02:46  ,  17 օգոստոսի, 2016

Արթուր Ալեքսանյանը Հայաստանի 14-րդ օլիմպիական չեմպիոնն է

Գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ոսկե մեդալ նվաճելով Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգում, դարձավ Հայաստանի պատմության 14-րդ օլիմպիական չեմպիոնը:

Մինչեւ այս անկախ Հայաստանն ունեցել էր միայն մեկ օլիմպիական չեմպիոն՝ Արմեն Նազարյանը, որը 1996 թվականին Ատլանտայի Խաղերում ոսկե մեդալ էր նվաճել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում, իսկ 4 տարի անց նույն հաջողությունը կրկնել էր նաեւ Բուլղարիայի դրոշի ներքո:

Հայաստանից օլիմպիական չեմպիոն են դարձել նաեւ՝ հրաձիգ Հրաչյա Պետիկյանը (1992-ին), հունահռոմեական ոճի ըմբիշներ Լեւոն Ջուլֆալակյանը (1988-ին) եւ Մնացական Իսկանդարյանը (1992-ին), ծանրորդներ Յուրի Վարդանյանը (1980-ին), Իսրայել Միլիտոսյանը (1992-ին), Օգսեն Միրզոյանը (1988-ին), բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը (1956-ին), մարմնամարզիկներ Ալբերտ Ազարյանը (1956-ին ու 1960-ին), Հրանտ Շահինյանը (1952-ին), Էդուարդ Ազարյանը (1980-ին), ժամանակակից հնգամարտիկ Իգոր Նովիկովը (1956-ին ու 1964-ին) եւ սկավառակի նետման վարպետ Ֆաինա Մելնիկը (1972-ին):

Ռիո-2016-ում Հայաստանը նվաճել է նաեւ 2 արծաթե մեդալ: 19-ամյա ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն օգոստոսի 15-ին երկրորդ տեղն էր գրավել 105 կգ քաշային կարգում, իսկ հունահռոմեական ոճի 66 կգ քաշային ըմբիշ Միհրան Հարությունյանը եզրափակիչում կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել էր աշխարհի 2014թ. չեմպիոն, սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկին՝ բավարարվելով երկրորդ տեղով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում