15:03 6 սեպտեմբերի, 2016Միհրան Հարությունյանի գոտեմարտի բողոքարկումն ու միջազգային կառույցներին դիմելը, հուսամ, իր ազդեցությունը կունենա հետագայում մեզանից մեդալներ խլելու դեպքերի նվազելու վրա: Ես՝ որպես հավաքականի գլխավոր մարզիչ, մեր թիմի արդյունքներից ու մրցելույթներից գոհ եմ:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը: Օլիմպիական չեմպիոնն ամփոփել է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում հայ ըմբիշների արդյունքները:
«Մեր հավաքականը վերադարձավ Արթուր Ալեքսանյանի ոսկե եւ Միհրան Հարությունյանի արծաթե մեդալներով: Բոլորս գիտենք, թե ինչ պատճառներով Հարությունյանին բաժին հասավ արծաթե մեդալը:
Մենք այս Խաղերին նախապատրաստվել էինք Լոնդոն-2012-ից հետո: Մեր անցած ճանապարհն ասում էր, որ մոտենում ենք Օլիմպիական ոսկե մեդալներին, պատրաստ ենք լավագույնս հանդես գալ եւ ունենալ մեդալների ակնկալիք: Այս Օլիմպիական խաղերից բոլորը սպասում էին ոսկե մեդալների, որին մեր հավաքականը լիարժեք պատրաստ էր: Արդյունքում ունեցանք մեկ ոսկե մեդալ: Ոսկե մեդալի լիարժեք հավակնորդ էր եւ այդ հույսով էր Խաղերին մեկնել 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, որը պետք է մեդալ նվաճեր: Ստացվեց անհաջողություն, բոլորս էլ չհասկացանք՝ ինչ տեղի ունեցավ, նա ինքը չհասկացավ, թե ինչպես պարտվեց, բայց Արսենի ընկերները կարողացան այնպես անել, որ հպարտ ու պարզ ճակատով վերադառնանք Օլիմպիական խաղերից:
Ամենակարեւորն այն է, որ երկար տարիների դադարից հետո, 20 տարի անց ունեցանք օլիմպիական չեմպիոն: Փառք ու պատիվ Արթուր Ալեքսանյանին, որ կարողացավ մեր երկրի համար նվաճել այդ բաղձալի ոսկե մեդալը: Նույնը կարող եմ ասել Միհրան Հարությունյանի համար: Իրականությունն այն է, որ նա այսօր արծաթե մեդալակիր է, բայց բոլորին էլ հայտնի է, որ այդ գոտեմարտն անարդար դատեցին:
Մեր հավաքականից 84 կգ քաշային կարգում մասնակցում էր նաեւ Մաքսիմ Մանուկյանը: Մրցումներից մեկ ամիս առաջ նա վնասվածք էր ստացել: Բայց մենք զրուցեցինք մարզիչներով, նրա անձնական մարզիչի հետ խոսեցինք, հասկացանք Մաքսիմի ապրումները: Ցանկացած մարզիկ երազում է մասնակցել Օլիմպիական խաղերին: Հասկանալով նրա ապրումները ու վստահելով Մաքսիմին՝ նրան չփոխարինեցինք: Նա վստահեցրեց, որ այդ վնասվածքը չի խանգարի իրեն: Արդյունքում, հենց առաջին գոտեմարտից զգացվեց, որ Մաքսիմը լիարժեք չի կարողանում իր հնարավորությունները գորգի վրա ցուցադրել:
Ես՝ որպես հավաքականի գլխավոր մարզիչ, մեր հավաքականի արդյունքներից ու մրցելույթներից գոհ եմ: Եթե Արսեն Ջուլֆալակյանն էլ չվրիպեր ու կարողանար մեդալ նվաճել, մեր մասնակցությունը 100 տոկոսից առավել կլիներ:
Արսեն Ջուլֆալակյանի սպորտայյին երազանքն էր հասնել օլիմպիական չեմպիոնի տիտղոսին: Բայց ստացվեց հակառակ արդյունքը, երեւի, շատ ցանկանալուց էր:
Կար եւս մի պատճառ, որի մասին հետո Արսենի հետ զրուցեցինք եւ հասկացանք: Առաջին գոտեմարտից հետո մրցակիցը պետք է լիներ հունգարացի ըմբիշը՝ Արսենի բոլոր ժամանակների հիմնական մրցակիցը: Արսենը նախնական ավելի շատ մտածել էր այդ գոտեմարտի մասին, քան մեկնարկայինի: Արսենը մտածել էր առաջին գոտեմարտում շատ էներգիա չծախսել, այլ այն պահել հունգարացու հետ գոտեմարտի համար: Նա այդտեղ բացթողում թույլ տվեց:
Արսեն Ջուլֆալակյանը զենքերը վայր չի դրել: Նա իր անունն արդեն գրել է մեծ սպորտում, որտեղից պարտված չի հեռանա: Մնում է, որ ճիշտ կազմակերպենք նրա մարզումները, որովհետեւ սպորտում տարիքը նշանակություն ունի: Եթե Արսենը կարողանա այս քառամյա ցիկլը ճիշտ օգտագործել, արդյունքը սպասեցնել չի տա:
Հուսանք, որ այս հաջողությունները շարունակական կլինեն: Մեր ֆեդերացիան վերջին 8 տարիների ընթացքում ամեն ինչ արել է: Արդյունքը պատահական չի լինում, բոլորն էլ տեղյակ են մեր ֆեդերացիայի աշխատանքներից: Ի տարբերություն մյուս ֆեդերացաիների, մերն անում է ամեն ինչ, որ մարզիկները, հավաքականները պատշաճ կերպով նախապատրաստվեն մրցումներին, իսկ լավ արդյունքների դեպքում ստանում են իրենց արժանի գնահատականը»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչի խոսքով, Միհրան Հարությունյանի գոտեմարտի բողոքարկումը գուցե անարդյունք լինի, բայց դրական կանդրադառնա հետագայում հայ ըմբիշներից մեդալները խլելու դեպքերը նվազեցնելու հարցում:
«Արդեն ասվել է, որ ՀԱՕԿ-ը քայլեր է ձեռնարկել, որ Միհրանի հարցը արդարացի լուծում ստանա: Այդ հարցին այժմ ոչ ոք չի կարող լիարժեք պատասխան տալ: Այդ հարցին վերջնական լուծում կտան միջազգային կառույցները: Բոլոր համապատասխան թղթերն ուղարկված են: Թե ինչ կլինի, չեմ կարող պատասխանել: Թե ով է նման գոտեմարտի դատավարության հեղինակը, իմ կարծիքով, այդ հարցին եւս ոչ մեկս չենք կարող պատասխանել: Փաստն այն է, որ միջազգային ֆեդերացիան գլխավորում է ազգությամբ սերբ Լալովիչը: Ես համոզված եմ, որ ինքն անձամբ խառնված չէ այս հարցին, բայց կան մարդիկ, ծախված մարդիկ, որ ցանկանում էին միջազգային ֆեդերացիայի նախագահին արջի ծառայություն մատուցել: Ցանկացած մրցավար, ով էլ լիներ, այդ պահին կցանկանար հաճոյանալ միջազգային ֆեդերացիայի նախագահին:
Կա պայքարի տարբեր ձեւեր: Նախ պետք է շատ ուժեղ լինենք, որ հաղթենք ոչ միայն մրցակցին, այլեւ՝ մրցավարներին: Բայց այս քայլերը, որոնք մենք կիրականցնենք, հույս ունեմ, որ զգոն կպահի մրցավարներին հետագայում մեր մարզիկներին դատելիս: Նրանք կհասկանան, որ մենք անտաարբեր չենք մեզանից խլած մեդալների նկատմամբ եւ հետեւողական ենք ու արդարություն ենք պահանջելու»,- նշեց Լեւոն Ջուլֆալակյանը:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ռիո-2016-ին մեկնել էր 4 մարզիկով եւ մեկ ոսկե եւ մեկ արծաթե մեդալով թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը՝ զիջելով միայն Կուբային ու Ռուսաստանին: Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ էր նվաճել 98 կգ քաշային կարգում, իսկ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը եզրափակիչում կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել էր աշխարհի 2014թ. չեմպիոն, սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկին եւ բավարարվել արծաթե մեդալով: Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Արսեն Սարգսյան




The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.