 պարտիա՝ 5 րոպե + 3 վայրկյան ամեն քայլին: Անհրաժեշտության դեպքում, կանցկացվի եւս չորս բլից՝ երկուական պարտիաներով:

Ոչ ոքի արդյունքի դեպքում, կնշանակվի «արմագեդոն»՝ մեկ պարտիա: Սպիտակ ֆիգուրներով շախմատիստը կունենա 5 րոպե, մրցակիցը՝ 4: Սակայն սպիտակ ֆիգուրներով հանդես եկողը պարտավոր է հաղթել: Ոչ ոքին կնշանակի սեւ ֆիգուրներով խաղացած գրոսմայստերի հաղթանակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս