20:06  ,  22 օգոստոսի, 2016

Կդիմե՞ն ՀԱՕԿ-ն ու ՀԸՖ-ն Լոզանի մարզական վճռաբեկ դատարան

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն եւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան պաշտոնական կայքերի հրապարակումներով արձանագրել են, որ Ռիոյի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի 66 կգ քաշայինների եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Հարությունյանից անարդար մրցավարությամբ խլել են ոսկե մեդալը.

«Անկախ Հայաստանը կարող էր ունենալ նաեւ Օլիմպիական խաղերի 3-րդ չեմպիոնը, սակայն մրցավարության կոպիտ եւ կողմնակալ որոշումը զրկեց 66 կգ քաշային Միհրան Հարությունյանին պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնելու բերկրանքից: Մրցավարների խայտառակ որոշմամբ` օլիմպիական ոսկին տրվեց սերբ ըմբիշին»,- գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը ուղղակի մեղադրանքներ է ներկայացնում Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին:

«Այլ բան է, որ այս էլ երրորդ անգամ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի այրերը՝ Նենադ Լալովիչն ու Միխայիլ Մամիաշվիլին ստիպում են մրցավարներին  ամեն գնով Հարությունյանի մրցակիցների ձեռքը բարձրացնել:  Եվ պետք չէ մատնանշել անարդար մրցավարության պատճառը, քանի որ այս դեպքում հաստատ ձուկը գլխից է հոտած»,- գրում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մնում է, որ ՀԱՕԿ-ի եւ ՀԸՖ-ի ղեկավարները իրավական հարթությունում պայքարեն արդարության համար՝ դիմելով Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի եւ Միջազգային օլիմպիական կոմիտեի համապատասխան ատյաններ եւ Լոզանի մարզական վճռաբեկ դատարան:

Միհրան Հարությունյանը Խաղերի ավարտից հետո արած հայտարարությամբ փաստել է, որ «զրկվել է օլիմպիական չեմպիոնի տիտղոսից, քանի որ ըմբշամարտի աշխարհում Հայաստանը ոչինչ չի որոշում»: 

Հիշեցնենք, որ հանրագիր-պահանջների միջազգային change.org կայքում բացվել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ), Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային եւ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին հասցեագրված հանրագիր Միհրան Հարությունյանի նկատմամբ արդարությունը վերականգնելու պահանջով, որին կարելի է միանալ հետեւյալ հղումով change.org:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում