17:38  ,  31 հոկտեմբերի, 2016

ՀԱՕԿ նախագահ. Multi Wellness Center-ի նման համալիր աշխարհում չկա

Ստեղծել եմ աշխարհում նմանը չունեցող կոմպլեքս, որտեղ որտեղ մեր երիտասարդությունը, ժողովուրդը, բալիկները իրենց լավ կզգան։ Մեր երիտասարդները պետք է առողջ լինեն, մարզված ու գեղեցիկ։ Երեւանում Multi Wellness Center սպորտի եւ առողջության կենտրոնի բացմանն ասաց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Գագիկ Ծառուկյանը Երեւանի կենտրոնում շահագործման հանձնեց Multi Wellness Center-ը: Բացմանը ներկա էին մարզաշխարհի ներկայացուցիչներ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, օլիմպիական փոխչեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, մարզիկներ, մարզիչներ, օլիմպիական չեմպիոններ Լեւոն Ջուլֆալակյանը, Օգսեն Միրզոյանը, եռակի օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը, սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, քաղաքական գործիչներ։

«Ծառուկյանն իր քաղաքի համար, մեր Երեւանի, երեւանցիների, հայ ժողովրդի համար կառուցել եմ այնպիսի բան, որ այսօր աշխարհում չկա․ ամենալավը, ամենագեղեցիկը աշխահում։ Նայել եմ, հետեւել եմ, որ ամեն ինչ տեղը տեղին լինի, կազմակերպված, բացթողում չլինի, բոլոր հարմարությունները լինեն, կանայք եւ տղամարդիկ իրենց այստեղ լավ զգան, ընտանեկան վայր լինի։ Այս համալիրը առողջարարական եւ մարզական բնույթ ունի․ առողջ մարմին ունենալու համար բոլոր պայմանները ստեղծված են, մարզիկների համար սպորտային մթնոլորտը ստեղծված է։ Կարող եմ հայտարարել, որ աշխարհում այսպիսի կոմպլեքս չկա, որովհետեւ ես սիրում եմ մեր երկիրը, մեր ժողովրդին, մեր Երեւանը։ Ամեն մարդ պետք է սիրի իր երկիրը, քաղաքը, բայց դրանք միայն խոսքերով չպետք է լինեն, այլ գործով ապացուցվեն։ Այս կոմպլեքը սարքել եմ հայ ժողովրդի համար։ Այս մեկն էլ Երեւանում է։

Ծառուկյանը միայն երեւանցիների համար չի կառուցում նման մարզահամալիրներ, բոլոր տեղերում էլ կառուցում եմ, կառուցել եմ, կառուցելու եմ։ Աշխատատեղերն այդքան էլ շատ չեն կարող լինել այստեղ՝ մոտ 200 տեղ։ Բայց ամենակարեւորն այն է, որ մենք անկյուն ենք ստեղծել մեր երիտասարդության, մեր ժողովրդի, բալիկների համար, նրանց հանգստի համար, առողջության համար։ Կարեւոր է, որ մեր երիտասարդները առողջ լինեն, մարզված, գեղեցիկ։ Մարդ եթե առողջ է, ուժեղ է եւ գեղեցիկ՝ միտքն էլ հզոր է։ Իմ սրտով է, իմ ուզածն է։ Ոչ մի խնդիր այստեղ այցելողները չեն ունենա։ Միջին աշխատավարձ ունեցող երիտասարդները կարող են հանգիստ օգտվել այս համալիրից»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Գագիկ Ծառուկյանի Multi Wellness Center-ը առաջարկում է առողջ ապրելակերպի ամբողջական ծառայությունների համադրություն է: Կենտրոնն ունի մարզումներ անցկացնելու համար հատուկ սրահներ՝ ակվագոտի, մարզասրահ, խմբային պարապմունքների սրահ, մանկական ակումբ, ֆիթնես թեստավորման սենյակ, 37 մետր երկարությամբ լողավազան, ծանրամարտով, բռնցքամարտով զբաղվելու սրահներ, բացօթյա լողավազան։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով