02:46 17 օգոստոսի, 2016Գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ոսկե մեդալ նվաճելով Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգում, դարձավ Հայաստանի պատմության 14-րդ օլիմպիական չեմպիոնը:
Մինչեւ այս անկախ Հայաստանն ունեցել էր միայն մեկ օլիմպիական չեմպիոն՝ Արմեն Նազարյանը, որը 1996 թվականին Ատլանտայի Խաղերում ոսկե մեդալ էր նվաճել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում, իսկ 4 տարի անց նույն հաջողությունը կրկնել էր նաեւ Բուլղարիայի դրոշի ներքո:
Հայաստանից օլիմպիական չեմպիոն են դարձել նաեւ՝ հրաձիգ Հրաչյա Պետիկյանը (1992-ին), հունահռոմեական ոճի ըմբիշներ Լեւոն Ջուլֆալակյանը (1988-ին) եւ Մնացական Իսկանդարյանը (1992-ին), ծանրորդներ Յուրի Վարդանյանը (1980-ին), Իսրայել Միլիտոսյանը (1992-ին), Օգսեն Միրզոյանը (1988-ին), բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը (1956-ին), մարմնամարզիկներ Ալբերտ Ազարյանը (1956-ին ու 1960-ին), Հրանտ Շահինյանը (1952-ին), Էդուարդ Ազարյանը (1980-ին), ժամանակակից հնգամարտիկ Իգոր Նովիկովը (1956-ին ու 1964-ին) եւ սկավառակի նետման վարպետ Ֆաինա Մելնիկը (1972-ին):
Ռիո-2016-ում Հայաստանը նվաճել է նաեւ 2 արծաթե մեդալ: 19-ամյա ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն օգոստոսի 15-ին երկրորդ տեղն էր գրավել 105 կգ քաշային կարգում, իսկ հունահռոմեական ոճի 66 կգ քաշային ըմբիշ Միհրան Հարությունյանը եզրափակիչում կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել էր աշխարհի 2014թ. չեմպիոն, սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկին՝ բավարարվելով երկրորդ տեղով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.