10:58  ,  14 նոյեմբերի, 2016

Պատմական հաղթանակից հետո Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է կարիերայում դադար տալու մասին (ֆոտոշարք)

Իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը պատմության առաջին մարտիկն է, որը UFC-ի գործող չեմպիոն է դառնում 2 քաշային կարգերում:

Նյու Յորքում անցկացված UFC 205 խառը մենամարտերի մրցաշարի գլխավոր մենամարտում Մաքգրեգորը նոկաուտի է ենթարկել ամերիկացի Էդի Ալվարեսին՝ նվաճելով թեթեւ քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը: Նա UFC-ի գործող չեմպիոնն է նաեւ կիսաթեթեւ քաշային կարգում:

Հերթական հաղթանակից հետո 28-ամյա իռլանդացին պատմել է, որ մտադիր է դադար տալ կարիերայում:

«Այժմ մտածում եմ կարիերայումս դադար տալու մասին: Պետք է մտածեմ ընտանիքիս ու ապագայիս մասին: Նախկինի պես կռվելու համար ինձ հարկավոր է նոր խթան: Մենամարտերի եկամուտն արդեն բավականաչափ չէ ինձ համար: Ես ցանկանում եմ դառնալ UFC-ի համասեփականատերը»,- Քոնոր Մաքգրեգորի խոսքը մեջբերում է MMAWeekly-ը:

UFC 205-ի տոմսերի վաճառքից ստացված եկամուտը ռեկորդային է եղել եւ կազմել է 17.7 միլիոն դոլար:

Նախկինում UFC-ի 2 քաշային կարգերում չեմպիոն դարձել էին միայն ամերիկացիներ Ռենդի Կյուտուրն ու Բի Ջեյ Պենը, սակայն նրանց չէր հաջողվել 2 տիտղոսները նվաճել միաժամանակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում