11:50 8 հուլիսի, 2012NEWS.am Sport-ը ներկայացնում է Լոնդոնի 30-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակներին:
Անդրանիկ Հակոբյան, բռնցքամարտ, 75կգ քաշային կարգ
Ծնվել է 1981 թվականի հոկտեմբերի 6-ին:
Հայաստանի բազմակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր (2008), աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր(2009), 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի մասնակից, Միջազգային մրցաշարերի հաղթող եւ մրցանակակիր:
Ամուսնացած է, ունի դուստր
Բռնցքամարտով սկսել է զբաղվել 15 տարեկանից, Էջմիածին քաղաքում: Անդրանիկ Հակոբյանը հենց սկզբից մարզվել է Պավել Կարսլյանի ղեկավարությամբ:
Օլիմպիական խաղերի վարկանիշը վաստակել է 2010 թվականին Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում` զբաղեցնելով հինգերորդ տեղը:
Օլիմպիական խաղերից առաջ մասնակցել է վեց մարզումային հավաքների: Լոնդոն մեկնելուց առաջ վերջին հավաքը նախատեսված է անցկացնել Աբովյան քաղաքի մարզաբազայում, որտեղ կան բոլոր հնարավորությունները:
Բռնցքամարտիկների մինչեւ 75 կգ քաշային կարգում, օլիմպիական մրցաշարին մասնակցելու են 28 մարզիկներ: Կախված վիճակահանությունից Անդրանիկ Հակոբյանը կարող է իր առաջին մենամարտը անցկացնել կամ հուլիսի 28-ին կամ էլ օգոստոսի 2-ին: Եթե առաջին փուլում մեր մարզիկը ազատ եղավ, ապա բրոնզե մեդալ վաստակելու համար հարկավոր կլինի հաղթել երկու մենամարտերում, իսկ ոսկե մեդալին կարժանանա, եթե հաղթի չորս մենամարտերում: Եթե Հակոբյանը սկսի իր ելույթները հուլիսի 28-ից, երրորդ մրցանակակիր դառնալու համար հարկավոր է հաղթել երեք մենամարտերում, իսկ ոսկե մեդալին կարժանանա հինգ մենամարտ հաղթելուց հետո:
Անհատական մարզիչն է Պավել Կարսլյանը:
Հավաքականի մարզիչն է Կարեն Աղամալյանը:
Անդրանիկ Հակոբյան
Օլիմպիական խաղերին մասնակցելն արդեն հաջողություն է: Սակայն դա նվազագույն հաջողությունն է, ինչին կարող է հասնել մարզիկը: Երբեք ձեռք բերածով պետք չէ բավարարվել: Իմ ամբողջ փորձն ու վարպետությունը ներդնելու եմ օլիմպիական մեդալ նվաճելու համար: Հիմա մտածում եմ միայն լավ նախապատրաստվելու մասին, սակայն Խաղերի մեկնարկը սարերի հետեւում չէ եւ արդեն տրամադրվում եմ նաեւ օլիմպիական ռինգում հաջողությունների հասնելուն: Ամեն ինչ կանեմ հայ ժողովրդին եւ իմ մարզիչներին ու երկրպագուներին ուրախացնելու համար:
Կարեն Աղամալյան
Անդրանիկ Հակոբյանին բռցնքամարտի գաղտնիքներին ծանոթացնել պետք չէ: Նա այնքան փորձ է կուտակել, որ հիմա առավել կարեւոր է նրան օլիմպիական մրցաշարին այսպես ասած, հասցնել լավ մարզավիճակում: Ունի բոլոր տվյալները մեդալ նվաճելու համար, չնայած որ դա հեշտ չի լինելու: Ես հուսով եմ, որ Հակոբյանը կուրախացնի մեզ: Եթե նա կարողացավ լավ տրամադրվել ու ռինգում ցույց տալ այն, ինչին ընդունակ է, կարծում եմ` մեդալ կունենանք: Իսկ մենք էլ մեր հերթին ամեն ինչ կանենք, որ նա լինի հավասարակշռված ու տրամադրված:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.