15:35  ,  9 դեկտեմբերի, 2019

Ազարյան. Կարանկան և այլ անվանի մասնագետներ Հայաստան են ժամանել Մելենդեսի շնորհիվ

Դեկտեմբերի 9-ից 10-ը Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում անցկացվում է մարզչական արտոնագրերի թարմացման երկօրյա աննախադեպ դասընթաց՝ Եվրոպայի մարզչական կրթության առաջատար մասնագետների մասնակցությամբ:

Երևան են ժամանել և սեմինարին մասնակցում են նաև Ժոզե Մոուրինյոյի հետ Մադրիդի «Ռեալում» աշխատած անվանի իսպանացի մասնագետ Այտոր Կարանկան, նրա օգնական Խուան Վիլան և անգլիական «Լիդս Յունայթեդի» սպորտային տնօրեն Վիկտոր Օրտան:

ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, ՀՖՖ գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անվանի մասնագետների հրավիրման գործում իր մեծ դերն ունի ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը:

«Մարզչական արտոնագրի դասընթաց ենք կազմակերպել, որն աննախադեպ է թե իր ծավալով, թե ձևաչափով: Ուշագրավ է, որ Խինես Մելենդեսի շնորհիվ հայտնի իսպանացի մասնագետները Երևան են ժամանել և սեմինարին մասնակցում են բացարձակապես անվճար: Այլապես, այս կարգի մասնագետները մեծ գումարներ կպահանջեին: ՀՖՖ սպորտային տնօրենը մեծ հարգանք է վայելում ֆուտբոլային Եվրոպայում և հատկապես իր հայրենիքում` Իսպանիայում»,- նշեց Ազարյանը:

ՈւԵՖԱ-ի մարզչական արտոնագրերի թարմացման դասընթացին մասնակցում են տարբեր տարիներին ՊՐՈ, Ա և Բ արտոնագիր ստացած ավելի քան 250 մարզիչներ:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով