19:50  ,  6 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Անահիտ Բարսեղյան

NEWS.am Sport-ը ներկայացնում է 30-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկներին։

Անահիտ Բարսեղյան, լողորդ
Ծնվել է 1994 թվականի մարտի 3-ին։
 
Պրոֆեսիոնալ լողով սկսել է զբաղվել 2005 թվականից։

Սպորտի վարպետ, Հայաստանի բազմակի չեմպիոն, ռեկորդակիր։
2009-ին Հռոմի աշխարհի առաջնությունում 50 մետր թիկնալողում գրանցել է 32.47 արդյունք, ազատ ոճով 50 մետրը հաղթահարել է 29.09 վայրկյանում, իսկ ազատ ոճով 100 մետրը՝ 1 րոպե 02.69 վայրկյանում։
2010-ին Սինգապուրի պատանեկան Օլիմպիական խաղերում 50 մետր թիկնալողում  գրավել է 17-րդ տեղը։
2011 թվականին Շանհայի աշխարհի առաջնությունում թիկնալողում նվաճել է 1174 միավոր՝ 100 մետր մրցատարածքը հաղթահարել է 1.08.57 վայրկյանում, 50 մետր մրցատարածքը՝ հաղթահարելով 32.00 վայրկյանում։
2011 թվականին Մոսկվայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում ցուցաբերել է լավագույն արդյունք՝ հավաքելով 1087 միավոր։
2012 թվականին Հայաստանի առաջնությունում սահմանել է միանգամից մի քանի ռեկորդ՝ 100 մետր համալիր լողաոճում ՝ 1.09.29, 50՝ մետր մրցատարածքը բատերֆլայ լողաոճում հաղթահարել է  30.89 վրկ, իսկ  25 մետրանոց լողավազանում 50 մետր մրցատարածք 1.05.0 վայրկյանում։

Անահիտի անձնական մարզիչներն են Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Արման Վահանյանը եւ հայրը՝ Կարեն Բարսեղյանը։

Ամուսնացած չէ։

Անահիտ Բարսեղյանը օլիմպիական մեկնարկ դուրս կգա հուլիսի 29-ին՝ 50 մետր թիկնալողում։

Ամեն ինչ սկսվեց այսպես...

Լողով սկսել եմ զբաղվել 7 տարեկանից։ Առաջին մարզիչս եւ ինձ դեպի լող ուղղորդողը եղել է հայրս ՝ Կարեն Բարսեղյանը։ Նա այդ ժամանակ պիոներների պալատի լողավազանի տնօրենն էր եւ աշխատում էր նաեւ որպես մարզիչ։ Սկզբից շատ էի վախենում ջրից։ Հայրս ինձ պարբերաբար իր հետ տանում էր լողավազան, որպեսզի այդ վախը հանի։ Ինձ ջուրը չէին մտցնում, միայն երեսիս եւ ոտքերիս էին ջուր լցնում, որ սովորեմ ջրին։ Որոշ ժամանակ անց ես արդեն իմ ցանկությամբ եւ իմ ոտքով մտա ջուրը։ Այդ օրվանից կյանքս զգում եմ ոչ միայն ցամաքում, այլեւ ջրում։

Առանց ջրի կյանք չունեմ...

Ջրի հետ ասես կապված լինեմ, այնպես ինչպես մարդիկ են իրար հանդեպ կապվածություն զգում։ Առանց լողավազանի եւ լողալու օրս կիսատ եմ զգում։ Եթե երկար ժամանակ չեմ լողում՝ կարոտում եմ ջուրը։
Մրցումների ժամանակ լողալիս ոչինչ չեմ մտածում։ Ուղեղումս միայն ժամանակն է պտտվում, որ ինչքան հնարավոր է արագ հասնեմ վերջնակետին, այնքան լավ։
Լողում կարեւոր է մարզիկի հոգեկան հավասարակշռվածությունը, տրամադրվածությունը, երբ այս ամենը կենտրոնացնում ես, այլեւս չես զգում մարմնիդ ցավն ու հոգնածությունդ։ Միայն մտածում ես հաղթանակի ուղղությամբ։

Ես մեկնում եմ Լոնդոն...

Սա մեծ պատասխանատվություն է ինձ համար. ես երկիր եմ ներկայացնում, մարդիկ հույսեր են կապում ինձ հետ։ Գնում եմ լավ արդյունք ցուցաբերելու։ Դեռեւս բարձր տրամադրություն ունեմ։ Մի պահ տրամադրության անկում ունեցա՝ իմ եւ Մոնիկայի շուրջ պտտվող խոսակցությունների պատճառով, բայց դա էլ հաղթահարեցի։ Մոնիկան ինձ օգնեց՝ հաղթահարեմ եւ մինչեւ վերջ նա ինձ կօգնի, վստահ եմ։ Ես փորձելու եմ ուժերիցս վեր ներկայանալ, որ խոսակցությունների հեղինակներին խոսելու առիթ չտամ։ Այդ խոսակցություններն ինձ ավելի ուժեղ են դարձրել եւ մարտական տրամադրել։

Ակնկալիքներ...

Լավ արդյունքի հույս ունեմ։ Եթե իմ մտադրված արդյունքը ցուցաբերեմ, դա կնվիրեմ լողի ֆեդերացիայի նախագահ Իգոր Սաֆարյանին։ Նա շատ է անհանգստանում ինձ համար։

Արման Վահանյան

«Անահիտից մեծ ակնկալիքներ ունեմ, բայց չեմ ցանկանում այս պահին որեւէ կանխատեսում անել, քանի որ սա այն մարզաձեւն է, որ չես կարող ասել՝ ինչ կլինի»։

Կարեն Բարսեղյան

«Անահիտն այժմ գտնվում է նորմալ մարզավիճակում։ 10 բալանոց սանդղակով նրա միավորը կգնահատեմ 8,5։ Դեռեւս երկու շաբաթ ժամանակ ունենք։ Այդ ընթացքում նա կլրացնի 10 բալանոց սանդղակը։ Շատ եմ անհանգստանում նրա համար, բայց փորձում եմ ցույց չտալ, որպեսզի նրա տրամադրվածության վրա չազդեմ։ Սպասում եմ լավ արդյունքների եւ գիտեմ՝ կլինեն»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով