12:20  ,  3 նոյեմբերի, 2016

Արթուր Պետրոսյանը ներկայացվեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում (ֆոտոշարք)

Շվեյցարական «Ցյուրիխի» երիտասարդական թիմից հեռացած Արթուր Պետրոսյանը նոյեմբերի 3-ին պաշտոնապես ներկայացվեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում:

Ավանի ֆուտբոլային ակադեմիայում 44-ամյա մասնագետին ներկայացրեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որը նրան հանձնեց Հայաստանի հավաքականի մարզաշապիկ՝ Պետրոսյան գրությամբ: Հայրապետյանը նաեւ պատասխանեց լրագրողների հարցերին.

«Հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել բոլորիս համար սիրելի Արթուր Պետրոսյանը: Ցանկանանք նրան բեղմնավոր աշխատանք եւ հաջողություններ: Ես Վարուժան Սուքիասյանի մասին ունեմ իմ կարծիքը եւ նրա պրոֆեսիոնալ ունակությունների վրա չեմ կասկածում: Ես նրան չեմ հեռացրել աշխատանքից, նա ինքնակամ է հրաժարական տվել:

Մեր հավաքականի աշխատանքը ճիշտ կազմակերպելու դեպքում, մարզիչին ճիշտ ուղղորդելու դեպքում, ունենալու ենք հաջողություն: Հավաքականում սերնդափոխություն է լինելու: Նոր խաղաոճ է լինելու: Մարզիչից պետք է պահանջել լավ խաղ, նվիրված խաղ: Ես հավատում եմ ու վստահում եմ մեր մարզիչին: Սխալ կլիներ, եթե հրավիրեինք օտարազգի մարզիչ: Դա իմ ամենամեծ սխալն է եղել:

Բացառությամբ Յուրա Մովսիսյանի եւ Ռոբերտ Արզումանյանի, մյուս բոլոր ֆուտբոլիստների ընտրությունը գլխավոր մարզիչինն է: Նա կորոշի, թե ում հրավիրի: Բայց ես հետեւողական եմ լինելու: Եթե Արթուր Պետրոսյանը սխալ թույլ տա, ես իրավասու եմ հետեւողական լինել եւ թույլ չտալ խախտումներ:

Ես լրագրողներին չեմ մեղադրում մեր անհաջողություններում, այլ մեղադրում եմ երկրպագուներին: Ֆեդերացիան էլ իր մեղքի բաժինն ունի, ինչպես նաեւ ես: Համար առաջին պատասխանատուն ես եմ, որ հավաքականն անհաջողություններ է ունենում: Երկրպագուներին եմ մեղադրում, որ նախկինում Մինասյանին էին ասում հեռացիր, հետո գոռում էին Սուքիասյան հեռացիր, Մինասյան վերադարձիր:

Վերջին երեք տարում Յուրա Մովսիսյանը խաղացել է հավաքականում ու ցույց տվեք մի խաղ, որ նա ֆուտբոլ է խաղացել: Ինչո՞ւ չեք ցանկանում հավատալ ֆեդերացիայի նախագահին, նա ավելի շատ վնաս է տալիս հավաքականին, քան օգուտ: Քիչ էր մնում մարզադաշտ մեքենայով մտներ, այդպիսի խաղացո՞ղ եք ցանկանում տեսնել հավաքականում: Ինձ միայն անուն պետք չէ: Այո, նա եղել է լավ ֆուտբոլիստ: Յուրա Մովսիսյան, Յուրա Մովսիսյան, մոռացեք այդ մասին, այլեւս նա չի լինելու: Խնդրում եմ նրա մասին այլեւս չհացնել, հոգնել եմ այդ հարցերից»,- ասել է ՀՖՖ նախագահը:

Հիշեցնենք, որ Արթուր Պետրոսյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր: Նա Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում աշխատել է Եվրո-2016-ի ընտրական փուլում, երբ ազգային թիմը գլխավորում էր շվեյցարացի Բեռնար Շալանդը: Ֆուտբոլային կարիերայի տարիներին Պետրոսյանը 1992-2005-ը Հայաստանի հավաքականում անցկացրել է 70 խաղ եւ խփել 11 գոլ: Գյումրեցի մասնագետը մարզչական գործունեությունը սկսել է 2006 թվականին:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Արթուր Պետրոսյանը նորամուտը կնշի նոյեմբերի 11-ին՝ Երեւանում կայանալիք Չեռնոգորիայի դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական խաղում: 

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով