17:27  ,  9 հուլիսի, 2012

Քրեական գործ Լատվիայի ամենահարուստ բասկետբոլիստի դեմ

Հուլիսի 9-ին լատվիական դատախազությունը քրեական գործ է հարուցել Լատվիայի ամենահարուստ բասկետբոլիստի, NBA-ի «Գոլդեն Սթեյթ» թիմի կենտրոնական Անդրիս Բյեդրինշի նկատմամբ` 11,5 հազար լատի (23 հազար դոլար) չափով ավելացված արժեքի հարկի վճարից խուսափելու համար:

Դատախազությունը պնդում է, որ այդ հարկը չի վճարվել Լատվիայի տարածք Malibu Wakesetter մոտորանավակը ներմուծելու համար: Մարզիկը այդ նավակը գնել էր ԱՄՆ-ում:

Ամերիկյան ակումբի հետ 2008թ. 54 միլիոն դոլարի 6-ամյա պայմանագիր ստորագրած բասկետբոլիստին սպառնում է մինչեւ հինգ տարի ազատազրկում, հարկադիր աշխատանքներ կամ տուգանք` նվազագույն աշխատավարձի 120-ապատիկ չափով, հաղորդում է Gazeta.ru-ն:

Լատվիայի պետեկամուտների ծառայությունը խախտում է համարել այն, որ նավակը Լատվիայում գրանցված է որպես ձեռնարկության տնտեսական գործունեությունն ապահովող հիմնական միջոց, որի դեպքում հարկ չի վճարվում: Սակայն իրականում բասկետբոլիստը նավակն օգտագործում է անձնական նպատակներով, նշել է դատախազությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով