11:00  +04,  9 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Արմեն Նազարյան

NEWS.am Sport-ը ներկայացնում է Լոնդոնի 30-րդ Օլիմպիադայի Խաղերում Հայաստանի ներկայացուցիչներին:

Արմեն Նազարյան, ձյուդո, 66 կգ քաշային կարգ

Ծնվել է 1982 թվականի հունիսի 20-ին:

2004թ. Աթենքի եւ 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի մասնակից է:

Ամուսնացած է, ունի մեկ որդի եւ մեկ դուստր: 

Լոնդոնի օլիմպիական տատամի է դուրս գալու հուլիսի 28-ին:

Մինչեւ 23 տարեկան ձյուդոիստների Եվրոպայի առաջնության հաղթող (2003) է, Եվրոպայի չեմպիոն (2005), Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր(2006), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (2004), աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը (2007), աշխարհի գավաթի խաղարկության փուլերի հաղթող ու մրցանակակիր է: Հաղթել է Մեծ սաղավարտի մի քանի մրցաշարերում:

Օլիմպիաական խաղերի ուղեգիրը նվաճել է 2011 թվականի ընթացքում՝ վաստակելով համապատասխան միավորներ միջազգային ֆեդերացիայի օլիմպիական վարկանիշային ցուցակում:

Անհատական մարզիչն է Կարեն Աբաղյանը

Հավաքականի գլխավոր մարզիչն է Ադրիան Կրիոտուրու

Հավաքականի մարզիչն է Արթուր Գեւորգյանը

Արմեն Նազարյան

Լոնդոնյան Խաղերը ինձ համար օլիմպիական երրորդ մրցաշարն է լինելու: Բավականին մեծ փորձ եմ կուտակել իմ անցած մարզական ուղիով եւ հույս ունեմ, որ Օլիմպիական խաղերում այդ փորձն ինձ կօգնի բարձրանալ պատվո հարթակ: Գիտեմ, որ դժվար մրցաշար է լինելու, սակայն պատրաստ եմ այդ դժվարությունները հաղթահարելուն: Նախապատրաստվում ենք ամենայն լրջությամբ:

Արթուր Գեւորգյան

Մեդալ ակնկալելու համար կան բոլոր նախադրյալները: Փորձառու է, տիրապետում է տեխնիկական բոլոր հնարքներին, շատ լավ նախապատրաստվել է,  ֆիզիկապես էլ շատ պինդ մարզիկ է: Նույնիսկ չի էլ ստացվում, որ նրա հետ հույսեր չկապենք: Սակայն կա մեկ խոչընդոտող հանգամանք: Արմենը երբեմն ինքն իր մեջ կարծես թե փակվում է ու չի կարողանում տատամիի վրա ցույց տալ այն ամենը, ինչին ընդունակ է: Եթե մարզիկը հաղթահարեց այդ գործոնը, նրան ոչ մի բան չի կարող խանգարել բարձր արդյունքի հասնելու համար: Երկար տարիներ նա իր քաշային կարգում առաջատար ձյուդոիստ է համարվում ոչ միայն Հայաստանում: Եկել է ժամանակը մեդալ նվաճել նաեւ Օլիմպիական խաղերում: Ես հուսով եմ, որ Արմենը հանդես կգա իր հնարավորությունների սահմաններում, իսկ դա արդեն շատ լուրջ հավակնություն է մեդալ նվաճելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով