15:03  +04,  6 սեպտեմբերի, 2016

Լեւոն Ջուլֆալակյանը գոհ է Ռիո-2016-ի արդյունքներից (ֆոտո)

Միհրան Հարությունյանի գոտեմարտի բողոքարկումն ու միջազգային կառույցներին դիմելը, հուսամ, իր ազդեցությունը կունենա հետագայում մեզանից մեդալներ խլելու դեպքերի նվազելու վրա: Ես՝ որպես հավաքականի գլխավոր մարզիչ, մեր թիմի արդյունքներից ու մրցելույթներից գոհ եմ:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը: Օլիմպիական չեմպիոնն ամփոփել է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում հայ ըմբիշների արդյունքները: 

«Մեր հավաքականը վերադարձավ Արթուր Ալեքսանյանի ոսկե եւ Միհրան Հարությունյանի արծաթե մեդալներով: Բոլորս գիտենք, թե ինչ պատճառներով Հարությունյանին բաժին հասավ արծաթե մեդալը:

Մենք այս Խաղերին նախապատրաստվել էինք Լոնդոն-2012-ից հետո: Մեր անցած ճանապարհն ասում էր, որ մոտենում ենք Օլիմպիական ոսկե մեդալներին,  պատրաստ ենք լավագույնս հանդես գալ եւ ունենալ մեդալների ակնկալիք: Այս Օլիմպիական խաղերից բոլորը սպասում էին ոսկե մեդալների, որին մեր հավաքականը լիարժեք պատրաստ էր: Արդյունքում ունեցանք մեկ ոսկե մեդալ: Ոսկե մեդալի լիարժեք հավակնորդ էր եւ այդ հույսով էր Խաղերին մեկնել 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, որը պետք է մեդալ նվաճեր: Ստացվեց անհաջողություն, բոլորս էլ չհասկացանք՝ ինչ տեղի ունեցավ, նա ինքը չհասկացավ, թե ինչպես պարտվեց, բայց Արսենի ընկերները կարողացան այնպես անել, որ հպարտ ու պարզ ճակատով վերադառնանք Օլիմպիական խաղերից:

Ամենակարեւորն այն է, որ երկար տարիների դադարից հետո, 20 տարի անց ունեցանք օլիմպիական չեմպիոն: Փառք ու պատիվ Արթուր Ալեքսանյանին, որ կարողացավ մեր երկրի համար նվաճել այդ բաղձալի ոսկե մեդալը: Նույնը կարող եմ ասել Միհրան Հարությունյանի համար: Իրականությունն այն է, որ նա այսօր արծաթե մեդալակիր է, բայց բոլորին էլ հայտնի է, որ այդ գոտեմարտն անարդար դատեցին:

Մեր հավաքականից 84 կգ քաշային կարգում մասնակցում էր նաեւ Մաքսիմ Մանուկյանը: Մրցումներից մեկ ամիս առաջ նա վնասվածք էր ստացել: Բայց մենք զրուցեցինք մարզիչներով, նրա անձնական մարզիչի հետ խոսեցինք, հասկացանք Մաքսիմի ապրումները: Ցանկացած մարզիկ երազում է մասնակցել Օլիմպիական խաղերին: Հասկանալով նրա ապրումները ու վստահելով Մաքսիմին՝ նրան չփոխարինեցինք: Նա վստահեցրեց, որ այդ վնասվածքը չի խանգարի իրեն: Արդյունքում, հենց առաջին գոտեմարտից զգացվեց, որ Մաքսիմը լիարժեք չի կարողանում իր հնարավորությունները գորգի վրա ցուցադրել:

Ես՝ որպես հավաքականի գլխավոր մարզիչ, մեր հավաքականի արդյունքներից ու մրցելույթներից գոհ եմ: Եթե Արսեն Ջուլֆալակյանն էլ չվրիպեր ու կարողանար մեդալ նվաճել, մեր մասնակցությունը 100 տոկոսից առավել կլիներ:

Արսեն Ջուլֆալակյանի սպորտայյին երազանքն էր հասնել օլիմպիական չեմպիոնի տիտղոսին: Բայց ստացվեց հակառակ արդյունքը, երեւի, շատ ցանկանալուց էր:

Կար եւս մի պատճառ, որի մասին հետո Արսենի հետ զրուցեցինք եւ հասկացանք: Առաջին գոտեմարտից հետո մրցակիցը պետք է լիներ  հունգարացի ըմբիշը՝ Արսենի բոլոր ժամանակների հիմնական մրցակիցը: Արսենը նախնական ավելի շատ մտածել էր այդ գոտեմարտի մասին, քան մեկնարկայինի: Արսենը մտածել էր առաջին գոտեմարտում շատ էներգիա չծախսել, այլ այն պահել հունգարացու հետ գոտեմարտի համար: Նա այդտեղ բացթողում թույլ տվեց:

Արսեն Ջուլֆալակյանը զենքերը վայր չի դրել: Նա իր անունն արդեն գրել է մեծ սպորտում, որտեղից պարտված չի հեռանա: Մնում է, որ ճիշտ կազմակերպենք նրա մարզումները, որովհետեւ սպորտում տարիքը նշանակություն ունի: Եթե Արսենը կարողանա այս քառամյա ցիկլը ճիշտ օգտագործել, արդյունքը սպասեցնել չի տա:

Հուսանք, որ այս հաջողությունները շարունակական կլինեն: Մեր ֆեդերացիան վերջին 8 տարիների ընթացքում ամեն ինչ արել է: Արդյունքը պատահական չի լինում, բոլորն էլ տեղյակ են մեր ֆեդերացիայի աշխատանքներից: Ի տարբերություն մյուս ֆեդերացաիների, մերն անում է ամեն ինչ, որ մարզիկները, հավաքականները պատշաճ կերպով նախապատրաստվեն մրցումներին, իսկ լավ արդյունքների դեպքում ստանում են իրենց արժանի գնահատականը»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչի խոսքով, Միհրան Հարությունյանի գոտեմարտի բողոքարկումը գուցե անարդյունք լինի, բայց դրական կանդրադառնա հետագայում հայ ըմբիշներից մեդալները խլելու դեպքերը նվազեցնելու հարցում:

«Արդեն ասվել է, որ ՀԱՕԿ-ը քայլեր է ձեռնարկել, որ Միհրանի հարցը արդարացի լուծում ստանա: Այդ հարցին այժմ ոչ ոք չի կարող լիարժեք պատասխան տալ: Այդ հարցին վերջնական լուծում կտան միջազգային կառույցները: Բոլոր համապատասխան թղթերն ուղարկված են: Թե ինչ կլինի, չեմ կարող պատասխանել: Թե ով է նման գոտեմարտի դատավարության հեղինակը, իմ կարծիքով, այդ հարցին եւս ոչ մեկս չենք կարող պատասխանել: Փաստն այն է, որ միջազգային ֆեդերացիան գլխավորում է ազգությամբ սերբ Լալովիչը: Ես համոզված եմ, որ ինքն անձամբ խառնված չէ այս հարցին, բայց կան մարդիկ, ծախված մարդիկ, որ ցանկանում էին միջազգային ֆեդերացիայի նախագահին արջի ծառայություն մատուցել: Ցանկացած մրցավար, ով էլ լիներ, այդ պահին կցանկանար հաճոյանալ միջազգային ֆեդերացիայի նախագահին:

Կա պայքարի տարբեր ձեւեր: Նախ պետք է շատ ուժեղ լինենք, որ հաղթենք ոչ միայն մրցակցին, այլեւ՝ մրցավարներին: Բայց այս քայլերը, որոնք մենք կիրականցնենք, հույս ունեմ, որ զգոն կպահի մրցավարներին հետագայում մեր մարզիկներին դատելիս: Նրանք կհասկանան, որ մենք անտաարբեր չենք մեզանից խլած մեդալների նկատմամբ եւ հետեւողական ենք ու արդարություն ենք պահանջելու»,- նշեց Լեւոն Ջուլֆալակյանը:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ռիո-2016-ին մեկնել էր 4 մարզիկով եւ մեկ ոսկե եւ մեկ արծաթե մեդալով թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը՝ զիջելով միայն Կուբային ու Ռուսաստանին: Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ էր նվաճել 98 կգ քաշային կարգում, իսկ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը եզրափակիչում կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել էր աշխարհի 2014թ. չեմպիոն, սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկին եւ բավարարվել արծաթե մեդալով:  Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս