13:30  ,  17 օգոստոսի, 2016

Արթուր Ալեքսանյանի լավագույն նվերը կլիներ՝ իր անվան մարզադպրոցը տեսնել վերանորոգված

Գյումրիի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզադպրոցը, որտեղ մարզվում է Ռիո-2016-ի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, անմխիթար վիճակում է: Մարզադպրոցը 2015-ի հունիսին է անվանակոչվել էր նորընծա օլիմպիական չեմպիոնի անունով, իսկ ցուցապաստառը պատրաստ է եղել օգոստոսի 17-ին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյումրեցի 24-ամյա ըմբիշի պապիկը՝ Վիկտոր Հովհաննիսյանը:

Մարզադպրոցի մարզիչներն ու սաները տպավորված էին Արթուրի ելույթից ու առավոտից շնորհավորում էին միմյանց: Աշխարհի կրկնակի չեմպիոնի պապիկն անդադար շնորհավորական հեռախոսազանգեր էր ստանում, թոռանը ճանապարհել է մարտական ոգով, հիմա էլ գյումրեցուն հատուկ հպարտությամբ սպասում է վերադարձին:

«Ես նրան ուղարկել եմ վստահորեն, որ պետք է չենպիոն դառնա: Երբ սկսվեց առաջին գոտեմարտը, նրա դեմքը դուր չեկավ ինձ, բայց հետո դեմքը փոխվեց ու ամեն բան տեղն ընկավ: Թոռնիկս դարձավ չեմպիոն»,- ասաց Արթուրի պապիկը

Մարզադպրոցը, որտեղ մարզվում է «Սպիտակ արջը», զուրկ է տարրական բոլոր պայմաններից: Տարիներ շարունակ այստեղ մարզվել են սաներ, որոնք դարձել են չեմպիոններ ու բազմիցս լսել են իշխանություններից, որ մարզադպրոցը կվերանորոգվի:

«Մարզադպրոցի վիճակը շատ վատ է: Օրինակ՝ ես ամաչում եմ, որ երեխաները հանդերձարան չունեն: Նրանք հատակին են փոխվում, հետո փոշոտ հագուստով հեռանում: Չի կարելի նման բան՝ հատկապես, որ Հայաստանում այսպիսի մարզադպրոց չկա: Ամեն անգամ խոսք են տալիս, թե Արթուր ջան, մենք քո թիկունքին ենք, բայց թիկունքին կանգնող չկա: Արթուր Ալեքսանյանը այս պայմաններում է մարզվում: Նրա ձեռքերի, ոտքերի հոդացավերն այս խոնավությունից է»,- հավելեց Արթուրի պապիկը:

Մարզադպրոցը չունի անգամ կոմունալ պայմաններ, այստեղ ամեն բան հիշեցնում է խորհրդային տարիները: Մարզիչներն Արթուրի հաղթանակից ցնցված են, սակայն մարզադպրոցի սարսափելի վատ պայմաններին չկարողացան չանդրադառնալ.

«Մենք շատ ենք լսել խոստումներ եւ զզվել ենք արդեն: Այս մարզադպրոցի մասին հիշեն են միայն այն ժաման, երբ տղաները չեմպիոն են դառնում ու մեկ էլ կտեսնես, որ բոլորը կգան, խոստումներ կտան եւ կգնան»,- ասաց մարզիչներից Արթուրը:

Մարզադպրոցի բարեկարգման խոստում մեկ տարի առաջ տվել էր նաեւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ այն պայմանով, որ մարզադպրոցը կանվանափոխեն Արթուր Ալեքսանյանի անունով: Անվանափոխությունը կատարվեց, սակայն մարզադպրոցն այդպես էլ չի վերանորոգվել: Կառավարության ծրագրերում նույնպես ընդգրկած է եղել այս մարզադպրոցի վերանորոգումը, սակայն այն դեռ միայն թղթի վրա է: Մարզիչները հիմա ունեն մեկ ցանկություն՝ անակնկալ մատուցել չեմպիոնին, եւ մինչեւ նրա վերադարձը սկսել մարզադպրոցի վերանորոգումը. դա ամենամեծ նվերը կլիներ «Սպիտակ արջի» համար:

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը դարձավ Հայաստանի պատմության 14-րդ օլիմպիական չեմպիոնը: Ռիո-2016-ում նա պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից եւ, տանելով 4 հաղթանակ, նվաճել էր չեմպիոնի տիտղոսը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում