19:27  ,  16 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Արթուր Ալեքսանյանը չնկատեց թուրք ըմբիշին եւ նույնպես դուրս եկավ եզրափակիչ

Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգում ապահովեց առնվազն արծաթե մեդալ՝ դուրս գալով եզրափակիչ:

Կիսաեզրափակիչում գյումրեցի ըմբիշը ժամանակից շուտ 9:0 հաշվով պարտության մատնեց թուրք Չենկ Իլդեմին: Գոտեմարտն ավարտվեց առաջին մրցափուլում: 24-ամյա Արթուրը շատ ակտիվ սկսեց գոտեմարտը եւս սկզբնամասում վաստակեց մեկ միավոր: Առաջին մրցափուլի վերջնամասում թուրք ըմբիշին պասիվության համար ծնկած դիրք նստեցրին, ինչը ճակատագրական եղավ նրա համար: Արթուր Ալեքսանյանը վաստակեց եւս 8 միավոր եւ տարավ վստահ հաղթանակ:

Հիշեցնենք, որ նախորդ 2 գոտեմարտերում Ալեքսանյանը 5:2 հաշվով հաղթել էր իտալացի 30-ամյա Դաիգորո Տիմոնչինիին ու 2 րոպե 11 վայրկյանում 8:0 հաշվով առավելության էր հասել ռումինացի Ալին Ցիուրարուի նկատմամբ:

Եզրափակիչում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը կլինի կուբացի Դանիել Յասմանի Կաբրերան, որը քառորդ եզրափակիչում հաղթել է Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի չեմպիոն, իրանցի Ղասեմ Ռեզային, իսկ կիսաեզրափակիչում ուժեղ է գտնվել շվեդ Շտեֆան Շչոենից: Եզրափակիչը Երեւանի ժամանակով 00:30-ից է:

Հիշեցնենք, որ Եվրոպայի նախորդ առաջնության եզրափակիչում Արթուր Ալեքսանյանին հաղթած ռուս Նիկիտա Մելնիկովը չի մասնակցում Ռիո-2016-ին, իսկ 98 կգ քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնում էր Իսլամ Մագոմեդովը, որին քառորդ եզրափակիչում հաղթել էր Չենկ Իլդեմը:

Օգոստոսի 16-ին պայքարի մեջ է մտել նաեւ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը, որը նույնպես նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Մեկնարկային գոտեմարտում Միհրանը 1 րոպե 25 վայրկյանում 9:0 հաշվով հաղթել էր եգիպտացի Ահմեդ Կահկին, իսկ քառորդ եզրափակիչում 2:1 հաշվով ուժեղ էր գտնվել հարավկորեացի Հանսու Ռյուից՝ դուրս գալով կիսաեզրափակիչ: Եզրափակիչի ուղեգրի համար պայքարում էր Միհրան Հարությունյանը 4:1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռասուլ Չունաեւին, իսկ ոսկե մեդալը կվիճարկի աշխարհի 2014թ. չեմպիոն, սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկի հետ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից հանդես են եկել նաեւ Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), որոնք պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը:

Այսպիսով, Ռիո-2016-ում Հայաստանը մեդալների քանակը հասցրեց երեքի: Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր 19-ամյա ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, որը երկրորդ տեղն էր գրավել 105 կգ քաշային կարգում: Անկախ Հայաստանի պատմության մեջ հայ մարզիկները ծանրամարտում առաջին անգամ են նվաճել արծաթե մեդալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում