23:11  ,  20 օգոստոսի, 2016

Հովսեփ Հովսեփյանը՝ Ռիոյից. Բոլորս սպասում ենք, որ Լեւան Բերիանիձեն կապահովի Հայաստանի 5-րդ մեդալը

Մեծ հույսեր ունենք, բոլորս սպասում ենք, որ Լեւան Բերիանիձեն կապահովի Հայաստանի 5-րդ մեդալը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռիոյից ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Հովսեփ Հովսեփյանը:

Ռիո-2016-ում Ռիոյի Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում 125 կգ քաշայինների  Հայաստանի ներկայացուցիչ Լեւան Բերիանիձեն կպայքարի  բրոնզե մեդալի համար:

«Բոլորս բարձր տրամադրությամբ ու անհամբերությամբ սպասում ենք բրոնզի համար գոտեմարտին: Ամեն ինչ ընթացավ այնպես, ինչպես նախատեսել էինք: 1/8 եզրափակիչում  նա գեղեցիկ հաղթանակ տարավ չինացի Չժիվեյ Դենգի նկատմամբ: Հետաքրքիր պայքար ստացվեց քառորդ եզրափակչում, որտեղ գրագետ պայքարով հաղթեց հունգարացուն: Կիսաեզրափակիչում մեր ըմբիշի մրցակիցը թուրք ըմբիշն էր՝ աշխարհի կրկնակի չեմպիոնը: Լեւանը պարտություն կրեց եւ զրկվեց ոսկու համար պայքարից: Բայց դրանից չեն ընկճվում, քանի որ այդպես էլ ենթադրում էինք: Այստեղ Լեւանի ամենաուժեղ մրցակիցը թուրք ըմբիշն էր, ով այս քաշային կարգում աշխարհում ամենաուժեղն է:

Լեւանը իրեն շատ լավ դրսեւորեց գորգի վրա, բոլոր գոտեմարտերում: Հիմա Լեւանը հանգստանում է, տրամադրությունը բարձր է, տրամադրված է  Հայաստանի համար մեդալ նվաճելուն: Հույս ունենք, տա Աստված հաղթանակը մերը լինի: Առաջ չընկնենք, բայց մեդալի հույսը մեծ է»,- ասաց Հովսեփ Հովսեփյանը:

Լեւան Բերիանիձեւի մրցակիցը երրորդ տեղի համար գոտեմարտում դեռ հայտնի չէ: Ընթանում են սփոփիչ գոտեմարտերը: Բրոնզե մեդալի համար գոտեմարտերը մոտ երկու ժամից են:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով