12:44  ,  3 նոյեմբերի, 2016

Արթուր Պետրոսյան. Իհարկե, կցանկանայի Յուրա Մովսիսյանին տեսնել հավաքականում (ֆոտոշարք)

Հավաքականում ինձ օգնելու են Ռազմիկ Գրիգորյանը եւ Սարգիս Հովհաննիսյանը, մարզչական շտաբում կլինի նաեւ Հայկ Կիրակոսյանը:

Այս մասին հայտարարել է հայկական ֆուտբոլի լեգենդներից Արթուր Պետրոսյանը, որը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում ներկայացվելուց հետո կիսվել է տպավորություններով: 44-ամյա մասնագետը պատմել է, որ հեռացել է շվեյցարական «Ցյուրիխի» երիտասարդական թիմից, ինչպես նաեւ ներկայացրել է իր մարզչական շտաբը:

«Ես, իհարկե, կցանկանայի Յուրա Մովսիսյանին տեսնել այս թիմում, բայց, իմանալով Հայրապետյանի պատասխանը, համաձայնել եմ, որ նա չլինի: Ռոբերտ Արզումանյանի հետ կապված թեման չենք քննարկել, քանի որ նա ինքնակամ է հեռացել հավաքականից: Այդ հարցն էլ է լուծվել: Անպայման լինելու են փոփոխություններ, որոնց մասին այս պահին չեմ խոսի: Փոփոխությունները կտեսնենք նոյեմբերի 11-ին կայանալիք խաղին:

Այլեւս չեմ շարունակելու աշխատել «Ցյուրիխում»: Հավաքականում ինձ օգնելու են Ռազմիկ Գրիգորյանը եւ Սարգիս Հովհաննիսյանը, մարզչական շտաբում կլինի նաեւ Հայկ Կիրակոսյանը: Սարգիս Հովհաննիսյանը կշարունակի աշխատել նաեւ Մոսկվայի «Լոկոմոտիվում»: Ես ներկայացրել եմ հավաքական հրավիրված խաղացողների ցուցակը: Բոլոր ֆուտբոլիստների ընտրությունը ես կատարել եմ իմ մարզչական շտաբի հետ:

Եթե թիմն առաջընթաց ունենա, դա կլինի արդյունք, իհարկե, չեմ ասում, որ բոլոր խաղերը պարտվելու ենք: Այս պահին պատրաստ չեմ պատասխանել այն հարցին, թե պարտության, անհաջողության դեպքում հրաժարական կտամ, թե՝ ոչ:

Ես վստահ եմ, որ մենք կարող ենք հաջողություն ունենալ, մի բան փոխել: Չէի համաձայնի գլխավորել թիմը, եթե վստահ չլինեի: Ես տանը պարապ նստած չէի, ունեի 4 տարվա պայմանագիր: Միայն հավատն է ինձ բերել հավաքական: Վստահ եմ, որ հաջողությունը մեզ կժպտա: Առաջիկա խաղին ամեն ինչ անելու ենք, որ հաջողություն ունենանք: Հավաքականում նախ պետք է փոխվի հոգեբանությունը:

Հետեւել եմ Հայաստանի հավաքականի վերջին խաղերին: Թիմի 50 տոկոսը լինելու է լեգեոնական, 50 տոկոսը՝ տեղի ֆուտբոլիստներ: Նոյեմբերի 11-ի խաղից հետո ավելի հստակ կլինի՝ ինչ քաղաքականությամբ ենք աշխատելու: Նաեւ հետեւելու եմ Հայաստանի Բարձրագույն խմբին, բոլոր խաղերին հետեւելու եմ:

Չեռնոգորիան շատ ուժեղ մրցակից է, բայց մենք հաղթելու շանս ունենք: Ամեն ինչ անելու ենք, որ հաղթենք: Մնացած տեխնիկական եւ տակտիկական մասը մշակում ենք եւ կտեսնեք խաղին: Երիտասարդական հավաքականի մարզիչ առաջարկել եմ Արթուր Ոսկանյանի թեկնածությունը»,- ասաց մարզիչը:

Հիշեցնենք, որ Արթուր Պետրոսյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր: Նա Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում աշխատել է Եվրո-2016-ի ընտրական փուլում, երբ ազգային թիմը գլխավորում էր շվեյցարացի Բեռնար Շալանդը: Ֆուտբոլային կարիերայի տարիներին Պետրոսյանը 1992-2005-ը Հայաստանի հավաքականում անցկացրել է 70 խաղ եւ խփել 11 գոլ: Գյումրեցի մասնագետը մարզչական գործունեությունը սկսել է 2006 թվականին:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Արթուր Պետրոսյանը նորամուտը կնշի նոյեմբերի 11-ին՝ Երեւանում կայանալիք Չեռնոգորիայի դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական խաղում: 

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում